«Շատ գեղեցիկ գործեր թշնամիների ձեռքը անցան, բայց հայի արվեստը չմեռավ, միշտ կապրի»․ փարիզաբնակ արվեստագետը նպատակ ունի հաստատվել Հայաստանում

«Ինչ որ պատերազմը տեսանք ու ապրեցանք ամեն վայրկյան, հասկացա, որ ինչ արել եմ, ոչ մի կապ չունի իրականության հետ, այսինքն՝ աշխարհի խաղերից դուրս եմ, դրա համար մեկ տարի է, որ ավելի կգծեմ, բայց նկարչության դեռ չանցա, միտքս պղտոր է»,- ասում է փարիզաբնակ արվեստագետ Վաչե Դեմիրճյանը։

Վաչե Դեմիճյանը 50-ից ավելի ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր հատվածներում։ Ստեղծագործում է ֆիգուրներ, բայց՝ ազատ ոճով գծված։ Կորոնավիրուսի բռնկումը, այնուհետև հաջորդած Արցախյան պատերազմը նաև իր ազդեցությունն են թողել նրա արվեստի վրա։

Արվեստագետը կորոնավիրուսի ժամանակ նկարչությունը մի կողմ էր թողել և սկսել էր բանաստեղծություններ գրել։ 

մեթրոն

դիմակով կ՚իջնեմ

գետնին տակը

լռութիւնը սարսափելի է

շուրջս աչքեր կը ծփան

դէմքերը կորսուած են

միայն նայուածքներ մնացած

մարդոց քիթը փակած

գիրքի թերթի կամ հեռաձայնի

իրարմէ հեռու նստած

կամ ալ ոտքի անկիւն մը քաշուած

ձայն-ձուն չկայ

լեզու չունին այլեւս

վիրուսը

փճացուց Փարիզը

առաջ տարբեր լեզուներ կը հնչէին

աշխարհի ամէն երկիրներէն

զբօսաշրջիկները անհետացան

տեղացիներս մնացինք

նոյնիսկ մուրացկանները գացին

երգող նուագող ալ չմնաց

բարձրախօսէն անդադար

կը լսուի նոյն պատգամը

«դիմակը ստիպողական

հեռաւորութիւը յարգեցէք»

երբ կանգ առնէ մեթրոն

զոմպիները կ՚իջնեն ու կ՚ելլեն

կայան առ կայան

կը յառաջանայ մեթրոն

շնչահեղձ եմ

խեղդուած

վերջապէս կը հասնիմ

Օփերայի կայանը

արագ դուրս կ՚ելլեմ

եւ սիկարէթ մը կը վառեմ

վաչէ

13/09/20

սէն-մորիս

չի-շնչահեղձուիս

Վաչե Դեմիրճյանն ասում է, որ կորոնավիրուսի ժամանակ ավելի շատ բառերն օգնեցին, որ նկարագրի իր ապրումները, սակայն պատերազմի վերաբերյալ զգացողությունները բառերով արտահայտել հնարավոր չէ, այժմ մտորում է ցավոտ թեմային անդրադառնալ նկարչության օգնությանը դիմելով:

«Գալիք գործերս այս թեմայի շուրջ պետք է լինեն։ Երիտասարդներ կորսվեցին, շատ տանջանք է անշուշտ, նաև տանջում է, որ վիրավորները մնացին, նրանց ինչպե՞ս պիտի օգնենք։ Կտեսնես երիտասարդը, որ ծնողը շատ ուրախ է, որ եկավ, բայց այն, ինչ տեսավ, տանջանքները և այդ ամենը հաղթահարելը բավական տարիների աշխատանք է: Ես Բեյրութից եմ, Լիբանանից, պատերազմից փախած եմ, այդ ժամանակ 14-15 տարեկան էի, Ֆրանսիա հասա, գրեթե 10-12 տարի ինքս ինձ հետ աշխատանք տարա, որ ռումբերը, պատերազմի ապրած օրերը մոռանամ։

Հիմա պետք է Հայաստանի մեջ, Արցախի մեջ վիրավոր մարդկանց հետ աշխատանք տանել, պետք է ոտքի հանել երիտասարդությանը։

Հիմա նկարչական ծրագրերս այս ամենի շուրջ են։ Այս ամենի մասին եմ խորհում։

Մեր զինվորները պարզ զինվորներ չէին։ Ես պատկերները տեսել եմ, ամեն գրությունները կարդացել եմ, նվագող երիտասարդներ կային, գրաֆիստ, տարբեր ճյուղերի մեջ երիտասարդներ»,- ցավով ասում է արվեստագետը։

Արվեստագետն ընդգծում է, որ այլևս այնպես, ինչպես ստեղծագործում էին, ինչպես ապրում էին, հնարավոր չէ նույն կերպ շարունակել, կորոնավիրուսն ու պատերազմը էականորեն փոխել են շատերի կյանքը:

«Հիմա գալիք սերունդները, որ սկսեն կտավներ անել, շատ ավելի տարբեր կլինի, ես ավելի խիստ պիտի լինեմ ինքս իմ հետ, հիմա չեմ կարող գրել ու գծել, ինչպես անցած տարի էր, կարելի չէ ինձ համար, որովհետև այլևս բան փոխվեց, երիտասարդները կյանքեր կորցրեցին, որ նոր էին աչքերը աշխարհի առջև բացել, շատ-շատ ազդել է այդ իրադարձությունները ոչ միայն ինձ վրա, այլև ամբողջ սփյուռքահայերի վրա»,- նշում է Վաչե Դեմիրճյանը։ 

Վաչեն ասում է, որ պատերազմի ժամանակ էլ, դրանից հետո էլ Ֆրանսիայում շարունակվում է հայերի, թուրքերի և ադրբեջանցիների միջև լարվածությունը, նրա խոսքով՝ եկեղեցիների, դպրոցների առջև Ֆրանսիայի կառավարությունը պահպանություն է սահմանել:

«Բայց ֆիզիկապես չի երևում, այնպես, ինչպես հրեական կազմակերպությունների առջև կտեսնես՝ զենքով ֆրանսիացի զինվոր, դրան չենք հասել, բայց վախը կա»,- նշում է նա։

Արվեստագետն ասում է, որ վերջին մեկ տարվա դժվարին իրադարձությունները հաղթահարելուն օգնում են իր սաները, որոնց նկարչություն է դասավանդում:

«Շաբաթվա մեջ երկու անգամ նկարչական աշխատանքներ կանեմ, փոքրիկների հետ դասեր կվարեմ։ Ինձ համար օդ է, լավ է, մանուկների հետ աշխատանքը հոյակապ բան է, անգին է»,- ասում է արվեստագետը և պատմում, որ երբ պատերազմը սկսվել էր, և երեխաները անհանգիստ հարցեր էին տալիս Արցախի վերաբերյալ, միասին որոշեցին նկար պատրաստել, որը հույս կտար նաև երեխաներին:

«Առաջարկեցի մի բան փորձենք, որ այն փոքրիկներին էլ մի քիչ հույս տա։ Որոշեցինք հազար ու մի գույներով աշխատենք Արցախի նյութի շուրջ, շատ ուրախացան։ Տատիկ-պապիկի արձանը գունազարդեցին նոր ոճով, գույնզգույն, ավելի ճոխ գույներով, պատերազմի հոտը և համը չկա։ Երբ որ նկարը դրեցինք համացանցում, բավական լավ արձագանք ստացավ նաև այնտեղ»։

Դեմիրճյանը վստահ է, որ արվեստը, նկարչությունը մարդուն ապրելու և երազելու հույս են տալիս։

«Երբ որ Շուշիում պատերազմ եղավ, շատ գեղեցիկ պատկերասրահներ թշնամիների ձեռքը անցավ, բայց հայի արվեստը չմեռավ։ Ստեղծագործությունը միշտ կապրի, գրավեցին, շատ գործեր իրենց ձեռքը մնաց, բայց ստեղծագործությունը կշարունակվի և պետք է շարունակվի, որովհետև հակառակ դեպքում կյանքն անիմաստ կլինի»,- ընդգծում է արվեստագետը։

Նա կարծում է, որ հիմա յուրաքանչյուրը ավելի շատ աշխատանք պետք է կատարի՝ պատրաստ լինելու հետագա մարտահրավերներին:

«Հիմա ժամանակը մեզ համար 24 ժամ չէ, մենք պիտի շատ ավելի արագ շարժվենք, գիտենք, որ թշնամին մեր սահմանին է, մենք պետք է պատրաստվենք: Պատերազմը նորից կարող է սկսվել, մենք պետք է շատ աշխատենք, որ պատրաստ լինենք, որ երբ հարձակում լինի, կարողանանք պատասխան տալ իրենց: Ի վերջո, հայության մեջ տեխնոլոգիայի մեջ շատ աշխատող երիտասարդներ կան, ստարտափներ կկազմակերպեն, մենք պետք է այդ գործը առաջ տանենք, որ կարողանանք հանգիստ ապրել, ստեղծագործել»,- նշում է արվեստագետը։

Վաչե Դեմիրճյանի գործերից

Վաչե Դեմիճյանն ասում է, որ իր նպատակն է վերջնական գալ Հայաստան և ապրել հայրենիքում։ Ասում է՝ ցավում է, որ վերջին շրջանում ծանր իրադարձություններ բաժին հասան Հայաստանին, բայց հույս ունի, որ դրական փոփոխություններ կլինեն առաջիկայում:

«Վիրուսի խնդիրը, պատերազմը, նոր կառավարությունը, որ մեջտեղ ելած էր պարոն Փաշինյանի շուրջ, կարող եմ ասել՝ դեմոկրատիայի կառավարություն ունեցանք, որ առանց խարդախության քվեարկվեց: Խարդախություններ կային 30 տարի, մենք հազիվ սկսած էինք ապրել, որ իրավունք ունենք, ազատ դեմոկրատիայի երկրի մեջ ապրելու: Դժբախտաբար, շատ ծանր իրադարձություններ մեջտեղ ընկան, բայց ես վստահ եմ, որ, ինչպես նշվել է, հունիսի 20-ին քվեարկություն պետք է լինի, վստահ եմ, որ մի բան կփոխվի։

Ժողովուրդն այլևս խաբվող ժողովուրդը չէ, աչքերը բացված են, գիտեն՝ ով է, ինչ է, իրենք գիտեն՝ ինչ կուզենք, կուզենք ազատությունը։ Իմ նպատակս այն է, որ վերջնական գամ Հայաստան, իմ երազս դա է: Դուրսը որտեղ ապրես, քո երկիրը չէ, ես 40 տարի Փարիզ կապրեմ, միշտ քեզ օտարի աչքով կնայեն, դա ծանր է։ Շատ մեծ հարստություն է՝ ապրես տեղ մը, որ քո երկիրն է, դրանից ավելի մեծ բան չկա»,- ասում է արվեստագետը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am