«Ահավոր հիասթափված եմ, երբեք չէի պատկերացնի, թե ինչ դժվար է էմիգրանտի կյանքը». «Ալամեզոն» Բլոգ

«Ահավոր հիասթափված եմ, երբեք չէի պատկերացնի, թե ինչ դժվար է էմիգրանտի կյանքը». «Ալամեզոն» Բլոգ
«Ահավոր հիասթափված եմ, երբեք չէի պատկերացնի, թե ինչ դժվար է էմիգրանտի կյանքը». «Ալամեզոն» Բլոգ

Աննայի (անունը փոխված է) մայրն առողջական լուրջ խնդիրներ ունի:

– Ես գիտեի` ինչի՛ համար եմ գալիս ու գիտեի` ո՛ւր եմ գալիս։ Ֆրանսիայի հետ կապված բացարձակ նպատակներ չունեի, երբեք չեմ երազել Հայաստանից դուրս ապրել,- անկեղծացավ Աննան: – Ինձ պետք էր ծնողիս տեղավորել և իմանալ, որ նրան կբուժեն… Բժիշկներն ասում են` բուժում չկա, իսկ ոստիկաններն ինձ բռնել էին, անձնագիրս վերցրել են, չեն տալիս, որ Հայաստան վերադառնամ: Ինչի՞ չեն տալիս, մի բան արեք, էլի,- հուզմունքը չկարողացավ զսպել Աննան…

Աննան Ֆրանսիա է եկել անցյալ տարի, հեռավոր ազգականների մոտ, որպեսզի երկրից ապաստան խնդրի։ Սակայն վերջին տարիների փոխված օրենքը Ֆրանսիայի իշխանություններին թույլ է տվել չընդունել նրանց և որևէ կարգավիճակ չտալ: Քանի որ ունեն Իտալիայի վիզա, ապա պիտի վերադառնա Իտալիա ՝ ապաստանի համար դիմելու:

– Ահավոր հիասթափված եմ, երբեք չէի պատկերացնի, թե ինչ դժվար է էմիգրանտի կյանքը. լեզու չգիտես, օրենք չգիտես, անգամ վրաերթի ենթարկվեցի և միայն առաջին օգնություն ստացա,- բողոքեց Աննան: 

– Իհարկե արդեն ուշ է, Աննա՛ ջան, բայց դու շատ հանգիստ կարող էիր բողոք ներկայացնել վարորդի դեմ: 

– Ախր, արդարություն չկա, իրենք ինձ անպայման ցանկանում են Իտալիա ուղարկել, փաստաթուղթ չկա, ինձ փողոցում բռնեցին ոստիկանները… ինչի՞, ի՞նչ էի արել: 

– Աննա՛ ջան,- հանգստացնում եմ նրան,- եթե նրանք էդ ուզեին, ապա դատավորի որոշմամբ քեզ ազատ չէին արձակի, այլ միանգամից Իտալիա կուղարկեին։ Էսպիսի երկիր է, միշտ էլ մի հնարավորություն տալիս են։ Հեչ չսիրեցի՞ր Ֆրանսիան, Աննա ջան,- հետքրքրվում եմ ես,- եթե փաստաթուղթ էլ ունենայիր, չէի՞ր մնա: 

– Չէ՛, երբե՛ք,վստահաբա՛ր, Հայաստանում են մնացել հայրս, եղբայրս, մեր տունը, աշխատանքս… ինձ համար իմ 50 հազար դրամն ավելի լավ է, քան իրանց 1000 եվրոն, ուղղակի մայրս, մորս բուժեին, էլի…

– Հիվանդություններ կան, որ անբուժելի են, ուզում ես` տասը երկիր գնա…

Աննայի մեջ ինձ հիշեցի 6 տարի առաջ. ինձ էլ պետք չէր Եվրոպան, բայց ես Հայաստանից էլ կառչած չէի.  մարդիկ հո ծա՞ռ չեն, չեն կարող խոր արմատներ գցել… 

Աննայի մեջ տեսա այլ ճշմարտություն ևս. խիզախություն է պետք երկիրը լքելու համար, կրկնակի խիզախություն է պետք ՝ լքած երկիր վերադառնալու համար:

Երկու օր է`ահազանգում եմ ժանդարմերիա, ոստիկանություն, պրեֆեկտուրա, որպեսզի վերադարձնեմ բաղձալի անձնագիրը, բայց ապարդյուն։

Մայրն այսօր ասեց.

– Նամակ գրենք Հրանուշ Հակոբյանին…

… Փաստորեն նրա գոյությանն ու գործին հավատացող էլ կա:

Անավարտ եմ թողնում Աննայի պատմությունը, սրտատրոփ սպասում հյուպատոսարանի զանգին, նույնքան սրտատրոփ, որքան Աննան է այս մեկ շաբաթը քնում ՝ հաջորդ օրը բաղձալի Հայաստանում հայտնվելու հույսով…

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab.am