Տուրիզմ՝ բոնուս կորոնավիրուսի դեմ պատվաստում. բուժաշխատողների պնդմամբ՝ այցելուների գերակշիռ մասն այլազգիներ են՝ «անվերջ հերթեր են». Տեսանյութ

Երևանի պոլիկլինիկաներից մեկում «Իմունոլոգիայի կաբինետ» գրառմամբ դռան դիմաց հերթ է. մարդիկ մոտենում են, հարցնում՝ ով է վերջը ու կանգնում սպասում պատվաստման իրենց հերթին:

Հերթի մեջ օտարերկրացիները շատ են. նրանք կամ հայաստանցի ուղեկից ունեն, կամ կոտրված անգլերենով հարցեր են տալիս, կամ պատասխանում հարցերին՝ եկել են Իրանից պատվաստվելու համար: 

Պատվաստումն իրականացնող բժշկուհին ասում է՝ ձեռքը թուլացել է ու բացատրում՝ ինչու. 

«Էս ի՞նչ ա, դուք երեկվա հերթը պետք ա տեսնեիք, անվերջ հերթեր են. 80-ից ավելի պատվաստում եմ արել, գերակշռող մասն այլազգիներ են, կամ հնդիկ են, կամ իրանցի կամ ուրիշ ազգության»:

Առանձին բուժաշխատողների ներկայացմամբ՝ շատ երկրներում պատվաստումները վճարովի են, և հերթագրումները շատ, ու որպեսզի ամիսներով չսպասեն իրենց հերթին, գալիս են Հայաստան ու պատվաստվում: Հայաստանում պատվաստանյութերի մի մասը ձեռք է բերվել պետական բյուջեի միջոցներով, իսկ մյուս մասն էլ նվիրաբերություն է:

Օրվա ակնթարթը. Հյուսիսային պողոտա, COVID-19-ի դեմ պատվաստումների շրջիկ կետ: Պատվաստվողների մեծամասնությունը օտարեկրացի զբոսաշջրիկներն են:

Օրվա ակնթարթը. Հյուսիսային պողոտա, Երեւան: COVID-19-ի դեմ պատվաստումների շրջիկ կետ: Պատվաստվողների մեծամասնությունը օտարեկրացի զբոսաշրջիկներն են:

Posted by MediaLab- Newsroom Laboratory on Thursday, May 13, 2021

Առողջապահության նախարարությունից «Մեդիալաբին» հայտնեցին, որ առանձին հաշվառում չի իրականացվում, թե պատվաստված 10 հազարից ավելի անձանց մեջ քանիսն են օտարերկրացիներ, քանիսը՝ հայաստանցիներ: 

«Պատվաստումներն իրականացվում են բոլոր պոլիկլինիկաներում կամավոր հիմունքներով՝ ով ցանկանում է, կարող է պատվաստվել»,- «Մեդիալաբին» ասում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Պատվաստանյութերը քաղաքացիներին մոտեցնելու ու պատվաստման գործընթացը հասանելի դարձնելու համար Երևանի, ինչպես նաև մարզային քաղաքների բանուկ հատվածներում շտապօգնության մեքենաներում շրջիկ պատվաստումներ են արվում: Սակայն, ինչպես և սպասելի էր, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի դեմ ծավալված մանիպուլյատիվ լուրերի, հակաքարոզչության մթնոլորտում հայաստանցիների մեծ մասը չի շտապում պատվաստվել։

ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը «Մեդիալաբին» ասում է՝ ծանոթ չէ վիճակագրական տվյալների, բայց գործընկերների հետ զրույցներից պարզել է՝ օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում ավելի շատ են պատվաստվում, քան ՀՀ քաղաքացիները:

«Մեր հասարակության մի մեծ խումբ գնում է ապատեղեկատվության, հակապատվաստումային արշավի հետևից և համառորեն չի գնում պատվաստման»,- ասում է մասնագետը՝ ընդգծելով, որ այս պահին պատվաստված լինելը փրկություն է մահաբեր վարակից:

Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով՝ հատկապես ցավալի է, որ որոշ բժիշկներ են հայտարարում, որ չեն պատվաստվելու կորոնավիրուսի դեմ: 

«Ցավում եմ, որ մեր շարքերից եմ լսում նման հայտարարություններ, մտահոգություններ: Ասում են՝ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ հետագայում, և նախընտրում են հիվանդանալ, քան պատվաստվել: Բայց մենք վերապատրաստումների ու քննարկումների միջոցով փորձում ենք նրանց ներկայացնել համաշխարհային փորձը, ասել, որ մտահոգության կարիք չկա: Եվ պետք է ասեմ, որ մեր ներգործությունը տեղ-տեղ արդյունք ունենում է»,- նշում է մասնագետը:

Ընդ որում, ըստ Մերի Տեր-Ստեփանյանի՝ պատվաստումների նկատմամբ նման վերաբերմունք ունեն ստացիոնար բաժինների բուժանձնակազմերը, որոնք շատ հեռու են պատվաստումային գործընթացից. «Պատկերացրեք՝ առաջնային օղակի բժիշկներն ավելի հեշտ են անցնում այդ պրոցեսը, քան ստացիոնար, հիվանդանոցային բուժանձնակազմը»:

Նա ասում է, որ Հայաստանում կանխարգելիչ բժշկության զարգացման համար շատ քայլեր պետք է արվեն, և այդ առումով թերություններ կան ոլորտում: 

«Պետք է երկրում շեշտը դնել կանխարգելիչ բժշկության զարգացման վրա: Ճիշտ է, սա շատ հարուստ երկրների փորձն է, առավելությունն է, բայց քաղաքակրթությունը տանում է ավելի շատ դեպի կանխարգելիչ բժշկություն»,- ընդգծում է Տեր-Ստեփանյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am