Տաք գինի, տոնական հրաշք, բազմերանգ տրամադրություն. Ստրասբուրգ՝ Ամանորի մայրաքաղաքը. «Ալամեզոն» Բլոգ

Տաք գինի, տոնական հրաշք, բազմերանգ տրամադրություն. Ստրասբուրգ՝ Ամանորի մայրաքաղաքը. «Ալամեզոն» Բլոգ
Տաք գինի, տոնական հրաշք, բազմերանգ տրամադրություն. Ստրասբուրգ՝ Ամանորի մայրաքաղաքը. «Ալամեզոն» Բլոգ

Այսօր գրեթե բոլոր եվրոպական քաղաքներում և անգամ Եվրոպայից դուրս կան Սուրբ Ծննդյան տոնավաճառներ, բայց քչերը գիտեն, որ առաջին նման տոնավաճառները եղել են հենց Ստրասբուրգում, և սա դեռ՝ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում։

Այն ժամանակ դրանք կոչվել են Սուրբ Նեկոլայի պատվին Klausenmärik, իսկ 1570 թվականից վերանվանվեցին Christkindelmärik՝ Մանուկ Հիսուսի տոնավաճառ։

Նպատակը երեխաների համար Սուրբ Ծննդյան նվերներ վաճառելն էր։ Եվ արդեն քանի-քանի դարեր էլզասցիները սիրով և հպարտությամբ պահպանում են այդ տոնավաճառներում ամանորյա հեքիաթի շունչը։

 

Իսկ գիտեի՞ք, որ հենց Էլզասում են առաջին անգամ սկսել ծառը Ամանորին զարդարելու ավանդույթը։

 

1521 թվականին հատուկ եկեղեցական օրենքով փայտահատներին թույլատրվեց որոշակի քանակությամբ ծառեր կտրել՝ զարդարելու համար։

 

Սկզբում դրանք զարդարվում էին խնձորներով, էլզասյան թխվածքաբլիթներով, վարդերով։ Սակայն 19-րդ դարի կեսերին երաշտ եղավ, և Մեզենտալի ապակեգործները որոշեցին պատրաստել բյուրեղյա գնդեր՝ նմանեցնելով խնձորին։

 

Այդպես սկսվեց ծառը ապակյա խաղալիքներով զարդարելու ավանդույթը։ 1870 թվականի պատերազմը Էլզասից արտագաղթի մեծ ալիք տվեց, և էլզասցիներն իրենց հետ տարան և աշխարհով մեկ տարածեցին այս հրաշալի ավանդույթը։

 

Համաձայնեք՝ ձմեռն անասելի տխուր կլիներ առանց տոների։ Երեկ ես քայլում էի Ստրասբուրգի տոնավաճառում և երջանկությունից շնչահեղձ լինում։ Այնքան սեր ու ջերմություն կային այդ սառնամանիքին։

 

Տաղավարները լի էին բազմապիսի նվերներով, սեղանները ծանրացած էին տոնական ուտեստներից, իսկ քաղաքի զարդարանքը Գրիմմ եղբայրների հեքիաթներից էր դուրս թռել իրականություն։Զբոսաշրջիկների տեղ ու դադար չկար, բոլորը խմում էին տաթ գինի։


Այս խմիչքն այնքան տարածված է, որ նույնիսկ վաճառողներն իրենց ուսերին էին կրում։ Գլխավոր հրապարակում տոնածառն է՝ ամբողջական եղևնի, իսկ շուրջը՝ ամենակենտրոնական մասում, բարեգործական տաղավարներ։

 

Չնայած ամեն ճոխությանը, բյուջեն ավելին քան խնայողական է, փոխարենը՝ ոստիկանական հսկողությունը ամենուր է, բոլորը հասկանում են սա և հարգում ոստիկանի աշխատանքը:

Նկատեցի տաղավարներ, որտեղ վաճառողները ոստիկաններից գումար չէին վերցնում բլիթների համար: Մի հուզիչ տեսարանի ականատես եղա, ինչպես փոքրիկ տղան մոտեցավ մի ոստիկանի և հարցրեց.

 

– Պարո՛ն ոստիկան, ես Ձմեռ պապին եմ փնտրում, կարո՞ղ եք օգնել:

Եվ ոստիկանը ամենայն լրջությամբ սկսեց բացատրել… 

Բարի և հիշարժան տոներ մեզ բոլորիս, սիրելինե՛ր…

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog