Վտանգավոր լուծումնե՞ր. հակասական կարծիքներ Աստանայում ընդունված համատեղ հայտարարության շուրջ

Վտանգավոր լուծումնե՞ր. հակասական կարծիքներ Աստանայում ընդունված համատեղ հայտարարության շուրջ
Վտանգավոր լուծումնե՞ր. հակասական կարծիքներ Աստանայում ընդունված համատեղ հայտարարության շուրջ

Թեև դեկտեմբերի 1-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած ԵԱՀԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև նախատեսված հանդիպումը չի կայացել, այդուհանդերձ ԼՂ հարցի կապակցությամբ ընդունված համատեղ հայտարարությունը Հայաստանում արդեն իսկ դարձել է ակտիվ քննարկումների առարկա:
Որոշ վերլուծաբաներ համոզված են, որ հայտարարությունը նպաստավոր է Հայաստանի համար, ոմանք էլ կարծում են, որ այն լրջագույն վտանգներ է պարունակում:
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ ընդունված հայտարարությունը հանգրվանային նշանակություն կարող է ունենալ, քանի որ «Աստանայում տեղի ունեցավ այն, ինչ սպասվում էր՝ համանախագահող երկրների ներկայացուցիչներն ընդունեցին փաստաթուղթ, որն արդյունք է Մինսկի խմբի երկարատև աշխատանքի»:

Սաֆրաստյանն ասել է, թե ընդունված փաստաթուղթը հանգրվանային նշանակություն ունի իր մեջ ներառող մի քանի կարևոր կետերի պատճառով. նախ` կարևոր է, որ Աստանայում ընդունված փաստաթղթում խնդրի կարգավորման համար որևէ սկզբունքին գերակայություն չի տրվում, «մինչդեռ հայտնի է, որ Ադրբեջանը ցանկանում է աշխարհի առջև կարևորել տարածքային ամբողջականության սկզբունքը միայն»։

Ռուբեն Սաֆրաստյանը նշել է, որ կարևոր է նաև այն, որ ԼՂ հակամարտության խնդրի վերաբերյալ առանձին փաստաթուղթ է ընդունվել։

«Ըստ էության, այս նոր փաստաթուղթը փաստում է այն, որ խնդրի խաղաղ կարգավորումը երկընտրանք չունի»,- ասել է Սաֆրաստյանը։

Գագաթնաժողովի հենց ամենասկզբում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները (ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը), Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համատեղ հայտարարություն են ընդունել, որտեղ համաձայնության են եկել, որ ժամանակն է վճռական ջանքեր գործադրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:

Այդ համատեքստում նրանք վկայակոչել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` ՌԴ նախագահի հետ համատեղ ընդունված հայտարարությունները 2008 թվականի նոյեմբերի 2-ին Մոսկվայում և 2010-ի հոկտեմբերի 27-ին` Աստրախանում:

Կողմերը նաև վերահաստատել են իրենց հավատարմությունը` ԼՂ հիմնախնդրի վերջնական կարգավորմանը հասնելու հարցում` հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի, ինչպես նաև նախագահներ Մեդվեդևի, Սարկոզիի և Օբամայի` 2009-ի հուլիսի 10-ին Աքվիլայում և 2010-ի հուլիսի 26-ին Մուսկոկայում (Կանադա) արված հայտարարությունների վրա:

«Միջնորդ պետությունների ղեկավարները կոչ են անում ՀՀ-ին ու Ադրբեջանին շարունակելու ջանքերը և դուրս գալու գործնական քայլերի գործընթացի կարգավորման հարցում: Սա երբևէ ՀՀ-ի ու Ադրբեջանի հասցեին հնչած ամենահետևողական հորդորն է: Այն կրկնում է մինչ այս եղած մոտեցումներն ու կարծիքները, բխում է Մոսկվայի հռչակագրից, Պետերբուրգի նորացված սկզբունքներից»,- ասել է իշխանական կոալիցիայի անդամ, ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Սաֆարյանը:

Նա նաև կարևորել է այն փաստը, որ փաստաթղթում ամրագրված է ռազմական ուժի չկիրառման սկզբունքը: Սաֆարյանն ասել է, թե մնում է միայն, որ Ադրբեջանը չխախտի սկզբունքները և հայտարարությունն այլ կերպ չներկայացնի:

Սակայն ՀՀ ԱԳՆ մամլո նախկին խոսնակ, ընդդիմադիր ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը այնուամենայնիվ համոզված է, որ հայտարարությունն առնվազն երեք վտանգավոր կետեր է պարունակում:

«Նախ` Սերժ Սարգսյանն առաջին անգամ հավանություն է տալիս հունիսի 26-ի Կանադայից արված երեք նախագահների հայտարարությանը, որտեղ առաջին անգամ համանախագահ երկրների ղեկավարներն օգտագործել են օկուպացված տարածքներ եզրը` նշելով, թե ԼՂ վերահսկողության տակ գտնվող օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Կարապետյանը:

Երկրորդ վտանգավոր կետը, ըստ նրա, այն է, որ հայտարարության մեջ հղում է արվում Աստրախանի հռչակագրին:

«Դա Ադրբեջանի երկարատև պայքարի գագաթնակետն է, որպեսզի Հայաստանը ներկայացվի որպես հակամարտող կողմ: Հիշեցնեմ, որ Աստրախանի փաստաթղթում կետ կա այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնում են  ռազմագերիների փոխանակում կատարել: Իսկ ռազմագերիներ կարող են ունենալ միայն այն պետությունները, որոնք գտնվում են ռազմական հակամարտության մեջ: Մենք ավելի քան տասնհինգ տարի կարողացել ենք մեզ հեռու պահել այդ կոնֆլիկտից, բայց այս փաստաթղթով Սերժ Սարգսյանը հաստատեց Ադրբեջանի մեղադրանքները»,- ասում է Կարապետյանը:

Երրորդ վտանգավոր կետը, ըստ Կարապետյանի, հղումն է Մայնդորֆյան հռչակագրին, որտեղ կետ կա այն մասին, որ կողմերը պարտավորվում են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում հաշվի առնել միջազգային կազմակերպությունների ընդունած փաստաթղթերը:

«Այն ժամանակ Մայնդորֆյան հռչակագրի այդ դրույթն այդքան վտանգավոր չէր, քանի որ դեռ համանախագահները չէին օգտագործել «օկուպացված տարածքներ» եզրը, չկար ՆԱՏՕ-ի հռչակագրի հայտնի դրույթը կամ Կասպյան երկրների հռչակագիրը: Մինչդեռ հիմա հղում կատարելով այդ Մայնդորֆյան շատ վտանգավոր հռչակագրին` Ադրբեջանը կրկին լրջագույն հաղթանակ է տոնում` այդ միջազգային փաստաթղթերն իր նպատակների համար օգտագործելու հարցում»,- համոզված է ընդդիմադիր գործիչը:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am