«Խաղաղության հաստատումը հնարավոր է, եթե կատարենք թուրք-ադրբեջանական պահանջները, իսկ դա կլինի Հայաստանի կործանումը». Բենիամին Պողոսյան

Լուսանկարը՝ «Սիվիլնեթ»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը

Պարո՛ն Պողոսյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարը: Խովաևի այցն Ադրբեջան ինչպե՞ս եք գնահատում, ու, ընդհանուր առմամբ, այս երկու երկրների միջև ինչպիսի՞ հարաբերություններ են:

– Նոր համանախագահի այցից առանձնապես չպետք է սպասելիքներ ունենալ, քանի որ Մինսկի խումբը հիմա դե ֆակտո սառեցված վիճակում է, և որևէ հստակ քայլեր չեն արվում այդ վիճակից դուրս գալու համար:

Ադրբեջանը Մինսկի խումբ բանակցությունների չի գա Արցախի հակամարտության խնդրի կարգավորման համար, քանի որ հստակ հայտարարել է, որ խնդիրը լուծված է, հակամարտություն չկա, հետևաբար չի կարող լինել կարգավիճակի հարց:

Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները որևէ կերպ բավարար չեն, որպեսզի Ադրբեջանն իր դիրքորոշումը փոխի: Իմ գնահատմամբ՝ բավականաչափ հեռու ենք Մինսկի խմբի շրջանակներում կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսումից:

Քանի Հայաստանի Հանրապետության կառավարությունը ևս, Մինսկի խմբի համանախագահների նման ընդամենը հայտարարում է, որ բանակցությունները պետք է վերսկսվեն, մենք բանակցություններ չենք ունենա:

Ի՞նչ պետք է անի Հայաստանի Հանրապետության իշխանությունը, որպեսզի բանակցությունները վերսկսվեն:

– Նախ՝ պետք է ուղերձներ հղեր, որ իր համար դեռևս գոյություն ունի Արցախի խնդիր, բայց երբ նայում ես կառավարության հնգամյա ծրագրի՝ Արցախին վերաբերող բաժինը, պարզ է դառնում, որ Հայաստանի համար ևս, դե ֆակտո, արցախյան հիմնախնդիր գոյություն չունի:

Այսինքն՝ կա Արցախ այն իմաստով, որ այնտեղ ապրում են մարդիկ, որոնց սոցիալ-տնտեսական կարիքները պետք է հոգալ, ինչն էլ առայժմ անում են, բայց՝ որպես հակամարտություն, այսինքն՝ խնդիր, որը պետք է լուծվի, մեր կառավարության ծրագրում գոյություն չունի:

Հետևաբար, եթե ՀՀ-ն իր գործողություններով ուղերձներ է հղում միջազգային հանրությանը, որ իր համար կա Արցախ՝ միայն որպես սոցիալական խնդիրներով, ապա հասկանալի է, որ միջազգային հանրությունը մեր փոխարեն քայլեր չի անելու:

 – Պարո՛ն Պողոսյան, փորձագիտական շրջանակներում կա տեսակետ, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում լարում կա: Դուք ի՞նչ կարծիքի եք:

– Միանշանակ գնահատական տալը դժվար է, պետք է փաստերին հիմնվել: Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատը, իսկ Ռուսաստանը ցանկանում է, որ այն ստորագրվի, որովհետև առանց մանդատի խաղաղապահների տեղակայումը խնդրահարույց է, քանի որ այն կարող է օգտագործվել ռուսների դեմ ինչ-ինչ գործընթացներ սկսելու համար:

Իսկ այդ գործընթացների մեկնարկը ռուսների համար ցանկալի չէ: Այսինքն՝ առնվազն մեկ հարց կա, որտեղ Ադրբեջանը չի կատարում այն, ինչ ցանկանում է Ռուսաստանը: Չեմ բացառում նաև, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը հիմա բանակցում են երկկողմ պայմանավորվածությունների շուրջ, որպեսզի կարողանան 2025 թվականից հետո ռուս խաղաղապահների տեղակայումը Արցախում ֆիքսեն ոչ թե եռակողմ, այլ՝ երկկողմ պայմանավորվածությամբ:

Արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է դրան, դժվար է ասել, ցանկանում է, որ իր տարածքում տեղակայվեն ռուսական զորքեր, իր տարածքում, քանի որ եթե Ռուսաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը, նշանակում է, որ նա ևս ընդունում է, որ այժմ իր զորքերը կանգնած են Ադրբեջանում: Այստեղ կա նաև Թուրքիայի գործոնը, որովհետև Թուրքիան հակված չէ, որ ռուսական զորքը երկար ժամանակով տեղակայվի Ադրբեջանում:

– Իսկ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն այս փուլում ինչպե՞ս եք գնահատում:

– Մենք ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանը պարզ հայտարարում է, որ իր սահմանների պաշտպանությունը հանձնում է Ռուսաստանին, իսկ մյուս կողմից էլ, կրկնում եմ, երբ նայում ենք կառավարության ծրագիրը, ակնհայտ է, որ իրենց համար արցախյան հիմնախնդիր գոյություն չունի:

Երկու փաստն էլ, չեմ կարծում, թե ռուսների շահերին դեմ է, որովհետև, չեմ կարծում, թե 2025 թվականից հետո ռուսները կցանկանան, որ Արցախում մնան եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում: Մյուս կողմից էլ՝ պարզ չէ, թե ինչպես է Ռուսաստանը նայում Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարին:

Մի կողմից կողմ են հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, քանի որ դա հնարավորություն կտա իրենց Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում և Արցախում մեծացնել՝ ռազմական իմաստով, մյուս կողմից էլ՝ մի՞թե Ռուսաստանը չի մտածում, եթե տնտեսական հարաբերություններ հաստատվեն, և Հայաստանի կառավարությունն էլ հայտարարի, որ Արցախի հակամարտության խնդիր չկա, արդյոք սա չի՞ բերի նրան, որ նույն Թուրքիայի ու Արևմուտքի ջանքերով իր խաղաղապահ ուժերը դուրս կբերվեն Արցախից:

Եվ երկրորդ՝ ի՞նչ են անում ռուսական ուժերը Հայաստանում, որովհետև եթե հարաբերությունները կարգավորվում են, կարևոր չէ՝ ինչ գնով, ապա ի՞նչ կարիք կա օտար ուժերի կողմից սահմանի պաշտպանության, եթե Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման են գնում:

Դժվար է ասել, թե Ռուսաստանն այս մասով ի՞նչ է մտածում, բայց ակնհայտ է՝ նրանք շատ լավ գիտակցում են, որ այսօր Հայաստանը ռուսական ներկայությունը իր տարածքում ընդլայնում է՝ այլընտրանք չունենալու պատճառով:

– Պարո՛ն Պողոսյան, իշխանությունն անընդհատ խոսում է տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու մասին, բայց հայտնի չէ, թե ի՛նչ եղանակով է դա կյանքի կոչվելու: Դուք պատկերացում ունե՞ք, թե ինչ գնով է հաստատվելու այդ խաղաղությունը, կամ արդյոք հնարավո՞ր է այս պայմաններում խոսել խաղաղությունից:

– Խորհուրդ կտայի գոնե օգտագործեին Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու թեզը, որովհետև տարածաշրջանը ամենափոքր ձևակերպմամբ՝ Հարավային Կովկասն է, որտեղ կա նաև Վրաստան, որտեղ էլ կա երկու հակամարտություն՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի, առկա է հակամարտություն Ռուսաստանի ու Վրաստանի միջև:

Չեմ կարծում, թե Հայաստանն ունի այս հակամարտության լուծման բանալին, որը պատրաստվում է առաջարկել հակամարտող կողմերին: Հետևաբար «տարածաշրջան» բառն օգտագործելը սխալ է:

Իսկ որքանո՞վ է հնարավոր Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատումը: Թուրքիան ու Ադրբեջանը մի քանի պահանջներ ունեն Հայաստանից ու ամենագլխավոր պահանջը՝ Արցախի հարցի փակումն էր, ինչին իրենք հասել են, քանի որ Հայաստանի կառավարության ծրագրում Արցախի հարցի կարգավորման մասին խոսք չկա:

Երկրորդ պահանջը՝ Սյունիքի մարզի տարածքով, Ադրբեջանից Նախիջևան երկաթուղու և ավտոմոբիլային ճանապարհների տրամադրումն է, ինչի իրականացմանը, կարծես թե Հայաստանի կառավարությունը հակված է:

Այսինքն՝ Թուրքիայի և Ադրբեջանի տեսանկյունից խաղաղություն հնարավոր է, եթե մենք հերթով կատարենք իրենց բոլոր պահանջները: Սակայն այդ խաղաղությունը Հայաստանի համար կլինի կործանում, որովհետև Արցախը կորցնելուց հետո կկանգնենք նաև Սյունիքը կորցնելու վտանգի առաջ: Կարճ ձևակերպմամբ՝ այո՛, խաղաղություն հնարավոր է, եթե մենք ընդունում ենք Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am