«Ամեն օր 20-30 զգուշացնող նամակ եմ ստանում` նույն տարածքում COVID վարակակիրների մասին»․ Հասմիկը Սեուլից՝ սահմանափակումների մասին

Հարավային Կորեայի քաղաքամայր Սեուլում բնակվող Հասմիկ Նիկողոսյանն ասում է, որ կորոնավիրուսային համավարակի պայմաններում փողոցներում ժամը 18.00-ից հետո միասին զբոսնողների թիվը չպետք գերազանցի 4-ը։

24-ամյա Հասմիկը Սեուլ է տեղափոխվել 3 տարի առաջ, սովորում է տեղի համալսարաններից մեկում և աշխատում Կորեայի զբոսաշրջային գործակալությունում՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ։

Հասմիկի խոսքով՝ Հարավային Կորեայում երկու շաբաթը մեկ սկսում են գործել նոր սահմանափակումներ։

«Վերջերս սկսեց գործել ժամը 18.00-ից հետո սահմանափակ թվով, ամենաշատը՝ 4 հոգով զբոսնելու մասին օրենքը։ Ընդ որում, անգամ սեփական տանը չի կարելի 4-ից ավելի հյուր ընդունել, իսկ ռեստորաններում և սրճարաններում չի թույլատրվում 4-ից ավելի անձանց համար տեղ ամրագրել»,- «Մեդիալաբին» պատմում է Հասմիկը և հավելում, որ մի քանի զգուշացումներից հետո մարդիկ կարող են նաև տուգանվել։ 

«Ցանկացած վայր մուտք գործելու համար պարտադիր է կրել դիմակ։ Առանց դիմակի Կորեայում միայն սնվող մարդիկ են։ Եթե, օրինակ՝ սրճարանում արդեն ճաշել ես, ապա առանց դիմակի չես կարող զրուցել մեկի հետ, պարտադիր զգուշացնում են դնել դիմակը, հետո շարունակել զրույցը»։

Հասմիկն ասում է, որ անգամ բաց տարածքում քայլելիս դիմակ կրելը պարտադիր է, և սովորաբար իրենք շատ են դիմակ գնում, որ ամեն անգամ տնից դուրս գալիս նորն ունենան։ Նրա խոսքով՝ նոր դիմակն անհրաժեշտություն է հատկապես մետրոյով որևէ տեղ գնալիս, որովհետև այնտեղ ամեն օր միլիոնավոր մարդիկ են շարժվում, իսկ հին դիմակ կրելն արդեն արդյունավետ չէ և չի կարող պաշտպանել հնարավոր վտանգներից։

«Կորեայում խստորեն վերահսկվում է նաև 2 մետր սոցիալական հեռավորության պահպանումը։ Անգամ մոլերի շարժասանդուղքներին մարդիկ պետք է սոցիալական հեռավորություն պահպանեն։ Հատուկ մարդիկ կան, որոնք հետևում են, որ մարդիկ շարժասանդուղքների վրա այդ հեռավորությունը պահպանեն։ Նրանք ստուգում են, որ առջևից բարձրացողի ու նոր բարձրացողի միջև 2 մետր հեռավորություն լինի, հակառակ դեպքում թույլ չեն տալիս բարձրանալ»,- նշում է Հասմիկը։

Դիմակներից և այլ պաշտպանիչ գործողություններից բացի ինչ-որ տեղ մտնելիս կարևորվում է նաև QR կոդի առկայությունը, իսկ դրա բացակայության դեպքում մարդիկ մատյանում գրանցում են իրենց հեռախոսահամարն ու բնակության հասցեն:

«Ինչ-որ տեղ մուտք գործելիս օգտագործվում է Cacao talk ծրագրում եղած QR կոդը։ Հատուկ սարք կա, որը կարդում է կոդը և ավտոմատ գրանցում տվյալները։ Դա արվում է այն պատճառով, որ եթե, օրինակ՝ նույն տարածքում և նույն ժամանակ քեզ հետ գտնվի վարակակիր մեկը, նրանք կարողանան հետո քեզ տեղյակ պահել, որ դու թեստավորվես և անհրաժեշտության դեպքում՝ նաև ինքնամեկուսանաս»,- ասում է Հասմիկը և հավելում, որ ինքն ամեն օր 20-30 զգուշացնող նամակ է ստանում։

«Օրինակ՝ ինձ գալիս է նամակ, որ իմ մոտակա թաղամասում գտնվող այսինչ սրճարանում, այսինչ ժամին ու այսինչ տեղում վարակակիր է եղել։ Ընդ որում՝ երբ Սեուլից դուրս եմ գալիս և այլ քաղաք տեղափոխվում, արդեն տվյալ քաղաքի և դրա մոտակա կորոնավիրուսային անցուդարձից եմ հաղորդագրություններ ստանում»։ 

Չնայած կազմակերպվող բոլոր հակահամաճարակային միջոցառումներին՝ Հարավային Կորեայում, այնուամենայնիվ, նկատվում է վարակակիրների թվի աճ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 1-ի դրությամբ Հարավային Կորեայում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 253.445 դեպք, 2292-ը՝ մահվան ելքով։ Ըստ ԱՀԿ-ի՝ սեպտեմբերի 1-ին Հարավային Կորեայում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2024 նոր դեպք, որոնցից 7-ը՝ մահվան ելքով։

Այս ցուցանիշները կանխելու և վիրուսին ընդմիշտ հրաժեշտ տալու համար մարդիկ Կորեայում շատ հաճախ են թեստավորվում (թեստավորումն անվճար է) և նաև պատվաստվում են։

«Արտահերթ պատվաստվել են զինվորականները և նրանց ընտանիքները, իսկ հետո պատվաստվող մնացած մարդկանց տարբեր տարիքային խմբերի էին բաժանել։ Առաջինը պիտի պատվաստվեին 70-ից բարձր տարիքային խմբի անձինք, հետո՝ 60-50, 49-18 և դրանից ցածր գտնվող անձինք։

Կորեայի բնակչության մեծ մասը պատվաստանյութի առաջին դեղաչափն արդեն ստացել է կամ գրանցվել է ստանալու։ Նախատեսվում է, որ պատվաստվելու երկրորդ փուլը կլինի հոկտեմբերին»,- ասում է Հասմիկն ու հավելում, որ մարդիկ Կորեայում պատրաստ են պատվաստվելու, իսկ չիպերի և մնացած դատարկ պատճառաբանությունների այնտեղ հաստատ չենք հանդիպի։ 

«Ինչ վերաբերում է Հայաստանում մարդկանց անվստահությանը պատվաստանյութերի հանդեպ, կնշեմ, որ խնդիրը պատվաստանյութերի որակից և արդյունավետությունից բավականաչափ տեղեկացված չլինելն է, ուստի պետք է ավելի շատ տեղեկացվել և չվախենալ պատվաստվելուց»։

Անի Մարտիրոսյան

MediaLab.am