«Այն պատկերացումը, թե տղա երեխա եմ ուզում, որ ինձ պահի, վաղուց անցել է պատմության գիրկը». Մհեր Մանուկյանը նշում է՝ մոտեցումներում փոփոխություն կա

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հասարակայնության հետ կապերի համակարգող Մհեր Մանուկյանը

– Պարո՛ն Մանուկյան, այսօր Աղջիկ երեխաների միջազգային օրն է, ինչպե՞ս եք սովորաբար նշում այս օրը։

– Օրը մշտապես նշում ենք մի շարք միջոցառումներով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանում Եվրապատվիրակության, ՄԱԿ-ի մշտական համակարգողի, Վայոց ձորի մարզային իշխանությունների, Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի տեղական ինքնակառավարման մարմինների հետ միասին այսօր գնացել ենք Խաչիկ գյուղ և գյուղի աղջիկների հետ նշել իրենց օրը։ 

Այստեղ տեղի ունեցավ «Հիսուն կանայք, որ փոխել են աշխարհը» գրքի շնորհանդեսը, ինտերակտիվ խաղ ենք կազմակերպել այն կանանց մասին, որոնք մեծ ազդեցություն են ունեցել հասարակական կյանքում։ 

Տեղի աղջիկների ֆուտբոլի թիմը ցուցադրական խաղ անցկացրեց, որին մասնակցեց նաև ՄԱԿ-ի մշտական համակարգողը՝ որպես դարպասապահ։ Մեծ կազմով գնացել էինք այս սահմանամերձ գյուղ, որպեսզի մեր ներկայությամբ ոգևորենք նրանց, խրախուսենք, որ այստեղի աղջիկները հետագայում օրինակ լինեն Հայաստանի մյուս շրջանների աղջիկների համար իրենց ձեռքբերումներով։

– Հայաստանում մշտապես խնդիր է եղել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները, այս առումով ի՞նչ պատկեր ունենք հիմա։

– Վերջին տարիներին դրական միտում ունենք այդ առումով, եթե նայենք 2015 թվականից ի վեր նորածին աղջիկ – տղա հարաբերակցությունը սկսել է նվազել ու հասել է մինչև 110 տղա – 100 աղջիկ հարաբերակցության։ Մեր նորագույն պատմության մեջ ունեցել ենք դեպքեր, երբ այդ ցուցանիշը եղել է մինչև 120, այսինքն՝ 100 աղջիկ, 120 տղա։ Անցյալ տարի ու այս տարի նույն ցուցանիշն է՝ 120 տղա, 100 աղջիկ հարաբերակցություն։ Այս տարվա հունվար-հունիս ամիսների ցուցանիշը՝ 108.6 տղա 100 աղջիկ հարաբերակցություն է։

Փոփոխություն ենք նկատում նաև ոչ միայն բացարձակ թվերի մեջ, այլև Հայաստանի ընտանիքների մոտեցումներում, թե ինչ սեռի երեխա են նախընտրում, և ինչքանով է դա կարևոր նրանց համար։ 

Շատ ավելի է մեծացել այն ընտանիքների թիվը, որոնք մեծ ուրախությամբ սպասում են իրենց երեխային՝ անկախ նրա սեռից։ 

Համեմատաբար փոքրացել է այն ընտանիքների թիվը, որոնք ամեն գնով ցանկանում են տղա երեխա ունենալ, մշտապես քիչ են եղել ընտանիքները, որոնք ցանկացել են բացառապես աղջիկ երեխա ունենալ, ու այժմ էլ այդ ընտանիքների թիվը փոքր է։ Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ բավականին դրական առաջընթաց ունենք, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։

– Իսկ այդ առաջընթացի հիմքում ի՞նչն է ընկած, պարո՛ն Մանուկյան։

– 2010 թվականից, երբ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը վեր հանեց սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը ու սկսեց ինտենսիվ աշխատել բոլորի հետ՝ խնդիրը բարձրաձայնելու ու լուծումներ գտնելու նպատակով, այս գործին սկսեցին միանալ բոլորը՝ սկսած կառավարությունից, վերջացրած միջազգային հասարակական կազմակերպություններով։ 

Ահռելի մեծ ծավալի աշխատանք է կատարվել թե՛ մարդկանց տեղեկություն տրամադրելու, թե՛ նրանց ունեցած պատկերացումների մասով, թե՛ պետական կառույցների հետ աշխատանք, նաև Ազգային ժողովի, որի արդյունքում եղան նաև օրենսդրական փոփոխություններ։ 

Տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր հանդիպումներ ենք ունեցել բնակչության տարբեր խմբերի, երիտասարդ զույգերի հետ։ Տասնամյա ինտենսիվ աշխատանքի արդյունքում այսօր ունենք այդ դրական միտումները, իհարկե կան նաև այլ գործոններ՝ զարգացումը, կրթությունը, մեր երիտասարդներն ավելի շատ են առնչվում առաջադեմ գաղափարների հետ և հասկանում, որ ոչ մի պարագայում չի կարելի թերագնահատել երեխային՝ սեռով պայմանավորված, որ երեխան երեխա է, ու նրան պետք է շրջապատել նույն սիրով ու հոգածությամբ։

– Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների նվազման դրական դինամիկան հիմնականում մայրաքաղաքո՞ւմ է նկատվում, թե՞ մարզերում էլ է այս առումով դրական փոփոխություն գրանցվել։

– Ընդհանուր առմամբ, առաջընթաց երկու տեղում էլ ունենք, իհարկե, տարբեր արագությամբ առաջընթաց, բայց կարող ենք ասել, որ ամբողջ Հայաստանով առաջընթացը նկատելի է։

– Պարո՛ն Մանուկյան, առաջնահերթությունները, որոնք հրատապ լուծում են պահանջում, կնշե՞ք։

– Այս հարցում առաջնահերթությունների լուծումները բավականին երկար ժամանակ են պահանջում, քանի որ գործ ունենք մարդկանց պատկերացումների ու աշխարհայացքի հետ։ 

Կարճաժամկետ միջոցներով, գուցե, հնարավոր է ինչ-որ արդյունքի հասնել, բայց որպեսզի խնդիրն իր վերջնական լուծումը ստանա, պետք է աշխատենք սերնդեսերունդ, որպեսզի փոխենք նրանց պատկերացումներն ու ստեղծենք պայմաններ, որպեսզի այդ պատկերացումները համապատասխանեն մեր իրականությանը։ 

Այն պատկերացումները, որոնք հանգեցնում են այս երևույթին, վաղուց արդիական չեն ու պատմության գրկում են, որովհետև հայաստանյան իրականությունը ցույց է տալիս, որ այն պատկերացումը, թե տղա երեխա եմ ուզում, որ ինձ պահի, վաղուց անցել է պատմության գիրկը, քանի որ ունենք աշխատող կանայք, որոնք շատ լավ կարողանում են հոգալ թե՛ իրենց, թե՛ ընտանիքի մասին։ 

Փոքրիկ հետազոտություն էինք արել Հայաստանի ծերատներում, որպեսզի հասկանանք՝ ավելի շատ տղա՞ երեխաներն են իրենց ծնողներին բերում ծերատուն, թե՞ աղջիկ։ Պատկերը ցույց տվեց, որ նաև տղա երեխաներն են նույն հաջողությամբ իրենց ծնողներին բերում ծերատներ, այսինքն՝ մտահոգությունը, ես տղա ունենամ, որ ինձ պահի, մեր իրականությունը ցույց է տալիս, որ այդքան էլ արդարացված չէ։

– Իսկ ընտանիքներում տղա ու աղջիկ երեխաների իրավունքների մասով հետազոտություններ անո՞ւմ եք, ի՞նչ պատկեր է։

– Մեր հանրապետությունում բավականին լավ օրենսդրական դաշտ ունենք, որտեղ որևէ խտրականություն երեխաների իրավունքների միջև չկա։ Խտրականությունը ոչ թե իրավունքների ոլորտում է դրսևորվում, այլ՝ պատկերացումներով, մենթալիտետով ու ավանդույթներով պայմանավորված։ Իսկ այս ամենը պետք է համապատասխանեցվեն մարդու մասին բարձրագույն պատկերացումներին, որպեսզի այդտեղ էլ խնդիր չունենանք։ 

– Պարո՛ն Մանուկյան, մոտ ապագայում հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանում երեխայի սեռով պայմանավորված խնդիրների մասին այլևս չենք խոսելու։

– Այդ հարցում լավատես եմ՝ նկատի ունենալով, որ Հայաստանում բոլորը լծվել են այդ խնդրի կարգավորման գործին։ Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կազատվենք այս խնդրից ու կմոռանանք, որ մեր պատմության մեջ նման էջ ենք ունեցել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am