«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը
– Պարո՛ն Սարգսյան, ՀՀ նախագահը հայտարարել է, որ «եթե մենք կարողանում ենք բացել Սյունիքի դարպասները, ես նկատի ունեմ 43 կմ-ի հնարավորությունները, ուրեմն իսկապես վստահ եղեք, որ ապագան զարգացման առումով շատ մեծ հնարավորություններ է տալու մեզ»: Իսկապե՞ս այդ 43 կմ-ը ապագայի զարգացման առումով այդքան վճռորոշ է լինելու մեզ համար:
– Ըստ էության, ասված նոր բան չկա, բայց քանի որ նախագահի մակարդակով է ասվել, ես կարծում եմ, որ ժամանակն է պահանջել, որ լավ բացատրություն տրվի, որովհետև տարիներ են անցել 2020-ից, բայց ոչ մի արդյունք չկա: Բոլորի համար պետք է պարզ լինի, թե ինչ ասել է դարպաս բացել. դարպաս վաղուց բաց է Սյունիքից դեպի Իրան, հիմա էլ է բաց, այսինքն՝ խոսքը հիմա Ադրբեջանի ու Թուրքիայի մասին է, դարպաս դեպի այդ երկրներ, որը, փաստորեն, պետք է պայմաններ ստեղծի Հայաստանի Հանրապետության զարգացման համար:
Բնական է, որ եթե բոլոր ճանապարհները բացվեն Հայաստանից՝ Ադրբեջանով դեպի Ռուսաստան, դեպի Կենտրոնական Ասիա Թուրքիայով, ամբողջ Հարավ ու Արևմուտք այդ ամենը բացվեն, ապա բնական է, որ դա մեծ փոփոխություն կլինի, ու Հայաստանի համար մեծ հնարավորություն կստեղծի: Բայց, կրկնում եմ, շատ կարևոր է բացատրություն տալ, թե ինչպե՛ս են ստեղծում այդ հնարավորությունները, ո՛նց են բացում այդ դարպասը, այդ դարպասի համար որևէ մեկը ձեզ ճանապարհ տրամադրո՞ւմ է, թե՞ այդ դարպասը բացում եք միայն դրսից դեպի Սյունիք: Գլխավոր հարցերը սրանք են, որոնք պետք է հստակ բացատրություն ստանան:
Մենք այսօր անընդհատ Ադրբեջանի նախագահից լսում ենք այն միտքը, որ Հայաստանի Հանրապետությունը անօրինական պետություն է, հայերն իրավունք չունեն այս տարածքներում պետություն կառուցելու, ընդհանրապես պետության գոյությունը ժխտվում է, ու սա ասվում է նախագահի մակարդակով:
Հայաստանը հիմա պետք է հստակ ասի, թե ի՛նչ քաղաքականություն է վարում, որպեսզի Ադրբեջանի ու Թուրքիայի այս դիրքորոշումը փոխվի, ես չեմ տարբերակում, որովհետև նրանց քաղաքականությունը նույնն է, Թուրքիան մշտապես պաշտպանել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ուղղված ցանկացած գործողություն: Պատասխան է պետք, բայց այն չկա, կան միայն կորուստներ ու զիջումներ, ու հիմա էլ դա շարունակվում է:
– Եթե ՀՀ նախագահի մակարդակով նշվում է Սյունիքով անցնող հստակ թվով երկարությամբ ճանապարհ, մենք կարո՞ղ ենք ենթադրել, որ խոսքն ամենևին էլ կոմունիկացիաների ապաշրջափակման մասին չէ:
– Չի խոսում, ինքը հենց կոնկրետ հատված է նշում, ինքն ուզում է միստիկ նշանակություն տալ դրան, որ եթե այդ 43 կիլոմետրը բացվի, ապա մնացած հարցերը լուծվելու են:
– Ստացվում է, որ դա հենց Ադրբեջանի ասած «Զանգեզուրի միջա՞նցքն» է:
– Եթե անգամ դա է, ապա պետք է բացատրել, դրա համար եմ պնդում, որ պետք է հստակ բացատրություն տալ, որովհետև կան մարդիկ, որ ասում են՝ Ադրբեջանն ինչ ուզում է՝ այդպես էլ արեք, դա է հարցի լուծումը: Հենց սա պետք է բացատրեն՝ դա հարցի լուծո՞ւմ է, թե՞ չէ: Բարի կամքով միջազգային հարաբերություններ չեն ստեղծում, այլ՝ ուժերի հավասարակշռությամբ, հարյուր տարի է՝ այդ բարի կամքի հույսին ենք:
Պետք է բացատրություններ տան այն ամենին, ինչ պնդում են վստահաբար, թե դա լուծում է, երբ այդ բացատրությունները կտան, ապա շատերի համար շատ բան պարզ կլինի: Հենց դրա համար էլ բացատրություններ չեն տալիս:
– Պարո՛ն Սարգսյան, չկան ձեր ասած այդ բացատրությունները, բայց հողի վրա կան ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող հայտարարություններ: Դատելով դրանցից՝ ի՞նչ քաղաքականություն է որդեգրել գործող իշխանությունը:
– Ոչ մի քաղաքականություն, ես լսել եմ ազնիվ մարդկանց, որոնք ասել են՝ ոչ մի հույս չկա, պետք է ցանկացած պայման ընդունել, բայց դա էլ դեռ հույս չէ, ավելի ազնիվներն ասում են, որ անհույս է:
Խնդիրը հենց սա է, որ պետք է բացատրեն ամեն ասված, ցույց տան, թե ինչպես են պատկերացնում այդ ասվածի իրագործումը, ժամանակն է, որ այդ մարդիկ պատասխանատվության տակ մտնեն, թե չէ ինչ ասես կարող են հայտարարել ու հայտարարում են, բայց ռեալ քայլեր, որ պետք է արվեն, ոչ մեկը չի մատնանշում դրանք:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















