ԱՄՆ-ից՝ Հայաստան․ բժիշկ Շանթ Շեխերդիմյանը ընտանիքի հետ տեղափոխվել է հայրենիք․ «Հայաստան գալու միտքը շատ վաղուց կար, այս տարի առիթը ստեղծվեց»

Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի մանկական վիրաբույժ, հանրային առողջապահության ոլորտում մասնագիտացած Շանթ Շեխերդիմյանը, որը ծնվել և մեծացել է ԱՄՆ-ում՝ Լոս Անջելես քաղաքում, վերջերս իրականացրել է Հայաստան տեղափոխվելու և մասնագիտական գիտելիքներն ի նպաստ հայրենիքի օգտագործելու իր վաղեմի երազանքը։

«Երեք ընկերներով մեր ընտանիքների հետ վերադարձել ենք հայրենիք»,- ժպտալով ասում է Շանթ Շեխերդիմյանը ու նշում, որ 2000-ին, երբ Հայաստանում նշում էին Նոր տարին, միմյանց խոստում էին տվել, որ մի օր գալու են Հայաստան ապրելու նպատակով։

«Հայաստան գալու գաղափարը կամ միտքը շատ վաղուց կար, նույնիսկ համալսարանում ուսանելու տարիներից, պարզապես տարբեր հանգամանքներով՝ երկարատև կրթության, ընտանիք կազմելու պատճառով ուշանում էր։ 

Այնպես եղավ, որ այս տարի վերջապես ամեն ինչ սկսեց իր տեղը գալ, առիթը ստեղծվեց, իհարկե, ոչ ամենալավ պայմաններով, այլևս չէինք կարող այդ առիթը ձեռքից բաց թողնել»,- ասում է Շանթ Շեխերդիմյանը։

Հայաստան վերադառնալու առիթը ստեղծվեց 2021թ․-ի սեպտեմբերին, երբ Շանթ Շեխերդիմյան նշանակվեց Կալիֆոռնիայի համալսարանի Promise Armenian Institute-ի ղեկավարի՝ հանրային առողջապահության գծով առաջին տեղակալ, ինչպես նաև ծրագրված աշխատանքներ իրականացնելու համար ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական։

Շեխերդիմյանն ասում է՝ Հայաստանում իր ներդրումը լինելու է առողջապահության համակարգի որակի բարելավման ուղղությամբ, ինչն առաջնային խնդիր է համարում։

Բժշկի դիտարկմամբ՝ Հայաստանում առողջապահության ոլորտում խնդիրները բազմաթիվ են, բայց մեծ են հնարավորությունները և ներուժը, որ ներքին ռեսուրսները և սփյուռքի հրաշալի կադրերի ներգրավումը հնարավորություն կտան ստեղծելու փայլուն առողջապահության համակարգ։ 

«Այսօր ունենք ծանր մարտահրավերներ և չունենք այն համակարգը, որին արժանի են այս երկիրը և այս երկրի բնակիչները։ Սկսած համակարգի օպտիմալացումից, բժշկական կրթությունից, ֆինանսավորումից, մշակույթի փոփոխությունից, որակի բարելավումից՝ մարտահրավերների պակաս չկա։

Ինձ հոգեհարազատ խնդիրը որակն է՝ բուժօգնության բարելավման որակը, հատկապես եթե երկիրը որոշել է, որ պետք է գնա համապարփակ ապահովագրության: Կարծում եմ՝ եթե գնանք այդ փոփոխության՝ առանց զուգահեռ որակի բարելավման, դա կարող է իր նպատակին չծառայել, եթե մենք պետք է ավելի շատ բուժօգնություն մատակարարենք, պետք է այդ բուժօգնությունն էլ ավելի լավ լինի։

Կուզեի ամենաշատ ժամանակը դրան տրամադրել, որովհետև յուրաքանչյուր մակարդակում համապատասխան փոփոխություններ են անհրաժեշտ»,- հավելում է Շեխերդիմյանը։

Շանթ Շեխերդիմյան բժշկի մասնագիտությունն ընտրելիս մշտապես հեռահար նպատակ է ունեցել, որ մի օր կկարողանա իր գիտելիքներն ու փորձը ներդնել հայրենիքում։ Ասում է՝ սկզբում ընտրեց վիրաբուժությունը, ապա հանրային առողջապահության ոլորտում մասնագիտանալով՝ հասկացավ, որ Հայաստանը ոչ այնքան լավ բժիշկների կարիք ունի, որքան առողջապահության ոլորտի համակարգային բարելավման։ 

Հայաստան տեղափոխվելով՝ բժիշկը վիրահատություններ չի անելու, ասում է՝ դրանից չի նեղսրտում, քանի որ գիտի՝ լավ վիրաբույժներ կան, որոնք կարող են իր չափ կամ ավելի լավ անել այդ գործը, իսկ իր ներդրումը լինելու է առողջապահության ոլորտի բարելավման ուղղությամբ։

«20 տարվա ընթացքում ԱՄՆ-ում իմ գործում ես հասել էի ինչ-որ հաջողությունների, բայց Ամերիկայում մարտահրավերները տեսնելն ինձ այնքան էլ հետաքրքիր չէր, ինչքան այն մարտահրավերները, որոնց ես կարող էի մաս կազմել այստեղ ու ինչ-որ փոքր բանով մասնակցել բարեփոխման պրոցեսին»,- նշում է նա։

Շանթ Շեխերդիմյանի խոսքով՝ սփյուռքի մասնագետների ներգրավումը և մասնակցությունը Հայաստանի պետական համակարգում խիստ անհրաժեշտ են։ Ասում է՝ ուրախ է, որ տարբեր ծրագրերով նախնական քայլերն արդեն իսկ իրագործվում են։ 

«Այս կապերը և համագործակցությունը որքան շատանան, այնքան ի նպաստ Հայաստանի պիտի լինեն: Նաև կարևոր է, որ սփյուռքի մտածելակերպն էլ փոխվի, որ Հայաստանը չնկատվի մի երկիր, որն անընդհատ մարդասիրական ծրագրերի  կարիք ունի, այլ որպես գործընկեր՝ Հայաստանի տարբեր պետական համակարգերը կայունացնելու, որ մենք մի օր ունենանք մի երկիր, որ եթե նույնիսկ սփյուռքը չլինի կամ ավելի թույլ ու փոքր լինի, Հայաստանը կարողանա ինքնուրույն զարգանալ»,- շեշտում է Շեխերդիմյանը։

Բժիշկը Հայաստան է վերադարձել կնոջ և երեք երեխաների հետ։ 

Ասում է, որ Հայաստանում իրեն ամեն ինչ է դուր է գալիս, հատկապես ազատությունը ու ապահովությունը, որ երեխաներն ունեն․ 

«Դա ամենամեծ հաճույքներից է, իհարկե, ուտելիքը, մշակույթը, երաժշտական տարբեր համերգները, դրանք բոլորը հաճելի են»։

Շեխերդիմյանի խոսքով՝ Հայրենիքի հանդեպ սերն ու Հայաստան տեղափոխվելու ցանկության ու որոշման հարցում մեծ նպաստ են ունեցել ԱՄՆ-ում գործող հայկական դպրոցը, ինչպես նաև սփյուռքի հայկական կազմակերպությունները․ 

«Հայաստան իմ առաջին երկու այցերը հենց սփյուռքի կազմակերպությունների կազմակերպած ճամբարներն են եղել, իմ մուտքը Հայաստան եղել է հենց իրենց շնորհիվ, որի համար ես միշտ երախտապարտ եմ սփյուռքի կառույցներին»։

Շեխերդիմյանն ասում է, որ երեխաների համար է մի փոքր դժվար եղել տեղափոխությունը, քանի որ ընկերներից են բաժանվել, սակայն անսովոր չի եղել Հայաստան տեղափոխվելը, քանի որ ամառային արձակուրդները անցկացրել են Հայաստանում։

Շեխերդիմյանն ասում է՝ հույս ունի, որ Հայաստանում մնալու որոշումը վերջնական կլինի, այժմ փորձում են հարմարվել, ապրել, աշխատել:

«Վերջնական» բառը ծանր բառ է, դժվարանում եմ այդպես մեծ խոստումներ տալ՝ ներառյալ ինձ ու իմ ընտանիքին, էստեղ ենք, պետք է տեսնենք՝ ինչպես է ամեն ինչ գնում, շատ մեծ հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կգնա»,- ժպիտով ասում է Շանթ Շեխերդիմյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am