«Պատկերացնո՞ւմ եք՝ 2 տարեկան երեխային այնքան ծեծեն, որ կաղալով քայլի»․ երեխաների հանդեպ բռնությունները՝ մտահոգությունների առիթ

«Պատկերացնո՞ւմ եք՝ 2 տարեկան երեխային այնքան ծեծեն, որ կաղալով քայլի»․ երեխաների հանդեպ բռնությունները՝ մտահոգությունների առիթ
«Պատկերացնո՞ւմ եք՝ 2 տարեկան երեխային այնքան ծեծեն, որ կաղալով քայլի»․ երեխաների հանդեպ բռնությունները՝ մտահոգությունների առիթ

50-ամյա Արմինե Հակոբջանյանը միանգամից հուզվում է, երբ խոսում է երեխաների մասին։
«Ախր, ես ոնց հանգիստ խոսեմ էդ մասին,- հեծկլտում է նա,- 2 տարեկան թոռս մինչև հիմա կաղում է, իսկ աղջիկս ամիսներ անց էլ ուշքի չի գալիս։ Օրերով, ամիսներով աղջկաս ու թոռանս գազան ամուսինը խմել, ծեծել է, փակել սենյակում։ Պատկերացնում եք՝ 2 տարեկան երեխային այնքան ծեծեն, որ ամիսներով կաղալով քայլի»։

Արմինեն պատմում է, որ աղջիկը երեք տարի է՝ ինչ ամուսնացել է։ Կապն ընտանիքի հետ հազվադեպ է պահել, քանի որ ամուսինը մշտապես խոչընդոտներ է ստեղծել, բռնության ենթարկել։ Սակայն երեխայի հանդեպ սկսած բռնություններից հետո աղջիկն իր մեջ ուժ է գտել և փախուստի դիմել։

«Միգուցե մենք պետք է դիմեինք ոստիկանություն, միգուցե պիտի պատժեինք նման գազանության համար, բայց միայն այն, որ աղջիկս ու թոռնիկս այդ դժոխքից դուրս եկան, մենք որոշեցինք, որ դա արդեն բավարար է»,- «Մեդիալաբին» ասում է Հակոբջանյանը։

Թեև Արմինեի ընտանիքը հրաժարվել է իրավապահներին դիմել և օրենքի սահմաններում պաշտպանել բռնության ենթարկված աղջկա և փոքրիկ թոռան իրավունքները, վերջին ամսվա ընթացքում հասարակությունն ալեկոծած նմանատիպ առնվազն երկու դեպքերը լուրջ մտահոգությունների տեղիք են հանդիսացել։

Արդյո՞ք ընտանիքում և երեխաներին սրբություն համարող հայ հասարակությունում երեխաները պաշտպանված են։

Վերջերս արտակարգ դեպք էր գրանցվել Էջմիածնի գյուղերից մեկում, որտեղ ծնողների հետ միասին բռնության էր ենթարկվել նաև 8 ամսական փոքրիկը: Դեպքի մասին ոստիկանությանը ահազանգել էր երեխայի մայրը։

25-ամյա երիտասարդը խմած վիճաբանել էր ընտանիքի անդամների՝ եղբոր ու նրա կնոջ հետ, ծեծել վերջինիս, հարվածներ հասցրել եղբորն ու նրանց մանկահասակ՝ 8 ամսական երեխային։

Մեկ ամիս առաջ էլ Արմավիրում 32-ամյա տղամարդը ծեծել էր 30-ամյա կնոջն ու մանկահասակ երեխային, ինչի հետևանքով մեկ տարեկան տղան հիվանդանոցի ճանապարհին մահացել էր։

Երեխաների պաշտպանության փորձագետ, «Հայ օգնության ֆոնդի» երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը, անդրադառնալով տեղի ունեցած վերջին դեպքերին, նշում է. խնդիրը մեծերի մեջ է, որոնք չկարողանալով իրենց խնդիրները լուծել, հայտնվում են բազմապիսի ճնշումների ներքո, չունենալով ինքնակառավարում։

«Մարդիկ ունեն շատ լուրջ խնդիրներ, ժամանակին չեն դիմում բժշկի կամ էլ դիմելու դեպքում վճարունակ չեն։ Երբեմն էլ չեն գիտակցում, որ հոգեբանի, հոգեբույժի, սոցիալական աշխատողի կարիք ունեն այդ վիճակից դուրս գալու համար։ Չեմ կարծում, թե հայրը կամ հորեղբայրը, կամ որևէ այլ մեկը այդչափ վայրենի է ի սկզբանե, որ պատրաստ է սեփական երեխային ծեծել կամ սպանել, առավել ևս՝ հայկական կոնտեքստում»,- բացատրում է նա։

Միրա Անտոնյանը նշում է. տեղի ունեցածը ընդհանուր սոցիալական նորմերից դուրս է, իսկ սոցիալական նորմերը միայն պաշտպանում են երեխային։

«Երեխան սրբություն է, մեզ համար ամենաամենան է, ու երբ մենք ականատես ենք լինում նման դեպքերի, պետք է մեր մտքերը տանենք նրան, որ ոչ թե նորմերը չեն նպաստում երեխաներին օգնելուն, այլ այն, որ մեծերն ինքնակառավարման խնդիր ունեն, քանի որ որևէ նորմալ մարդ երբեք դա չի անի։ Եթե այդ ամենը կոնֆլիկտի հետևանք է, ապա ով չի՞ ունենում կոնֆլիկտ, ո՞ր ընտանիքում չկա, բայց միայն առանձնահատուկ դեպքերում են կոնֆլիկտներն ավարտվում նման ողբերգական հետևանքներով։ Նշանակում է մի բան ավելին է, քան սովորական ընտանեկան անցուդարձը, քան սովորական չունենալը, աղքատությունը։ Այստեղ միանշանակ տեսնում եմ հոգեկան առողջության խնդիր»,- ասում է նա։

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը նշում է, որ դեպքերը շատացել են, քանի որ հասարակությունը բավարար չի արձագանքում։

«Խորհրդային տարիներին, եթե մեկը կնոջը ծեծեր, գոյություն ունեին պետականորեն պարսավանքի մեխանիզմներ, կուսակցական խորհրդում նկատողություն կտային, նման մեխանիզմներ գոնե սովետական շրջանում եղել են։ Այսօր կարծես ամոթ է դարձել բարձրաձայնել, որ տանը բռնություն կա, կամ ասում են՝ այսօր պապայիդ ես ոստիկանություն տալիս, վաղը ամուսնուդ կտաս։ Փակում են մարդկանց բերանը, այնինչ այդ վերահսկողական մեխանիզմները՝ թե ՛ հանրային, թե ՛ պետական, պետք է պարտադիր աշխատեն։ Միայն ոստիկանություն կանչելով այդ հարցը չի լուծվում»,- ասում է Հովհաննիսյանը։

Նա նշում է, որ նախևառաջ կրթական համակարգը պետք է դառնա շատ զգայուն բռնության նկատմամբ։ Մարդիկ պետք է կրթվեն ու հասկանան, որ բռնությունը, ինչպես գողությունը, սպանությունը, հանցագործություն է։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի արդարադատության մատչելիության և երեխաների նկատմամբ բռնության գործով ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանն էլ, հղում կատարելով ԱՎԾ տվյալներին, որոնք հիմնված են 2015-2016 թթ. անցկացված Հայաստանի ժողովրդագրության և առողջապահության հարցերի հետազոտության վրա, նշում է, որ արդյունքները մտահոգիչ են եղել։

«Հայ հասարակությունում գրեթե 70 տոկոսը դաստիարակության բռնի մեթոդներ է կիրառում, այս թիվը ստացվել է հիմնականում մայրերի հարցումներից։ Կարող ենք ենթադրել, որ հաստատ կան մարդիկ, ովքեր դեռ չեն էլ ասում։ Հաշվի առնենք, որ հարցումն անցկացվել է պետության կողմից բոլոր մարզերում, այսինքն՝ չի իրականացվել որևէ մի կազմակերպության կողմից»,- ասում է Վիկտորյա Օհանյանը։

Ըստ նույն հետազոտության տվյալների Հայաստանում 1-14 տարեկան 10 երեխայից 7-ը ենթարկվել են հոգեբանական կամ ֆիզիկական որևէ պատժի: Երեխաների 65%-ը ենթարկվել է հոգեբանական ագրեսիայի, իսկ 38%-ը՝ ֆիզիկական պատժի որևէ տեսակի: Անգամ մեկ և երկու տարեկան երեխաների գրեթե կեսի նկատմամբ կիրառվել է դաստիարակության որևէ բռնի մեթոդ: Հայաստանում ամենաշատը ֆիզիկական պատժի են ենթարկվում Գեղարքունիքի մարզի երեխաները`57%, իսկ 20%-ը՝ խիստ պատժի։

Նա նշում է, որ մեկ այլ ուսումնասիրության համաձայն, որն իրականացրել էին 2010-ին, երբ ծնողներին հարցրել էին, արդյոք բռնի ուժի մեթոդների կիրառումը անհրաժե՞շտ է նորմալ երեխա մեծացնելու համար, ավելի քան 4 տոկոսը պատասխանել է՝ այո՛։

«Ստացվում է, որ մի կողմից երեխան սրբություն է, հայ ընտանիքն այլ կերպ է վերաբերվում ընտանիքին ու երեխային, մյուս կողմից՝ ավելի քիչ, քան 4 տոկոսը համարում է, որ երեխային նորմալ մեծացնելու համար պետք է անպայման բռնանալ նրա վրա։ Մյուս կողմից էլ՝ ունենք գրեթե 70 տոկոս կիրառված բռնություն ընտանիքներում։ Այստեղ և՛ ֆիզիկական բռնությունն է մտնում, և՛ հոգեբանական, հոգեբանական ագրեսիա, տարբեր վիրավորական բառերով պիտակավորելը, որևէ բանում անընդհատ մեղադրելը»,- ասում է Օհանյանը։

Մտահոգված առկա ցուցանիշներով՝ նա համոզված է, որ բռնի դաստիարակության նկատմամբ հավատը չէ, որ նրանց տանում է դեպի բռնի դաստիարակություն, առկա են մի շարք այլ գործոններ` ծնողավարության պակաս, սթրեսը կառավարելու անկարողություն, դրական ծնողավարության մոտեցումների բացակայություն, հմտությունների պակաս, ծնողների մոտ առաջացած այլ խնդրահարույց իրավիճակներ, սկսած սոցիալական իրավիճակից։

Միրա Անտոնյանն էլ նշում է, որ խնդիրը ոչ այնքան ծնողավարման հմտությունների պակասն է, որքան չհավասարակշռված նյարդերը։

«Հմտությունների պակասի ժամանակ գուցե երեխային լավ ու գրագետ չխնամի, չխթանի երեխայի զարգացումը, բայց եթե երեխայի կյանքին վտանգ է սպառնում, ակնհայտ է, որ այստեղ խոսքը անհավասարակշիռ մարդու մասին է։ Նշանակում է այնտեղ լուրջ, խորքային, դեպրեսիվ իրավիճակ է»,- ասում է Անտոնյանը։

Թե՛ ամենահարուստ և թե՛ ամենաաղքատ ընտանիքներում չկա մեծ տարբերություն բռնության հանդեպ։ Առավել ծայրահեղ բռնության դեպքերը տեղի են ունենում ավելի աղքատ ընտանիքներում, սակայն հոգեբանական և ֆիզիկական բռնությունը բնորոշ է նաև հարուստ ընտանիքներին։

Անդրադառնալով կանխարգելիչ միջոցներին՝ Վիկտորյա Օհանյանը նշում է, որ հարկավոր է համալիր միջոցառումներ իրականացնել։

«Հայտնաբերման և արձագանքման մեխանիզմների մակարդակում, հասարակական գիտակցության վրա ներազդեցության միջոցներ, իրավազեկվածության և սոցիալական նորմերի փոփոխության մակարդակում։ Այս արված աշխատանքի արդյունքում բռնությունը նվազում է»,- ասում է Օհանյանը։

Նա նշում է, որ ոստիկանությունը կարող է շատ ակտիվ աշխատել արդեն կատարված բռնության դեպքում, բայց չի կարող որևէ ձևով նպաստել վաղ հայտնաբերմանը, դրան նպաստող գործոնների վերացմանն ուղղված աշխատանքին։

«Դրա համար անհրաժեշտ է սոցիալական կառավարման մարմինների մասնակցությունը, կրթական, առողջապահական մարմինների մասնակցությունը և, իհարկե, արդարադատության համակարգը։ Մյուս կողմից էլ՝ պետությունը մենակ չի կարող իրականացնել այս ամենը, եթե նրա կողքին կանգնած չէ քաղաքացիական հասարակությունը, որովհետև հենց քաղաքացիական հասարակությունն է այն հիմնական դերակատարը, որը կարող է վերահսկել և արդյունավետ ներազդել հասարակական տրամադրությունների, հավատամքի վրա»,- ասում է Օհանյանը։

Գայանե Մկրտչյան

MediaLab.am