«Կորցրել ենք և՛ հայրենիք, և՛ երեխա, միանգամայն անտեր ենք, անտեր…». մինուճար որդու՝ Արայի կորստից հետո Մկրտչյանները Հադրութից՝ Զեյթուն

Հադրութից Երևան տեղափոխված Մկրտչյաններն Արցախյան վերջին պատերազմում կորցրել են ամեն ինչ՝ և՛ 31-ամյա մինուճար որդուն՝ Արա Մկրտչյանին, և՛ իրենց հայրենի Հադրութը։ Ընտանիքն ասում է՝ մնացել են անզավակ ու անհայրենիք։

Արայիկը, ինչպես ընտանիքն է նրան դիմել, զինվորական էր, իսկ զինվորականի ուղին նրա համար վաղուց էր նախանշված։ Հայրը՝ 68-ամյա Ռաֆայել Մկրտչյանը, Արցախյան առաջին պատերազմի մասնակից է եղել, որի հետևանքով ձեռք է բերել երկրորդ խմբի հաշմանդամություն։

«Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Ես հիշում եմ՝ քննությունները շատ բարդ էին, բայց իրա ուժերով ընդունվեց։ Երեխեն չհասցրեց նույնիսկ իրանց վիպուսկնոյ վեչերին մասնակցեր։ Տարին երկու անգամ էր տուն գալիս, շատ նվիրված էր իրա զինվորական գործին»,- ասում է Արայի մայրը՝ Նորա Խասապետյանը, և նշում՝ իրենց մինուճար որդուն համալսարան չէին ընդունի, եթե իրենք չստորագրեին։

«Ինքը մեզ ստորագրել տվեց, որովհետև իրան չէին տանի, մեր միակ արու զավակն էր։ Հիմա մենք շատ ենք փոշմանել, շատ։ Մենք՝ հիմար ծնողներս, չմտածելով հետևանքների մասին, գնացինք զինկոմիսարիատ ու ստորագրեցինք մեր մինուճար որդու ճակատագիրը՝ չիմանալով, թե ինչ կար էդ ստորագրության տակ»,- ասում է մայրը։ 

Ռազմական համալսարանում ուսում ստանալուց հետո Արան ծառայության է անցել Մարտակերտում՝ որպես տանկիստ։ Երկու տարի այնտեղ ծառայելուց հետո տեղափոխվել է Հադրութ, որտեղ ծառայել է 7 տարի, իսկ 2020-ի հունվարին տեղափոխվել Մարտունի 2։ 

Մայրն ասում է՝ զինվորները որդու ամեն ինչն էին։ Նրանցով էր ապրում ու անում ամեն հնարավոր բան, որ ոչնչի կարիք չունենային։

«Մեր տնից էնքան բան ա տարել՝ ցեմենտ ա, ավազ ա, էս ա, էն ա։ Ասում էի՝ ա՛յ բալա, մարդիկ բերում են, դու տանում ես, ասում էր՝ մամա՛, երեխեքս ձեռքերը լվալու տեղ չունեն, մի բան պիտի սարքեմ, ձեռքերը լվանան։

Մի օր նոր բուշլատ էր ստացել, ասեցի՝ Արայի՛կ ջան, բալա՛ս, հինդ էլ կբերես, թող պապադ հագնի, թե բա՝ լավ: Հետո՝ չէր բերում, չէր բերում, ասի՝ Արայի՛կ, խի՞ բերալ չես, որ պապան հագնի, ասեց՝ էն մյուս անգամ, մամա՛ ու միշտ նույնն էր ասում։ Մի օր էլ ջղայնացա, ասի՝ բալա՛ս, բա խի՞ բերալ չես, ասեց՝ մամա՛, բա խոխե՞քը ինչ հագնեն»,- ասում է մայրը ու հավելում՝ ինքը որդուն հիշեցնում էր չմոռանալ նաև անձնական կյանքի մասին և ամուսնանալ։

«Ասում էր՝ մամա՛, դեռ վախտը չի, կամուսնանամ, էլի․․․ կամուսնանար, իհարկե կամուսնանար, բայց պատերազմից էլ եկալ չի, էլ եկալ չի»։

Արան նաև 2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասնակից էր, իսկ այս պատերազմում տանկի հրամանատար է եղել։ Հոկտեմբերի 9-ին նրա վաշտն ուղարկել են հարազատ Հադրութը պաշտպանելու։

«Ամսի 9-ին մեր երեխեքին ուղարկել են Ֆիզուլի՝ օգնության։ Իրանք երկու անգամ գնացել են, երրորդ անգամը՝ ամսի 12-ին, որ գնացել են օգնելու, մութ ա եղել։ Իրա զինվորներից մեկը պատմում ա, ասում ա՝ ասի՝ կամանդի՛ր, արի չգնանք, հիմա մութ ա, լույսը կբացվի, հետո կգնանք, ասել ա՝ չէ՛, տենց ո՞նց կլինի, ու գնացել ա, հենց էդ ժամանակ էլ անօդաչուն խփել ա»,- ասում է մայրն ու նշում՝ որդու մարմինը փնտրել են 3 ամիս։

«Մենք եկել էինք Քաջարան, մինչև պատերազմը կավարտվեր, ու հենց էդ ժամանակ էլ մեզ հասավ էդ լուրը։ Երեխուս մարմինը տարել էին սկզբում Ստեփանակերտ, հետո՝ Մարտունի, հետո՝ Գորիս, Գորիսից էլ ասեցին՝ տարել ենք ուրիշ տեղ։ Այ տենց խառնաշփոթ էր։ 3 ամիս ման եկանք, ման եկանք և վերջիվերջո գտանք Սովետաշենում։

Մենք էլի չէինք ճարի Արայիկին, եթե չհայտնվեր էն մարդը, որի երեխուն տղես լավություն էր արել։ Դիահերձարանում երբ որ անուն, ազգանունը ասեցինք, մի մարդ ասեց՝ բա ինձ ծանոթ ա էդ անուն, ազգանունը, իմ երեխու կամանդիրն ա, հետո էդ մարդը գլուխը բռնեց, ասեց՝ վա՛խ, Աստվա՛ծ, բա ես էդ տղուն ման էի գալիս, որ մի լավություն էլ ես անեի, ինքը իմ երեխուն փող էր տալիս, մինչև ես ուղարկում էի, ինչ որ պետք էր, տալիս էր»,- պատմում է մայրը ու նշում՝ նույնիսկ որդու հետ կապված իրերն են թողել Հադրութում, այստեղ որդուց ոչինչ չունեն։ 

«Լրիվ, լրիվ թողալ ենք, մեկ շոր, մեկ կոշիկ բերալ չենք Արայիս իրերից։ Իր բոլոր շնորհակալագրերը նույնպես թողել ենք Հադրութում՝ թողնելով նաև մնացած հուշերը մեր հայրենիքում»։

Տիկին Նորայի խոսքով՝ հիմա տանն իրենք ամեն ինչի կարիք ունեն, սակայն առաջնայինը տունը տաքացնելու հարցը լուծելն է: Ջեռուցիչ չունեն։ Կենցաղային հարցերի մասին խոսելիս ասում է, որ չի ուզում նեղություն տալ, բոլորն էլ կարիքի մեջ են: Ընտանիքը հայրենի Հադրութի տունն ու այգին թողնելուց հետո մի քանի տուն է փոխել Հայաստանում։ Եղել են Քաջարանում, Առաջին Մասիվում, Դրոյի 7 հասցեում, իսկ այժմ Ռուբինյանց փողոցում գտնվող տներից մեկում են հաստատվել։

«Մենք էլ չհասկացանք, թե մեր հետ ինչ կատարվեց։ Ես հիմա ինձ եմ մեղադրում Արայիկիս հետ կատարվածի համար, հա՛, ես եմ մեղավոր, որովհետև իմ մինուճար որդուն թողեցի բախտի քմահաճույքին։ Ես իրան կարող էի ինչ-որ ձև փրկել։ Աղջիկս ասում ա՝ մամա՛, քեզ մի՛ մեղադրի, Արան երբեք չէր գա, եթե բերեիր։ Ճիշտ ա ասում, չէր գա, բայց ես մի բան պիտի անեի, իսկ հիմա մնացել ենք անտեր ու անհայրենիք։

Մենք ստեղ շատ ենք կարոտում մեր տունը, ես միշտ ասում եմ՝ մեր տունը, մեր տունը, շատերն ինձ չեն հասկանում, ասում են՝ տանդ անունը մի՛ տուր, երեխուդ անունը տուր։ Էհ, հայրենիքը չկա, բա իմ երեխեն, իմ երեխեն ո՞ւր ա։ Միանգամից երկու բան ենք կորցրել՝ և՛ հայրենիք, և՛ երեխա, մենք միանգամայն անտեր ենք, անտեր»,- ասում է Նորան ու հուզվում։ 

Անի Մարտիրոսյան

MediaLab.am