«Ո՞վ է թույլ տալու, որ դրանց միջանցք տան, միայն մեր դիակի վրայով». Իշխանասարի ղեկավար

Նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում զինված բախումից հետո իրավիճակն այժմ հանգիստ է: «Նորմալ վիճակ է գյուղում: Ընդամենը երեկ՝ ժամը 2-6-ը, կրակոցների ձայներ ենք լսել սահմանից՝ գյուղից 25-30 կմ հեռավորության վրա, ու վերջ, իսկ հիմա հանգիստ է»,- «Մեդիալաբին» ասում է Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի ղեկավար Մարատ Պետրոսյանը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը դիմել էր սադրանքի՝ ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ կիրառելով ծանր զինտեխնիկա գնդակոծել էր հայկական դիրքերը: Սկսվել էին տեղային մարտեր: Ժամը 22:30-ի սահմանում, ՊՆ-ի հաղորդմամբ՝ ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվել էր:

Այսօր առավոտյան արդեն ՊՆ-ն հայտնեց, որ նախօրեին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, 13 գերի ու 24 անհետ կորած:

Մարատ Պետրոսյանի խոսքով՝ հրադադարից հետո կրակոցների ձայներ գյուղում չեն լսվել, ու պայմանավորվածությունը պահպանվում է, գյուղն էլ վերադարձել է բնականոն կյանքին:

«Լրիվ նորմալ է, դպրոցը գործում է, ժողովուրդը խաղաղ իրենց համար իրենց գործին է, մեր նախիրը դաշտում է: Մեր տերիտորիայում, ասեմ, շեշտեք էդ գյուղերի անունները՝ Շաքեն, Իշխանասարը, Նորավանը և Աղիտուն, այս գյուղերում ամեն բան կարգին ու խաղաղ է»,- ասում է Իշխանասարի ղեկավարն ու վստահեցնում, որ վարչական այս տարածքներում մարդկանց մեջ խուճապային տրամադրություններ չկան:

Մարատ Պետրոսյանը հորդորում է սուտ լուրեր չտարածել, թե, օրինակ՝ Անգեղակոթից մարդկանց տարհանել են: Նա ասում է՝ պետք է ներկայացնել ճշմարտությունը, մարդկանց մեջ խուճապ չպետք է տարածել:

«Էսօր մի հատ Զանգեզուր ունենք՝ Հայաստանի ողնաշարը, բերենք սա էլ տանք- պրծնե՞նք: Ո՞նց կարող է ստեղ միջանցք տան, ո՞վ է թույլ տալու, որ դրանց միջանցք տան: Ցանկացած թագավոր լինի, ինչքան ռուս ուզում է մտնի, միայն մեր դիակի վրայով պետք է դրանց միջանցք տան»,- ասում է Իշխանասարի գյուղապետը:

Նա գրեթե համոզված է՝ ադրբեջանական կողմի սադրանքները հենց այդ նպատակով են արվում, բայց վստահ է, որ հայկական կողմը միջանցք չի տալու:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am