Փարիզյան հանդիպումն առանց «նոր առաջարկների». մինչ ԵԱՀԿ համանախագահները մտահոգություն են հայտնում, շփման գծում կրկին հայ զինվոր է զոհվել

Փարիզյան հանդիպումն առանց «նոր առաջարկների». մինչ ԵԱՀԿ  համանախագահները մտահոգություն են հայտնում, շփման գծում կրկին հայ զինվոր է զոհվել
Փարիզյան հանդիպումն առանց «նոր առաջարկների». մինչ ԵԱՀԿ համանախագահները մտահոգություն են հայտնում, շփման գծում կրկին հայ զինվոր է զոհվել

Չնայած տարածաշրջանային այցով Բաքվում գտնվելու օրերին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն հայտարարել է, թե հունիսի 18-ին Փարիզում կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում «նոր առաջարկներ» են սպասվում, սակայն, կայացած հանդիպումը կարծես թե ոչնչով չի տարբերվում նախորդ «կառուցողականներից»:
Հունիսի սկզբին շփման գծում ստեղծված իրավիճակը, որը երկու կողմերում զոհեր եւ վիրավորներ թողեց, թերեւս առաջիկայում էական փոփոխություն չկրի, չնայած այսօր ընդունված հայտարարությանն ու հնչեցված մտահոգություններին:
Փարիզում այսօր կայացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ռոբերտ Բրադտկեի , Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման ավարտին տարածված հայտարարության մեջ համանախագահներն իրենց մտահոգությունն են արտահայտել շփման գծում վերջին միջադեպերի առնչությամբ՝ շեշտելով «1994 թվականի հրադադարի համաձայնագիրը հարգելու անհրաժեշտությունը»:
«Համանախագահները նախարարների հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում առաջ գնալու ուղիները, հետագա աշխատանքը հումանիտար կապերը զարգացնելու, հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմի ստեղծման, ինչպես նաեւ պատմական եւ մշակութային արժեքների պահպանման ուղղությամբ»,-ըստ «Ազատություն» ռադիոկայանի, նշված է հայտարարության մեջ:

 

«Արտաքին գործերի նախարարները արտահայտել են իրենց վճռականությունը` խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ համանախագահների հետ աշխատանքը շարունակելու հարցում, ինչպես նաեւ իրենց պատրաստակամությունը` ձեռնարկելու վստահության կառուցմանն ուղղված միջոցներ, որոնք կարող են բարելավել բանակցությունների մթնոլորտը», – ասված է հայտարարությունում:

Ըստ հայտարարության, հանդիպումն անցել է «դրական, կառուցողական մթնոլորտում», իսկ որպես հաջորդ քայլ՝ համանախագահները առաջիկա շաբաթներին կայցելեն տարածաշրջան:

Հիշեցնենք, որ այսօր կրկին անգամ շփման գծում հայ զինվոր է զոհվել: Ըստ լրատվամիջոցների, առավորտյան ժամը 08.25-ի սահմանում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Արամ Սիմոնի Գյուլնազարյանը:

© Medialab.am