«Երազումս ասում ա՝ մամա՛, չլացե՛ս, դու գիտես, որ ես գալու եմ»․ որդեկորույս մայրն ասում է՝ չի կարողանում հավատալ, որ որդին ողջ չէ

«Ես չեմ հավատում, սպասման մեջ եմ, որ կզանգի՝ ամեն օր, ամեն վայրկյան, եթե էդ հույսը չլինի, երևի ես չեմ կարողանա ապրել»,- ասում է 42-ամյա Քրիստինե Գորեյանը, որի որդին՝ 19-ամյա Մայիս Ավետումյանը, զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։

Մայիս Ավետումյանը պրոֆեսիանալ պարող էր, զբաղվում էր ժողովրդական պարով, ավարտել էր Պարարվեստի պետական քոլեջը, ապա ընդունվել Մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի բաժինը ու զորակոչվել բանակ։

Ժամկետային զինծառայությունն անցկացնում էր Մարտունի 3-ում, երբ սկսվեց Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։

Մայիսը սերժանտի կոչում ուներ, ջոկի հրամանատար էր, Մարտունի 3-րդ 7 -րդ վաշտի զինվոր էր։ Մոր խոսքով՝ հոկտեմբերի 11-ին 7-րդ վաշտի 73-հոգանոց ջոկատը տեղափոխել են Հադրութ հատուկ գործողության նպատակով, որտեղ էլ տեղի է ունեցել ողբերգական դեպքը։

«Մենք չգիտեինք, որ իրանց տեղափոխել են, շատ ուշ իմացանք: Մեզ ասում էին՝ տղաներն ապահով տեղում են, թաքնված են, բայց տղաները զոհվել էին՝ 73 զինվոր 3 հրամանատարի հետ»։

Մայրն ասում է՝ որդին և զինակից ընկերները պայքարել են 500 անձից բաղկացած թուրք հատուկջոկատայինների դեմ։

«Հոկտեմբերի 11-ին տեղափոխել են, նույն օրն էլ եղել է դեպքը»,- հուզմունքով ասում է որդեկորույս մայրը։

Մոր խոսքով՝ շուրջ 100 օր որդուց լուր չեն ունեցել, փնտրել են ամենուր, բայց տեղեկություն չեն ստացել: 100 օր անց, երբ Հադրութում որոնողական աշխատանքներ են կատարվել, Հադրութի անտառներից դուրս են բերվել տղաների մարմինները, այդ ժամանակ իմացել են։

«Ես չեմ տեսել երեխու մարմինը, ամուսինս էլ չի տեսել, սիրտ չի արել, որ մտնի, նայի։ Մեր բարեկամներն ասում են՝ հա, նման էր, ԴՆԹ-ն էլ հաստատվել ա, բայց ես ոչ մի բանի չեմ հավատում։ Ես սպասում եմ իմ որդուն»,- ասում է մայրը։ 

Քրիստինեն ասում է՝ ամեն վայրկյան զգում է որդու ներկայությունը, հաճախ երազում տեսնում է որդուն․ «Երազում ինքն ասում ա՝ վերադառնալու ա։ Ես ժամանակ առ ժամանակ իր հոտն էլ եմ զգում»։

Մայիսը սիրում էր կյանքը, կենսուրախ էր, միշտ ժպիտը դեմքին՝ որդու մասին պատմում է մայրը։

Մոր խոսքով՝ որդին սիրում էր վայելել կյանքի ամեն վայրկյանը։ Անգամ ամենադժվարին պահերին էլ Մայիսի դեմքից ժպիտն անպակաս էր։ 

«Փոթորիկ էր՝ մի բառով ասած, կյանքն իր մեջ եռում էր, մի րոպե հանգիստ չէր նստում, կվազեր, կթռներ, կպարեր։

Ասում էր՝ կյանքը գնում ա, պետք ա նենց ապրես, որ իմանաս՝ վերջին օրդ ա, պիտի նենց ապրես, որ հաճույք ստանաս քո կյանքից, ու ինքը հաճույք էր ստանում իր կյանքից, ամեն վայրկյանից, թեկուզ պարի միջոցով»։

Պարը Մայիսի տարերքն էր, ուներ նաև թատերական տաղանդ, որոշել էր պարն ու թատերական տաղանդը միավորել և ընտրել էր ռեժիսուրայի մասնագիտացումը։ Պետք է բանակից վերադառնար ու շարունակեր կրթությունը։

«Ինքը նաև աշխատում էր, խմբակ ուներ, պարում էին ռեստորաններում»։

Մայիս Ավետումյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և «Մարտական ծառայություն» շքանշաններով։

Մայրն ասում է՝ ամեն վայրկյան որդու ձայնն է ականջներում և խոսքը՝ երբեք չլացե՛ս։

«Պատերազմի ժամանակ որ նեղվում էի, իմ բնավորության համաձայն լացում, իմ տղան միշտ ասում էր՝ տուզիկ բաներ չանես, ասում էր՝ մա՛մ, չգիտե՞ս, որ դու շատ ուժեղ ես, դու չպիտի լացես, դու պիտի հպարտանաս, դու հերոս տղա ունես։

Հիմա էլ երազում ասում ա՝ մամա՛, չլացե՛ս։ Դու գիտես, որ ես գալու եմ»,- ասում է Քրիստինե Գորեյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am