«Անընդհատ ներողություն եմ խնդրում, որ չկարողացանք ոչ մի բանով օգնեինք»․ Նարեկը զոհվել է պատերազմի առաջին օրը

«Առաջին շչելը տրաքացրել են, որում եղել են 30 երեխա, 29 երեխա մեկ վայրկանում զոհվել են, որոնցից մեկը՝ իմ տղան»,- հուզմունքով ասում է 46-ամյա Նաիրա Թադևոսյանը, որը 44-օրյա պատերազմի առաջին օրը կորցրել է որդուն։

19-ամյա Նարեկ Հարությունյանը մեկ ամիս էր՝ ինչ զորակոչվել էր բանակ ժամկետային զինծառայության: Մինչև բանակ զորակոչվելը ընտանիքի հետ Ռուսաստանում է ապրել, որոշել է վերադառնալ, ծառայել, այնուհետև շարունակել իրագործել իր նպատակները։

«Մեր տղաներին մեծացրել ենք այն գիտակցումով, որ տղան պետք է արժանավայել ապրի, կապ չունի՝ հայրենիքից հեռու ենք գտնվում, ամեն դեպքում պետք է միշտ մեր հայրենիքի կողքին լինենք, որն էլ մեր համար ցավալի հետևանքներ ունեցավ»,- ասում է որդեկորույս մայրն ու հուզվում։

Նարեկն ընտանիքի հետ վերջին անգամ կապ է հաստատել սեպտեմբերի 26-ին, խոսել տան բոլոր անդամների ու ընկերների հետ։ 

Հաջորդ օրն առավոտյան տեղի է ունեցել ողբերգական դեպքը․ «Ամսի 27-ին լուսաբացին՝ ժամը 7-ն անց 35, երբ հրետակոծվել են զորամասը և Մարտակերտ քաղաքը»։

Նաիրան ասում է՝ սեպտեմբերի 28-ին հարազատները կարդացել են որդու անունը զոհվածների ցուցակում ու հայտնել իրենց։ Սեպտեմբերի 29-ին ընտանիքը առաջին իսկ չվերթով Ռուսաստանից վերադարձել է Հայաստան։

«Ու սկսվեցին մեր դառն ու դաժան օրերը։ Ոչ մի տեղից չէինք կարողանում երեխուց լուր իմանայինք, հետո սկսեցինք հիվանդանոցներում, մորգերում փնտրել, որտեղ հնարավոր էր։ Ամսի 30-ին գտանք, Վեդիի մորգում էր երեխեն»,- կսկիծով ասում է մայրը։

Նաիրան ասում է՝ թեպետ որդուն ճանաչել էին, նմանությունը մեծ էր, բայց միևնույն է՝ շարունակում էին հուսալ, որ որդին կզանգի, մի տեղից կհայտնվի։

Սակայն հոկտեմբերի 9-ին ընտանիքը տեղեկանում է, որ ԴՆԹ համընկնում կա։ «Էդ պահին աշխարհը փուլ եկավ»,- ասում է ու հուզվում մայրը։

Նարեկը Հարությունյանը սովորել է Մոսկվայի կոմերցիոն համալսարանին կից քոլեջում՝ մենեջմենթի բաժնում։ Զբաղվել է պրոֆեսիոնալ սպորտով՝ ձյուդո, սամբո, ազատ ըմբշամարտ՝ դառնալով Մոսկվայի, Միտիշիի չեմպիոն, Կենտրոնական Դաշնային շրջանի եռակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն։

Որդին հանգիստ բնավորություն ուներ, կշռադատված էր՝ ասում է մայրը․ 

«Երբեք ավելորդ քայլ չէր անի, որ որևէ մեկի նկատողությանն արժանանար, ուներ չափի զգացում։  Ինքը էությամբ բարի էր, պայծառ, լուսավոր։ Նույնիսկ մարդիկ կան, ասում են՝ տեսնում էինք, որ Նարեկը դուրս ա գալիս, ասում էինք՝ Արևը դուրս ա եկել, ա՛յ էդպես լուսավոր էր»։

Նարեկ Հարությունյանին հուղարկավորել են Եռաբլուրում։ Նաիրան ասում է՝ այլևս Ռուսաստան չեն վերադառնա՝ որդուն չեն կարող թողնել ու գնալ։

Մայրը հաճախ է գնում Եռաբլուր, զրուցում որդու հետ։ Ասում է՝ ամենաշատը «ներողություն» բառն է օգտագործում։

«Անընդհատ մի հարց ա հետաքրքրում՝ ինչի՞ համար էս մատաղ սերունդը․․․ անընդհատ փորձում եմ ներողություն խնդրել, կներեք մեզ, որ ձեզ կողքին չէինք, չկարողացանք ոչ մի բանով ձեզ օգնեինք, բայց աշխարհն էլ շուռ կտան բոլոր մայրերը իրենց երեխաներին փրկելու համար»,- արցունքների միջից ասում է որդեկորույս մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am