«Ես մնացել եմ 100-օրյա փնտրտուքի մեջ, շարունակում եմ սպասել, որ Գևորգս կգա»․ որդին զոհվել է, սակայն մայրը հույսը չի կորցնում՝ «սպասում եմ»

Չնայած հունվարի 19-ին ԴՆԹ պատասխանով Լիանան տեղեկացել է, որ որդին զոհվել է, բայց մայրը հույսը չի կորցնում, որ տեղի ունեցածը սխալմունք կլինի։

«Սպասում եմ Գևորգիս, դին տեսել եմ, բայց անճանաչելի էր»,- ասում է 39-ամյա Լիանա Ղազարյանը։

Լիանայի որդին՝ Գևորգ Մանուկյանը, ժամկետային զինծառայող էր, ծառայել է Արմավիրում, երբ սկսվել է պատերազմը։ Հոկտեմբերի 19-ին Գևորգն Արմավիրից տեղափոխվել է Կուբաթլու՝ առաջնագիծ։

Մայրն ասում է՝ որդու հետ վերջին անգամ խոսել է հենց հոկտեմբերի 19-ին, սակայն որդին չի ասել, որ տեղափոխվում է։ «Իր ընկերներից զանգեցին, ասեցին՝ մորքո՛ւր ջան, 15 րոպեից Գևորգին տանում են, մենք գնացինք տեսանք, ճանապարհեցինք։ 

Ասում էր՝ հանգստացի՛, մամա՛, պատերազմ չեն տանում, տանում են Խնձորեսկ։ Ասեցի՝ որ հասնեք, գոնե խաբար արա։ Բայց էդպես էլ ոչ զանգեց, ոչ մի լուր չիմացանք․․․»- կսկիծով ասում է Լիանան։

Մայրն ասում է, երբ հոկտեմբերի 24-ին լսել է, որ Կուբաթլուն անցել է հակառակորդի վերահսկողության տակ, որոշել է գնալ ԴՆԹ հանձնելու։ Չնայած որդու զինակից ընկերներն և հրամանատարներն ասել են, թե Գևորգը չի զոհվել։

«Չնայած մենք որոնում էինք Գևորգին ողջերի մեջ, բայց ԴՆԹ հանձնեցի։ Զինակից ընկերներից ասում էին, որ հոկտեմբերի 21-ին Գևորգը վիրավորներին ա օգնել, իրա զենքը չի աշխատել, եկել ա երկրորդ գծից ընկերոջ զենքն ա վերցրել, գնացել ա առաջ։ Զորամասի հրամանատարներն ասում էին՝ իրան զոհված չենք տեսել, հրամանատարի հետ գնացել ա առաջադրանք կատարելու։ Ըստ երևույթին, թաքնված ա»։

3 ամիս անց Մանուկյանները տեղեկանում են, որ Գևորգը զոհվել է Կուբաթլուում հոկտեմբերի 22-ին՝ ԱԹՍ-ի հարվածից։

Մայրն ասում է՝ որդու զոհվելու լուրն իմանալուց հետո կյանքը կանգ է առել։ «Ճիշտ ա, քայլում ենք, շփվում ենք, բայց կյանքը կանգնած է»,- ասում է ու հուզվում մայրը։

Գևորգը շատ հետաքրքրասեր էր, սիրում էր կյանքը ու շտապում էր ապրել ամեն վայրկյանը՝ պատմում է մայրը։

«Կյանքով լի էր, հիմա որ հեռվից նայում եմ, հասկանում եմ, որ ինքն ուզում էր ամեն ինչ տեսնել, փորձել, հասկանալ. զգալ։ Տարբեր մարզաձևերով ա զբաղվել՝ ազատ ոճի ըմբշամարտ, ֆուտբոլ, մարմնամարզություն, հաճախել է Թումո։ Մեքենաների հետ մեծ սեր ուներ, էդ գծով էր ուզում համալսարան դիմել։ 

Ծառայության ժամանակ էլ շատ հետաքրքրված էր զենքերով, ասում էր՝ մամա՛, ինչ հետաքրքիր ա էս զենքերի պատմությունը, առավոտյան որ զանգում էր, մի երկու րոպե էինք խոսում, ասում էր՝ լավ, մա՛մ, գնամ, չուշանամ, դասի ենք։ Առաջին անգամ որ տանկ էր նստել, զանգել ասում էր՝ մամա՛, մենակ իմանաս՝ ինչ մանյովրներ եմ անում տանկով: Շատ էր ոգևորվել զենքով, ճիշտ ա, որպես զինվորական չէր շարունակելու, բայց սիրով էր սովորում»։

Գևորգը տանը լուրջ էր, սակայն ընկերների շրջապատում ընդհակառակը՝ կարող էր երեխայական զվարճություններ անել, արկածներ փնտրել ընկերների հետ՝ պատմում է մայրը։

«Նույնիսկ ընկերները որ գալիս, դրվագներ են պատմում միասին լինելուց, տատիկն ասում ա՝ էս հաստատ Գևորգիս մասին եք պատմում։ Երեխայություններ կանեին, որը մեր ներկայությամբ երբեք իրեն թույլ չէր տա»։

Գևորգի զոհվելուց հետո Լիանան հոգեբանական ծանր վիճակում է հայտնվել։ 

Ասում է՝ 2-3 ամիս որևէ մեկի հետ չի ցանկացել շփվել։ Ավելի ուշ՝ ընկերանալով զոհված տղաների մայրերի հետ, կիսելով ցավն ու կսկիծը, սկսել է ինքն էլ իր մեջ ուժ գտնել։ 

«Գևորգս Եռաբլուրում ա, օր չկա, որ չայցելեմ, ու շատ մամաներ կան, որ այցելում են։ Իրար հետ շփվելով, իրար ուժ տալով՝ ապրում ենք։ Բոլորն էլ ցավում են, բայց երբ ցավը կոնկրետ հասկացող կա, դա ուրիշ ա։ Մամաների խորհրդով դիմեցի նաև հոգեբանի, էդ էլ որոշակի դրական արդյունք տվեց։ 

Բայց ես մնացել եմ 100-օրյա փնտրտուքի մեջ, շարունակում եմ սպասել, որ Գևորգս կգա»,- ասում է ու հուզվում մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am