«Մշտապես ռմբակոծություններ են, հաց չկա, կապ չկա, բանակցում ենք՝ կանաչ միջանցք տան, դուրս գանք». Դոնեցկի մարզի հայերի միության նախագահ

«Անընդհատ ռմբակոծություն է, խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը շատ է, մեծ մասն էլ այժմ Մարիուպոլում է, ոչ կապ կա, ոչ հաց»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ներկայացրեց Դոնեցկի մարզի հայերի միության նախագահ Վահագն Մաթևոսյանը:

Նա ասաց, որ Դոնեցկի մարզի Մարիուպոլ բնակավայր ելումուտն ամբողջությամբ փակ է: Մինչ այդ ինքը կարողացել է բազմաթիվ բնակիչների հետ միասին դուրս գալ Դոնեցկից և այժմ դրսից է փորձում բանակցությունների միջոցով մնացած բնակչությանը դուրս բերել ռազմադաշտ դարձած քաղաքից:

«Դեպի արևմտյան Ուկրաինա ճանապարհը գտնվում է ուկրաինական բանակի հսկողության տակ, այս օրերին ուկրաինացի զինվորականների հետ բանակցում ենք, որ մեզ կանաչ միջանցք տան: Ժողովրդին թույլ չեն տալիս դուրս գալ, որովհետև ճանապարհն անվտանգ չի, շատ վտանգավոր է»,- ասաց Մաթևոսյանը:

Նա դժվարացավ ներկայացնել՝ որքան հայ է դուրս եկել, և որքան մարդ է մնացել Մարիուպոլում. «Աշխատում ենք, որ երկու կողմն էլ տեղյակ լինի՝ խաղաղ ժողովուրդ կա, որին պետք է շարասյունով դուրս բերել: Տեսնենք՝ ինչ կստացվի: Առայժմ չենք կարողանում հաջողության հասնել»:

Նրա խոսքով՝ կրակի տակ ընկած բնակչությունն ամեն պահի սպասում է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները հաջողությամբ կավարտվեն: «Շատ մեծ հույս ունեմ, որ վերջիվերջո կպայմանավորվեն, ու այս ամեն ինչը կվերջանա»,- ասաց Մաթևոսյանը՝ նշելով, որ կան կամավորականներ, որոնք ամեն կերպ փորձում են բնակչությանը մի փոքր ուտելիք հասցնել:

Այսօր ավելի վաղ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ժողովրդական ոստիկանության ղեկավարի տեղակալ Էդուարդ Բասուրինը հայտարարել էր, որ Մարիուպոլ քաղաքն ամբողջությամբ շրջափակված է, նաև նշել, որ «ուկրաինական զորքերը թույլ չեն տալիս խաղաղ բնակչությանը լքել քաղաքը»:

MediaLab.am