«Ռուսաստանի և Ուկրաինայի առճակատումը շատ լուրջ խնդիր է մեզ համար, եթե իրավիճակը շատ սրվի՝ կողմերն կպարտադրեն Հայաստանին ընտրություն կատարել». Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

Պարո՛ն Ղևոնդյան, ռուս-ուկրաինական առճակատումն ի՞նչ փուլում է, և ինչո՞ւ կողմերին չի հաջողում ընդհանուր հայտարարի գալ բանակցություններում:

– Պատերազմն ընթանում է, գործնականում լուրջ տեղաշարժեր չկան, մի կողմից ռուսներին հաջողվում է առաջխաղացում  ունենալ, մյուս կողմից՝ ուկրաինացիներն անընդհատ դանդաղեցնում են այդ առաջխաղացման տեմպերը: Իհարկե, սա՝ ըստ ստացվող տեղեկությունների, որոնք իրականում խիստ հակասական են:

Տրամաբանական է, որ կողմերը չպետք է համաձայնության գան, որովհետև նրանց ցանկություններն իրար հակոտնյա են, քաղաքագիտական լեզվով՝ խաղը զրոյական գումարով է, այսինքն՝ կողմերից մեկի ցանկությունների բավարարումն անպայման լինելու է մյուս կողմի ցանկությունների հաշվին, չկա հատման կետ, որտեղ երկու կողմի ցանկությունն էլ հնարավոր է ինչ-որ չափով բավարարել, և ստացվում է, որ այս պահին համաձայնության գալ հնարավոր չէ:

Իսկ այդ ամենն ինչի՞ կարող է հանգեցնել:

– Դա կախված կլինի ռազմաճակատում առկա իրավիճակից. եթե կողմերից մեկը կարողանա վճռական առավելություն ստանալ, ապա, բնականաբար, մյուս կողմը կզիջի, եթե ոչ, ապա այս իրավիճակը կարող է բավական երկար շարունակվել:

Ստացվում է, որ բանակցությունների միջոցով ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծումը կախված է ռազմաճակատում տիրող իրավիճակի՞ց, պարո՛ն Ղևոնդյան:

– Այո՛, ուղղակիորեն կախված է դրանից, և թե այս պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանն ինչքան կկարողանա դիմանալ, իսկ ես չեմ կարծում, թե երկար դիմանա:

 – Ձեր տպավորությամբ՝ Ռուսաստանի Դաշնության հիմնական նպատակը ո՞րն է:

– Հիմնական նպատակն Ուկրաինայում իշխանափոխություն իրականացնելն ու այնտեղ իրեն հաշվետու իշխանություն ունենալն է, որի միջոցով հետագայում հնարավոր կլինի Ուկրաինան մասնակից դարձնել իրենց կայսերական ծրագրերին՝ միութենական պետություն, ԵԱՏՄ, ՀԱՊԿ և այլն, ինչի համար էլ ՌԴ-ն ամեն ջանք գործադրում է:

 – Ռուսաստանի կողմից Կիևի գրավումը, եթե նման բան լինի, ի՞նչ ազդեցություն է ունենալու աշխարհաքաղաքական զարգացումների վրա:

– Հնարավոր է, որ Կիևի գրավումով պատերազմին վերջ չդրվի, որովհետև Ուկրաինայի իշխանությունը կարող է հեռանալ այնտեղից ու պայքարը շարունակել, քանի որ ինչքան ռուսական ուժերը գնում են դեպի արևմուտք, այնքան ավելի կատաղի դիմադրության են հանդիպում, որովհետև ազգայնական ուժերն ավելի շատ կենտրոնացված են արևմտյան հատվածում: Սա՝ ռազմական ազդեցության առումով:

Կիևի գրավումը, իհարկե, բավականին լուրջ հոգեբանական ազդեցություն կունենա Ուկրաինայի ժողովրդի վրա, իսկ քաղաքական առումով այդ իրադարձությանը կհետևեն նոր պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ, ինչն ավելի կվատթարացնի այն իրավիճակը, որում այսօր Ռուսաստանն է:

– Իսկ մեր տարածաշրջանի ու, մասնավորապես, Հայաստանի վրա ստեղծված իրավիճակն ինչպե՞ս է ազդում ու ազդելու՝ քաղաքական առումով:

– Այդ առումով բավական խնդրահարույց է. մի կողմից մենք տեսանք, որ այս ընթացքում, իհարկե այսօր արդեն խախտվել է հարաբերական անդորրը, բայց հարաբերական անդորր էր մինչ օրս Ադրբեջանի հետ սահմանին ու նույնիսկ՝ դիսկուրսի մակարդակում, քանի որ աշխարհի ուշադրությունը սևեռված էր Ուկրաինային: Այդ հարաբերական անդորրը Հայաստանի համար ժամանակ էր ինչ-որ տնային աշխատանքներ կատարելու, ամրապնդելու սեփական անվտանգությունը տարբեր մեխանիզմներով, ես չգիտեմ՝ ինչքանով է Հայաստանն արել այդ ամենը:

Մյուս կողմից էլ դա շատ լուրջ մարտահրավեր է մեզ համար առաջին հերթին այն պատճառով, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան գործընկեր պետություններ են, ու նրանց միջև առճակատումը, առավելևս այն, որ Ուկրաինային պաշտպանում է Արևմուտքը, շատ լուրջ խնդիր է մեզ համար, որովհետև եթե իրավիճակը շատ սրվի, կողմերն ուղղակի կպարտադրեն Հայաստանին ընտրություն կատարել, ու այդ դեպքում Հայաստանը ստիպված կլինի որևէ ճամբար ընտրել, իսկ դա  առանց հետևանքների չի լինելու: Ես հույս ունեմ, որ Հայաստանի պատկան մարմինները նման զարգացումների համար սցենարներ մշակել են, որպեսզի հնարավորինս քիչ կորուստներով դուրս գանք այդ իրավիճակից:

 – Պարո՛ն Ղևոնդյան, իսկ ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց խախտել այդ հարաբերական անդորրը:

– Մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը սպասում էր, թե ինչ հանգուցալուծում կստանան Ուկրաինայի դեպքերը, բայց պարզ դարձավ, որ հանգուցալուծման մասին խոսելը դեռ վաղ է, ու այս իրավիճակում պետք է փորձեն իրենց շահերն իրականացնել:

Տեսնելով, որ այս իրավիճակում Հայաստանը կարող է ամրացնել իր անվտանգությունը, Ադրբեջանը փորձում է դա թույլ չտալ այսպիսի փոքր մասշտաբի սադրանքներով: Գուցե վաղը մեծ մասշտաբի սադրանք իրականացնի՝ բացառված չէ, բայց նպատակն է ուժ գործադրելով ճնշել Հայաստանի քայլերը՝ ուղղված իր անվտանգության ամրացմանը, մինչև կհանգուցալուծվի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ու ժամանակ կլինի արդեն ավելի լուրջ զբաղվելու մեր տարածաշրջանի հարցերով:

– Լայնածավալ պատերազմի ռիսկ չե՞ք տեսնում, որին կարող է դիմել Ադրբեջանը:

– Չէ՛, լայնամասշտաբ պատերազմն այսօր մեր տարածաշրջանում գրեթե բացառված է, որովհետև նման պատերազմի համար անհրաժեշտ են գլխավոր խաղացողների համաձայնությունը, նրանցից որոշակի երաշխիքների ստացում, իսկ այսօր կատարվողը գլխավոր խաղացողներին ուղղակի ժամանակ չի թողնում, որպեսզի նրանք այսպիսի բաների մասին մտածեն:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am