«Բժիշկներն ասեցին՝ մենակ հրաշք պետք ա կատարվի, որ ողջ մնա»․ մայրն ասում է՝ որդին զոհվել է, բայց միշտ իր հետ է

Մայրը չի մոռանում որդու վերջին անակնկալը, որ պատերազմի դաշտից, անգամ շրջափակման մեջ լինելով, փորձել է իր ծննդյան օրվա առթիվ անակնկալ մատուցել։

«Իմ ծննդյան օրը՝ հոկտեմբերի 1-ին, Ֆիզուլիում շրջափակման մեջ ա եղել, մի քանի վայրկյան ա ունեցել, հրամանատարին ասել ա՝ մամայիս ծնունդն ա, պետք ա անպայման զանգեմ։ Զանգեց-շնորհավորեց՝ մա՛մ ջան, ծնունդդ շնորհավոր, քեզ ամենալավ բաները, լա՛վ մնացեք, կզանգեմ ու անջատեց։ Հետո էլ ընկերների միջոցով ծաղիկ ուղարկեց։ 

Հիմա ինչ տոն լինում ա՝ մարտի 8, ծնունդ և այլն, Էդգարիս ընկերները իր պարտքը կատարում են»,- ասում է Էլիզա Շահնազարյանը ու հուզվում։

Այսօր Էդգար Բաղումյանի ծննդյան օրն է, նա կդառնար 20 տարեկան, սակայն ոչ ոք չի կարող անակնկալ մատուցել մի տղայի, որը սիրում էր բոլորին անակնկալ մատուցել։

«Այսօր ես միջոցառում եմ կազմակերպում՝ բայց առանց իրա»,- ասում է մայրն ու հուզմունքով շարունակում՝ որդու զոհվելուց հետո ամբողջ աշխարհը շուռ է եկել գլխին։

Էդգար Բաղումյանը երեք ամիս էլ չկար, որ ծառայում էր, երբ սկսվում է պատերազմը։ Էդգարն առաջին իսկ օրերից առաջնագծում պայքար է մղել հակառակորդի դեմ։

Սկզբում եղել է Ջրականում, այնուհետև՝ Աղդամում, Ֆիզուլիում, որտեղ թեժ մարտերից հետո շրջափակումից դուրս գալով հասել է Հադրութ։ Այնուհետև մարտերը շարունակել է Մարտունիում։ Հոկտեմբերի 26-ին գլխից բեկորային վիրավորում է ստացել, 2 օր անց զոհվել։

Մայրը պատմում է․ «Թշնամու հրետանին ու ինքնաթիռն են հարվածել։ Հրամանատարը խաբար ուղարկեց, թե վիրավոր ա, Հայաստան եմ ուղարկում։ Մայրական ինտուիցիաս հուշում էր, որ կամ չկա, կամ շատ ծանր վիրավոր ա։ Փնտրտուքների մեջ էինք, իրան բերել են Ստեփանակերտ, Գորիս, հետո՝ Երևան։ Երևանում բժիշկներն ասեցին՝ մենակ հրաշք պետք ա կատարվի, որ ողջ մնա։ Շատ էր արնաքամ եղել Էդգարս…»

Հոկտեմբերի 28-ի վաղ առավոտյան ընտանիքին հայտնում են, որ որդու սիրտը կանգ է առել։

Մայրն ասում է այդ լուրը լսելուն պես՝ կյանքը մի ակնթարթում կանգ առավ։

«Մենք ամբողջ պատերազմի ժամանակ շնչում էինք միայն զանգից զանգ։ Իսկ լուրն իմանալուց հետո իմ կյանքը կանգ ա առել»,- հուզմունքով ասում է Էլիզան։

Էլիզան հիշում է՝ որդին պատերազմի դաշտից զանգելիս մշտապես խոսում էր շատ հանգիստ, ծիծաղով, տան անդամներին ոգևորելով։ Անգամ ռմբակոծության ու հրետակոծության ժամանակ չէր խառնվում, ընդհակառակը՝ ասում էր՝ ամեն ինչ կարգին է, մենք սովորել ենք։

«Ինքը վախ չուներ, նենց էր խոսում՝ ոնց որ ինքը պատերազմի դաշտում չլիներ, հետո եմ իմացել, որ թեժ կետերում ա եղել»,- նշում է մայրը։

Որդու զինակից ընկերները Էլիզային պատմել են, որ նա քանիցս հայտնվել է շրջափակման մեջ, դուրս գալուց հետո ասել՝ ստեղից էլ դուրս եկանք, մեզ մեռնել չկա։ Օգնել է վիրավորներին, հանել մարտի դաշտից, օգնություն ցույց տվել։

Մոր խոսքով՝ որդին շատ հումորով էր, պատերազմի ժամանակ էլ հումորով ոգևորել է տղաներին։ 

«Տղաներից մեկը պատմեց, որ երբ վիրավորվել ա, էդգարն ա իր հետ եղել, սնիկերս ա տվել, վերջում էլ թուշը պաչել ա, ասել՝ գնա, լավ ա լինելու, շտապօգնությունն էլ որ եկել ա, ասել ա՝ ուշօգնությունն էկավ։ Միշտ իր հումորը տեղն էր, ես հիմա ապրում եմ էդ հուշերով ու պատմություններով»,- հուզվում է մայրը։

Մայրն ասում է, որ մինչ ծառայության գնալը որդին նպատակ ուներ կրթությունը շարունակել, բիզնես հիմնել: 

«Էդգարս սովորել է Մասիս քաղաքի գյուղատնտեսական քոլեջում՝ մենեջմենթի կառավարում բաժնում, որոշել էր բանակից գալ և շարունակել կրթությունը, բայց ամեն ինչ կիսատ մնաց…»

Էլիզան ասում է՝ ծանր է կորուստը, ցավը՝ մեծ, սակայն փորձում է ապրել՝ հանուն աղջկա և Էդգարի հիշատակը վառ պահելու։ Շեշտում է՝ էդգարը ֆիզիկապես ներկա չէ, բայց մշտապես իրենց բոլորի հետ է, բոլորի մտքում:

«Եթե մենք տեսանք էդ արհավիրքը ու չմեռանք, պիտի ապրեմ՝ հանուն էլենիս ու էդգարիս հիշատակը վառ պահելու։ Օրվա մեջ 24 ժամ էդգարն իմ հետ ա, ամեն քայլի իմ հետ ա, խոսում եմ իր հետ, խորհրդակցում»,- հուզվում է մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am