«Իրականում, եթե ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները չկատարեին, Արցախում հայ չէր մնա». պատգամավոր

Արցախի Ազգային ժողովի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը պնդում է՝ Արցախի նկատմամբ այս օրերին Ադրբեջանն ագրեսիա է կիրառում:

«Արցախի Հանրապետության նկատմամբ ագրեսիա է կիրառվում: Փաստորեն կարող են սպառնալ ու մի հատ էլ գալ տարածքներ գրավել»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց Բալայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը՝ «ցանկացած պահի ժամանակակից սպառազինություն և մարտական այլ միջոցներ» կիրառելու մասին:

Մարտի 24-ին, հիշեցնենք, ադրբեջանական զինված ուժերը ներխուժել էին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի տարածք ու հարակից դիրքեր, որոնք գտնվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում: Առաջին օրերի ընթացքում ադրբեջանական կողմը կիրառել է տարբեր տեսակի զինատեսակներ, հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Բայրաքթար TB2»: Զինված հարձակման հետևանքով զոհվել էր 3 պայմանագրային զինծառայող, 14 զինծառայող էլ ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ:

Դաշնակցական Վահրամ Բալայանի խոսքով՝ հայկական կողմը պետք է բոլոր հնարավոր ուժերը ներդնի պաշտպանություն իրականացնելու համար: Այն, որ հայկական ուժերը ակտիվ մասնակից են եղել տեղային պաշտպանությանը, փաստում է նաև այսօր Արցախից տարածված պաշտոնական հաղորդագրությունը. «Շնորհիվ Արցախի զինված ուժերի խիզախ ջանքերի՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը»։

Այսօր նաև արցախյան կողմը պաշտոնապես հաստատեց երեկ ՌԴ ՊՆ-ից տարածված տեղեկությունը, որ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։

«Եթե ուզում ես քո հարցերը լուծել, պետք է դրա համար բոլոր հնարավորություններդ օգտագործես, հակառակ դեպքում ոչ մեկը չի լուծի քո հարցերը»,- նշեց արցախցի պատգամավորը:

Հարցին՝ Ռուսաստանի Դաշնությո՞ւնն էլ չի լուծի, Բալայանն արձագանքեց. «Դե, քեզ կարող են օգնել, կարող են օժանդակել, բայց քո հարցը ոչ մեկը չի լուծի: Դու ինքդ պետք է քեզ հետաքրքրող հարցը լուծես»:

Ո՞ւմ նկատի ունի պատգամավորը՝ Արցախի իշխանությունների՞ն, թե՞ Հայաստանի, մյուս հարցին, Բալայանն արձագանքեց. «Ես դրանք իրարից չեմ անջատում, եռամիասնությամբ պետք է մեզ հուզող հարցը լուծենք՝ Հայաստան, Արցախ և սփյուռք: Մենք փոքր տարածքով ու քիչ ռեսուրսներով երկիր ենք, և պետք է բոլորս մեր ուժերը մեկտեղենք ու միայն այդ ճանապարհով՝ միասնաբար, մեր հարցը լուծենք: Ես ինչքան մտածում եմ, այլ ճանապարհ չեմ գտնում: Պետք է լինեն քաղաքական ուժերի կոնսենսուս, աշխատանք»:

Դիտարկմանը, թե կարծես հիասթափություն կա Արցախում ռուս խաղաղապահ ուժերի գործողություններից, պատգամավորը պատասխանեց. «Ամբողջ ծանրությունը նրանց վրա է դրված: Հավանաբար պետք է ռուսական ուժերի հետ համագործակցությունն ավելի կոնկրետացնել: Իրականում, եթե ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները չկատարեին, Արցախում հայ չէր մնա»:

Այդուհանդերձ, ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում, պատգամավորի կարծիքով, ռուսական կողմը խաղաղապահներին չի հեռացնի Արցախից:

«Ես նման նախադրյալներ չեմ տեսնում, որովհետև չեմ կարծում, թե նրանք այդչափ կարճաժամկետ ժամանակահատվածով են մտել այս տարածաշրջան»,- նշեց Վահրամ Բալայանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am