Երևանի կենտրոնում աննախադեպ աշխուժություն է, ակտիվություն է նկատվում նաև Հայաստանի այլ քաղաքներում: Մի կողմից ռուս-ուկրաինական պատերազմը, որը պատճառ եղավ, որ Հայաստանը հազարավոր ռուսաստանցիների, նաև ուկրաինացիների համար հանգրվան դառնա, մյուս կողմից՝ պարսկական Նովրուզը զգալիորեն կենդանացրել են մոնոէթնիկ համարվող Հայաստանի գարունը:
«Այս տարի Հայաստան շատ էինք ուզում գալ, քովիդի պատճառով շատ փակված մնացինք: Նովրուզը լավ հնարավորություն էր կրկին ճամփորդելու համար,- «Մեդիալաբին» ասում է Թավրիզից Երևան այցելած Իրվինը: – Այս տարի Երևանը շատ է փոխվել, փողոցներում բազմաթիվ այլազգիներ կան՝ հիմնականում ռուսներ, որոնք հաճախ մեզ հետ զրույցի են բռնվում՝ անգլերենով տարբեր հարցեր տալիս, ուրախանում որ մեզ հանդիպեցին: Նախկինում երկու անգամ Հայաստան ենք այցելել, բայց այսպես չի եղել»:
Ոլորտի մասնագետները նշում են՝ վերջին ամիսներին այցելությունների թիվը Հայաստան ակտիվացել է: Իսկ մարտին դրան գումարվել է իրանցիների արդեն ավանդական դարձած հետաքրքրությունը՝ Նովրուզն ավելի հանգիստ ու ազատ պայմաններում նշելու համար:
Արդեն ավելի քան երկու ամսից ավել է, ինչ իրանական գործակալությունները իրանցիների շրջանում գովազդում են դեպի Հայաստան «Նովրուզ տուրերի» մասին: Հայաստանը ներկայացվում է ճամփորդության համար շատ մատչելի, միեւնույն ժամանակ լավ ժամանակ անցկացնելու լավագույն ուղղություններից մեկը:
«Հայերը թեեւ Նովրուզ չեն նշում, սակայն հյուրասեր են ու բարյացակամ, խոհանոցը համեղ է, կլիման բարենպաստ, իսկ տեսարժան վայրերի պակաս չկա»,-նշված է իրանական գործակալություններից մեկի հայտարարության մեջ, որը զբոսաշրջիկներին Հայաստան հնգօրյա «մատչելի» ուղեւորություն է առաջարկում:
Ուղեւորությունը ներառում է տուրեր դեպի Գառնու տաճար, Սեւանա լիճ, Ծաղկաձորի լեռնադահուկային համալիր, Գեղարդ, Էջմիածին, վարդագույն քաղաք՝ Երեւան եւ այլ տեսարժան վայրեր:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը «Մեդիալաբին» ասում է՝ ի տարբերություն Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից այցելությունների, Իրանից այցելությունները հենց զբոսաշրջության նպատակով են: Ամեն տարի Նովրուզը նշելու նպատակով Իրանից Հայաստան են ժամանում մեծ թվով զբոսաշրջիկներ: Ինչպես հավաստիացնում է Ապրեսյանը, Հայաստանում իրանցիներն իրենց բավականին ընդունված ու սպասված են համարում, դրա համար էլ ամեն տարի Նովրուզի տոնակատարությունը այստեղ են անցկացնում:
«Իրանից եկած զբոսաշրջիկների հստակ թիվն էլ պարզ կլինի ապրիլի վերջին, բայց եթե դիտարկենք միայն ինքնաթիռներով այցելությունները, պետք է փաստենք, որ այդ ճանապարհով հոսքը բավականին ակտիվ էր: Միայն մեր հայկական փոխադրող «Ֆլայ Արմենիա էյրվեյզի» տվյալներով՝ այս ժամանակահատվածում ավելի քան 3000 այցելություն է եղել, բայց դա մաքսիմում թիվը չէ, այցելուներն ավելի շատ են եղել Իրանից: Անցյալ տարի առաջին եռամսյակում Իրանից այցելությունների ցուցանիշը եղել է 9500, իսկ 2020-ին՝ 11000»,- ասում է Ապրեսյանը:
Վիճակագրության համաձայն, 2021 թվականին՝ միայն առաջին եռամսյակում, Հայաստանում գրանցվել է 86 հազար զբոսաշրջային այցելություն, իսկ ամբողջ տարվա տվյալներով Հայաստան է այցելել 870 հազար զբոսաշրջիկ:
Կգերազանցե՞ն այս տարվա առաջին եռամսյակի տվյալները նախորդ տարվա տվյալները՝ պարզ կլինի միայն ապրիլի վերջին, երբ կհրապարակվի եռամսյակային ցուցանիշը:
Ապրեսյանը ասում է, որ Հայաստան այցելությունների նկատելի ակտիվություն կա, բայց դա զբոսաշրջային չի համարում, որովհետև մեծ ներհոսքը պայմանավորված է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմով:
«Պլանավորված զբոսաշրջային այցելություններն անգամ այս պահին չեղարկվում են, խոսքը Ռուսաստանից սպասվող այցելությունների մասին է: Զբոսաշրջային սեզոնը դեռ առջևում է, հուսանք, որ զբոսաշրջիկները կսկսեն գալ, ու այս տարվա ցուցանիշները կգերազանցեն նախորդ տարվա ցուցանիշները, և կհասնենք 2019-ի ցուցանիշներին»,- «Մեդիալաբին» ասում է Ապրեսյանն ու ընդգծում, որ ամեն բան կախված է նաև տարածաշրջանային կայունությունից, որովհետև անկայունությունը հաճախ զսպիչ գործոն է զբոսաշրջիկների համար:
«Ասել, որ այսօր Հայաստանում միայն Ռուսաստանից և Ուկրաինայից այցելուներ են, սխալ կլինի, այլ երկրներից նույնպես կան»,- ասում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը:
Մեխակ Ապրեսյանը հույս է հայտնում, որ ռուսական ռուբլու հետ կապված խնդիրը ևս շուտով կկարգավորվի, և ոլորտը վերջապես կայունացման փուլ կմտնի:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am