«Միակ հույսս՝ որ մենք իրար կհանդիպենք երկնքում»․ 2 ամսվա զինծառայող 18-ամյա Դավիթը զոհվել է Ջրականում

49-ամյա Աննա Մխիթարյանը ամեն անգամ հուզվում է, երբ սկսում է որդու մասին պատմել: Ասում է՝ մեծ ցավ է իր համար անցյալը հիշել, երբ որդին՝ Դավիթը, որը անսահման սիրում էր կյանքը, զրույցների ժամանակ ասում էր, թե կուզեր երկար ապրել, բայց զգում է, որ կարճ է ապրելու։

«Ասում էր՝ երկար չեմ ապրելու, բայց մեռնելուց մարդ հերոսի մահով մեռնի, ոչ թե անկապ մի բանից»,- հուզմունքը կոկորդում խեղդելով որդու խոսքն է հիշում մայրը։ 

Աննայի որդին՝ 18-ամյա Դավիթ Հակոբյանը, զոհվել է պատերազմի ժամանակ։

Մայրն ասում է՝ միակ հույսն այն է, որ երկնքում կհանդիպի որդուն․ «Միակ ուժ տվող բանը, որ էս բաժանումը ժամանակավոր ա, մենք իրար կհանդիպենք»,- ասում է որդեկորույս մայրը։

Դավիթ Հակոբյանը 2 ամիս էր՝ ինչ զինվորական ծառայության էր մեկնել Ջրական, երբ սկսվել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ 

Դավիթը զինակից ընկերների հետ մարտի մասնակցելիս շրջափակման մեջ է հայտնվել, այնուհետև դուրս եկել, դիրք գրավել, սակայն ընտանիքի անդամներին մշտապես ասել է, թե նորակոչիկները պատերազմին չեն մասնակցում, «իր բառերն էին՝ սաղ տոչնի ա, սաղ լավ ա»։

Հոկտեմբերի 13-ին Դավիթ Հակոբյանը երեք ժամկետային զինծառայողի և սպայի հետ միասին զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից։

«Վիրավորումը ստացել է ոտքի ու փորի հատվածում, Դավիթը մոտ 20 րոպե շնչել ա, բայց գլխավոր աորտան ա վնասված եղել, չեն հասցրել հիվանդանոց տանել, արյունաքամ ա եղել»,- որդու զինակից ընկերների պատմածն է փոխանցում մայրը։

Աննան ասում է՝ մայրական սիրտը վկայել է, որ որդին զոհվել է, չնայած սկզբում ասել են, թե վիրավոր է։

«Տեղեկություն ստացանք, որ ուղղաթիռով պետք ա տանեն Ստեփանակերտ։ Ամեն տեղ փնտրում էինք՝ Արցախում, Հայաստանում, բայց չկար։ Ամսի 15-ին գտանք Գորիսի մորգում»,- ցավով ասում է մայրը։

Մայրն ասում է՝ որդու զոհվելու լուրից հետո մղձավանջային օրեր են սկսվել, կյանքն իմաստը կորցրել է։ 

«Երկու աղջիկներս ամուսնացած են, Դավիթի հետ էին արդեն մեր պլանները, իրա մասին էինք մտածում, որ բանակից գա, ուսում ստանա, աշխատանք ունենա, պապան որոշել էր մեքենա գներ, սիրած աղջիկ ուներ, ամուսնանար, լիքը պլաններ ու․․․ միանգամից էդ ամեն ինչը չկա»,- ասում է ու կրկին հուզվում մայրը։ 

Աննան նշում է՝ միայն քահանային քանիցս այցելելուց հետո է սրտում հանգստություն գտել:

«Իմ առաջին միտքն էն էր՝ տեսնես ունի՞ հավիտենական փրկություն։ Քահանայի հետ հանդիպեցինք մի քանի անգամ, զրուցեցինք, ասեց՝ հանգի՛ստ եղեք, հաստատ փրկված ա։ Դա ինձ հանգստացրեց»,- ասում է մայրը։ 

Դավիթը շատ աշխույժ էր, կատակասեր, ժպիտը դեմքին, ընկերասեր՝ պատմում է մայրը ու նշում՝ որդին երազում էր ճամփորդել, ցանկանում էր Բրազիլիայում լինել, ԱՄՆ-ում և անպայման բիզնես ունենալ։

Մայրն ասում է՝ մինչև բանակ գնալն էր որդին փոքրիկ բիզնես սկսել ընկերոջ հետ.

«Կիսաֆաբրիկատներ էին սարքում ընկերոջ հետ, միս էին առնում, քյաբաբ սարքում ու առաքում սննդի կետեր»։

Աննան ասում է՝ հաճախ է որդուն երազում տեսնում, որդին հարազատների, ընկերների երազում հայտնվելիս մշտապես ասում է. «Ես կամ, ես մեռած չեմ, երկնքում եմ, տոնախմբության մեջ եմ, արքայության մեջ եմ»։ 

«Դա ա հույս տալիս»,- ասում է մայրը ու նշում՝ վիշտը հոգում է տանում, բայց բոլորին միշտ ասում է՝ լավ է։ 

«Ինչ կա՝ իմ մեջ ա, վերք ա, որ երբեք չի լավանա, բայց երբ հարցնում են՝ ոնց ես, ասում եմ՝ լավ եմ, չեմ ուզում իմ դարդն ուրիշներին փաթաթեմ, ես ու որդիս էդ առումով շատ նման ենք»,- նշում է որդեկորույս մայրը։

Դավիթ Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:

Արփինե Արզումանյան

MediaLab.am