«Փոխնակ մայր լինելը հիմա հայրենասիրության նման մի բան կարող է լինել». զոհված զինծառայողների ծնողները դիմում են փոխնակ մոր ծրագրին

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերի մոտ ևս մեկ անգամ հղիանալու ցանկությունը մեծ է, և նրանք շարունակում են դիմել պետական միջոցներով իրականացվող անպտղության հաղթահարման ծրագրին:

Fertility center պտղաբերության կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանն ասում է՝ ավելի քան 100 կին է դիմել անպտղության հաղթահարման պետական ծրագրին: Մինչև տարեվերջ սպասվում է, որ կլինի շուրջ 200 զույգ, որոնց հետ մասնագետներ կաշխատեն: 2021-ին ծրագրի մեկնարկից սկսած մինչ այժմ 7 ծննդաբերություն է կատարվել: Այս պահին հղի է շուրջ 27 կին:

 «Գործը գնում է առաջ: Երեկ էլ, օրինակ՝ իմացանք, որ մի կին արդեն հղի է արտամարմնային բեղմնավորման արդյունքում: Այս խումբը շատ յուրահատուկ է, բացի պատերազմի հետևանքով ստացած հոգեբանական ծանր հարվածներից, նաև տարիքի հետ կապված առողջական խնդիրներ ունեն, հետևաբար մենք սկզբում փորձում ենք լուծել այդ առողջական խնդիրները, հետո միայն սկսել բեղմնավորման պրոցեսը»,- «Մեդիալաբին» ասում է Համբարձումյանը:

Արհեստական բեղմնավորման դիմող կանանց միջին տարիքը 40-53 տարեկանն է: Էդուարդ Համբարձումյանի խոսքով՝ կանայք շատ դեպքերում առողջական վիճակի ստուգումներ չեն անցնում, և միայն բեղմնավորման ծրագրին դիմելուց ու ստուգումներն անցնելուց հետո է պարզվում, որ ունեն բազմաթիվ խնդիրներ: Մասնագետն ասում է՝ եղել են դեպքեր, որ ստուգումների արդյունքում վաղ շրջանի քաղցկեղ է հայտնաբերվել: «Զույգեր ունենք, որ մեկ տարուց ավելի է՝ փորձում ենք բուժել, և բեղմնավորման գործընթացը ձգձգվում է»,- նշում է նա:

Երբ բեղմնավորման գործընթացը այդպիսի զույգերի մոտ չի ստացվում կամ խորհուրդ չի տրվում, նրանց առաջարկվում է դիմել պետության առաջարկած մեկ այլ ծրագրի՝ փոխնակ մոր և դոնորի օգնությանը: Սակայն այս դեպքում էլ խնդիր կա՝ շատերը կամ ցանկանում են, բայց չեն կարողանում, կամ պարզապես չեն դիմում փոխնակ մայր լինելու համար:

Փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու նպատակով, հիշեցնենք, պետությունը փոխհատուցում է տրամադրում զոհված զինծառայողների այն ծնողներին, որոնք ցանկանում են կրկին երեխա ունենալ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ առողջապահության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների համագործակցությամբ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ աջակցության առավելագույն չափը փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար կազմում է պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն դրամը: Իսկ դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար աջակցության առավելագույն չափը կազմում է այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 600 հազար դրամը:

Պետական աջակցությամբ այս ծրագրերն իրականացվում են Պտղաբերության կենտրոնում, և կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանն ասում է՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու պահանջը մեծ է, մինչդեռ փոխնակ մայր լինելու համար շատ քիչ կանայք են դիմում: Այժմ 25 փոխնակ մոր կարիք կա, որոնցից 20-ը զոհված զինծառայողների ծնողներ են:

Փոխնակ մայր լինելու համար հիմա պահանջվում է, որ նա լինի 35 տարեկան, սակայն Համբարձումյանն ասում է՝ առողջապահության նախարարությանը առաջարկ են ներկայացրել ընդլայնել այդ խմբի համար պահանջվող տարիքը՝ մինչև 38 տարեկան:

«Մեզ շատ և շատ փոխնակ մայրեր են պետք: Պահանջը այդ ծառայությունից օգտվելու շատ է մեծացել: Մենք հիմա փոխնակ մայրերի մեծ կարիք ունենք, որպեսզի օգնենք զոհված զինծառայողների ծնողներին: Զոհված զինծառայողների ծնողների համար փոխնակ մայրությունը հայրենասիրության նման մի բան կարող է լինել հիմա: Կուզեինք, որ մի քիչ ավելի ակտիվ լինեին այն կանայք, որոնք մտածում են՝ գնա՞ն այդ քայլին, թե՞ ոչ: Ինձ թվում է՝ դա շատ մեծ հայրենասիրական քայլ կլիներ, եթե նրանք փոխնակ մայր դառնային մեր որդեկորույս ծնողների համար»,- ասում է Էդուարդ Համբարձումյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am