«Ինքը գաղտնի ա կամավորագրվել, ասում էր՝ մա՛մ ջան, չեմ գնալու»․ մայրն ասում է՝ մինչև հիմա էլ սպասում է որդուն

51-ամյա Սաթիկ Քարտաշյանը հուզմունքով պատմում է, որ տեղյակ չի եղել, որ որդին պատերազմի լուրն իմանալուն պես կամավորագրվել է մարտի դաշտ մեկնելու համար։ Մայրն ասում է՝ որդու որոշման մասին իմանալով՝ փորձել է հետ պահել, սակայն ապարդյուն, տղան ոգևորությամբ և առանց երկմտելու մեկնել է առաջնագիծ։

«Ինքը գաղտնի ա կամավորագրվել, անընդհատ ասում էի՝ Նարեկ ջան, չես գնալու, տան միակ տղան ես, մտքիցդ հանի, ասում էր՝ հա, մա՛մ ջան, չեմ գնալու… ինձ խաբում էր»,- հիշում է ու հուզվում Սաթիկը։

Սաթիկի որդին՝ 21-ամյա Նարեկ Քարտաշյանը, հոկտեմբերի 5-ին Ֆիզուլի է գնացել, այնտեղ թշնամու դեմ կռվել։ Հոկտեմբերի 14-ից Նարեկն այլևս ընտանիքի հետ կապ չի հաստատել։

Սաթիկն ասում է՝ երբ որդուց լուր չեն ունեցել, սկսել են կասկածել, որ ինչ-որ բան այն չէ։ Սակայն մինչև որդու մարմինը գտնելը հույս ունեին, որ ողջ է, գուցե գերի է ընկել։

«Բայց իրա ընկերներին որ սկսեցին հանել, ԴՆԹ-ն հաստատվում էր, արդեն հույսներս կտրեցինք։ Նարեկիս գտել ենք փետրվարի 7-ին»,- ցավով ասում է մայրը։

Նարեկ Քարտաշյանը զոհվել է հոկտեմբերի 14-ին ԱԹՍ-ի հարվածից։

Սաթիկն ասում է՝ մինչ օրս էլ չի հավատում, որ Նարեկը չկա։ Ասում է՝ չի տեսել որդու մարմինը ու շարունակում է սպասել։ «Առանց իրա ո՞նց կլինի, մինչև հիմա էլ չեմ հավատում, ամեն վայրկյան ես գիտեմ՝ ինքը գալու ա: Որ իրան բաց վիճակում չենք տեսել, չեմ էլ պատկերացնում, հույսով սպասում ենք․․․»- ասում է ու հուզվում մայրը։

Նարեկ Քարտաշյանը ծնվել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում։ Սովորել է Հայաստանի ագրարային համալսարանում՝ գինեգործության բաժնում, տեղափոխվել 3-րդ կուրս, սակայն ուսումը կիսատ է մնացել։

«Իրա ամբողջ երազանքներն ու նպատակները մնացին կիսատ»,- ասում է մայրն ու հուզմունքով հիշում որդու խոսքը, որը մարտի դաշտ գնալիս ասել է՝ սրբերն իրեն կպաշտպանեն ու չի զոհվի։

Նարեկը Քարտաշյանների միակ տղան էր, ծնվել է երեք քույրերից հետո։ Կյանքով լեցուն էր, ուրախ, ընկերասեր՝ պատմում է մայրը։

Սաթիկն ասում է՝ որդին աչքի էր ընկնում հայրենասիրությամբ։ «Պատերազմի ձայնը լսեց թե չէ, միանգամից ոգևորվեց, դրոշակը կապեց ավտոյի հետևից, վայեննի շորերը հագավ»,- ասում է մայրը։ 

Սաթիկն ասում է՝ Նարեկից հետո կյանքը գլխիվայր շրջվել է, տանն այլևս նախկին աշխուժությունն ու ուրախությունը չկան։ Կարոտ է ու ցավ։ «Ահավոր ա առանց իրա մեր կյանքը»,- ասում է ու հուզվում մայրը։

Սաթիկն ասում է՝ հաճախ է որդու գերեզման գնում, երբեմն բարկանում է տղայի վրա, որ մոր խոսքը չլսեց ու գնաց անվերադարձ։

«Հետո փոքր աղջկաս երազին էր եկել, ասել էր՝ մամային ասեք, որ չլացի»։

Նարեկ Քարտաշյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:

Արփինե Արզումանյան

MediaLab.am