«Եղբայր, ի՛նչ Հուրգադա, ինչո՛ւ հարստացնել թուրքական ավիաընկերությանը». մասնագետն ասում է՝ ազգային փոխադրողի մենեջմենթը սխալ է ընտրվել

«Ֆլայ Արնա» (Fly Arna–Armenian National Airlines) ավիաընկերությունը, որը ներկայացնում է «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն և, ըստ էության, համարվում է բյուջետային՝ լոուքոսթ (low cost) ընկերություն, իր առաջարկներով հիասթափեցրել է հայաստանցի սպառողին: Զբոսավար Անդրանիկ Իսպիրյանը, որը դեպի Իսրայել զբոսաշրջային այցելություններ է կազմակերպում, ասում է՝ ինչպես ոլորտում գործունեություն իրականացնող մասնագետները, այնպես էլ սպառողները տարակուսած են՝ ինչու է ազգային ավիափոխադրողն առաջարկում դեպի Եգիպտոս, այսինքն՝ այնպիսի ուղղություն, որի առաջարկները շուկայում լի են:

«Երկար ժամանակ ազդարարվեց այս ընկերության մուտքի մասին, և մեր բոլորի հարկերով, այսինքն՝ պետական բյուջեի միջոցներով ստեղծված ավիաընկերությունը պետք է մտածի հանրության մասին և առաջարկի այնպիսի ուղղություններ, որոնք հասանելի չեն հայ սպառողին: Բայց մտան շուկա ու առաջարկեցին դեպի Հուրգադա կամ Շարմ էլ Շեյխ, որի պակասը չէր զգացվում»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Անդրանիկ Իսպիրյանը:

«Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն գրանցումն ստացել է 2021-ի դեկտեմբերի 10-ին: Ստեղծման հիմքում եղել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ, ANIF – Armenian National Interests Fund) և արաբական Air Arabia բյուջետային ավիաընկերության միջև ստորագրված համաձայնագիրը:

Մինչև ընկերության գրանցումը՝ հոկտեմբերին, Հայաստանի Կառավարությունը որոշեց ԱՆԻՖ-ի կանոնադրական կապիտալն ավելացնել 4.733.720.000 դրամով, որը նախատեսված էր «Ֆլայ Արնայի» բաժնետոմսերի դիմաց վճարելու համար:

Պետական գրանցումից հետո «Ֆլայ Արնան» մեծ հանդիսավորությամբ հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իրենց շնորհել է օդանավ շահագործողի վկայական: Նկատենք՝ սա անհրաժեշտ է, որպեսզի ընկերությունը կարողանա զբաղվել կոմերցիոն ավիափոխադրումներով:

Թեպետ ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը հայտարարել էր, թե թռիչքները կմեկնարկեն այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին, բայց ընկերությունը առաջին թռիչքն իրականացրեց հուլիսի սկզբին, այն էլ՝ Հուրգադա:

Իսպիրյանն ասում է՝ մի շարք աշխարհաքաղաքական հանգամանքներով պայմանավորված՝ եվրոպական ուղղություններն այս ամռանը կտրուկ թանկացել են, ու հատկապես քովիդից հետո ճամփորդելու պահանջարկ կա, բայց Հայաստանից ուղիղ չվերթ գրեթե չի իրականացվում:

«Չկա ուղիղ չվերթ Երևան-Հռոմ, Երևան-Պրահա, Երևան-Երուսաղեմ: Ախր մարդիկ ոչ միայն այստեղից են ցանկանում մեկնել, այլ նաև այնտեղից մեր հայերն են ուզում գալ: Բազմաթիվ տուրիստներ Իսպանիայից, այլ երկրներից նախօրոք ամրագրել էին հյուրանոցներ, տուրեր և հիմա տոմսերի թանկության, դրանց աստղաբաշխական գների պատճառով չեն կարողանում գալ: Այս իրավիճակում կազմակերպել չվերթ դեպի Հուրգադա, տարօրինակ է, քանի որ այլ տուրօպերատորներ երկար տարիներ այդ ուղղության վրա աշխատում են ու բավականին լուրջ համբավ ունեն: Ստացվում է՝ ազգային ավիափոխադրողը խփում է հայ գործարարների գործին»,- նշում է Իսպիրյանը:

Դիտարկմանը, թե հայկական օդանավերը եվրոպական սև ցուցակում են, հավանաբար այդ պատճառով է, որ ընտրվել է եգիպտական ուղղությունը, Իսպիրյանն արձագանքում է.

«Կա հայկական մեկ այլ ավիաընկերություն՝ «Ֆլայ Արմենիան», որը թռիչքներ է իրականացնում է ոչ հայկական գրանցում ունեցող օդանավերով: Իրենք էլ նույնը կարող էին անել՝ շահագործելով «Էյր Արաբիայի» օդանավ և ամենևին էլ չգրանցել որպես հայկական օդանավ: Բացի այդ, հասկացանք՝ Եվրոպա չեն կարող մեկնել, բա Հորդանա՞ն, Բեյրո՞ւթ, Երուսաղե՞մ: Այդ երկրներում շատ հայեր կան, որոնք կուզեին Հայաստան գալ: Մեր հայերը դեպի Երուսաղեմ ուղղությունը լրիվ ուխտագնացության նման մի բան են դարձրել՝ տանջանքով հասնում են Թբիլիսիի օդանավակայան ու այնտեղից մեկնում Իսրայել: Սարսափելի տանջանքով ու թանկ հասնում են իրենց ուզած վայր»:

Զբոսավարի խոսքով՝ այժմ դատարկ տեղը լրացնում է թուրքական ավիաընկերությունը:

«Ռուսաստանից ամբողջ հոսքը դեպի Եվրոպա իրականացնում է թուրքական ավիաընկերությունը Ստամբուլի միջոցով, ինչը թուրքերի համար ավիաոլորտը դրախտ դարձրեց: Մինչդեռ մեր ազգային փոխադրողը կարող էր այդ գործն անել ռուսների համար՝ Մոսկվա-Երևան-Եվրոպա: Դա հիմա անում են թուրքական, մերձավորարևելյան երկրների ավիաընկերությունները»:

Իսպիրյանն ասում է՝ հիմա թուրքական ավիաընկերության առաջարկած ավիատոմսը դեպի Երուսաղեմ Ստամբուլի միջոցով արժի 1000 դոլար, մինչդեռ ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնան» 110 հազար դրամով թռիչք է առաջարկում դեպի Հուրգադա:

«Հիմա մարդիկ չեն էլ նայում՝ թուրքակա՞ն է ավիաընկերությունը, թե՞ ինչական, նրանք ուզում են մեկնել հանգստի: Մեր ազգային փոխադրողը կարող էր այդ առաջարկը մեր հայերին ինքն անել: Եղբայր, ի՛նչ Հուրգադա, ինչո՛ւ հարստացնել թուրքական ավիաընկերությանը, ինչո՞ւ 200 դոլարով գնալ Եգիպտոս, երբ մարդիկ ուզում են ու կարողանում են մեկնել Եվրոպա»,- նշում է Անդրանիկ Իսպիրյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am