«Վարորդին ոչինչ չի մնում». ըստ տաքսիստների՝ կառավարության նոր նախաձեռնությունը ավելի է բարձրացնելու տաքսիների ուղեվարձը

Կառավարության նոր նախաձեռնությունը՝ հարկային դաշտ բերել օնլայն տաքսի ծառայություններին, տաքսիների ուղեվարձի նոր թանկացման մտավախություններ է առաջացրել քաղաքացիների շրջանում:

Ուղեվարձի թանկացման շուրջ քաղաքացիների դժգոհությունները վերջին շրջանում մասսայական են: Ոմանք նշում են՝ տաքսիներն ուղեվարձը գրեթե կրկնակի են թանկացրել: «Նույն տարածությունն անցնելու համար եթե առաջ վճարում էի 800-900 դրամ, հիմա տալիս եմ 1400-1500 դրամ»,- ասում է քաղաքացին, որը մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտակայքից փորձում էր գնալ Նոր Նորքի 2-րդ զանգված:

Համատարած թանկացումների ֆոնին Կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկում է օնլայն տաքսիների համար յուրաքանչյուր պատվերից 100 դրամ պետական տուրք սահմանել: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Փաստաթղթով առաջարկվում է օրենքում ավելացնել «էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն» հասկացությունը: Նշվում է, որ թեթև մարդատար մեքենաներով, էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով իրականացվող ուղևորների յուրաքանչյուր փոխադրման համար գանձվելու է բազային տուրքի 0.1-ապատիկի չափով գումար՝ 100 դրամ:

100 դրամ պետական տուրքի գանձումը պետք է ապահովեն օնլայն տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունները: Եթե չհետևեն պահանջներին, ստիպված կլինեն բացահայտված ամեն խախտման դեպքում 200-300 հազար դրամ տուգանք վճարել։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից նշում են, որ Հայաստանում օնլայն տաքսի ծառայությունների մատուցումը շատ տարածված է, բայց ոլորտը կարգավորված չէ:

«Բազմաթիվ վարորդներ իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով իրականացնում են ուղևորափոխադրումներ, որոնք չեն վերահսկվում և չեն հարկվում։

Էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի անօրինական ուղևորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով և փոխանցելով անհատ վարորդներին։ Ոլորտում գործունեություն իրականացնողների վերաբերյալ տեղեկատվություն չկա օրենսդրական կարագավորումների բացակայության պատճառով։ Ստեղծվել են անհավասար մրցակցային պայմաններ ուղևորափոխադրումների ոլորտում գործունեություն իրականացնողների համար, ինչը նպաստում է անօրինական փոխադրումների կազմակերպմանը: Արդյունքում տուժում են օրինական դաշտում աշխատող փոխադրողները»,- նշում են նախարարությունից:

Այն, որ Կառավարության այս նախաձեռնությունը նպաստելու է տաքսիների ուղեվարձի բարձրացմանը, պնդում են նաև իրենք՝ տաքսիստները:

«Ես կողմ եմ, որ հարկ վճարեմ պետությանը, բայց պետք է հասկանան, որ միանշանակ ուղեվարձի թանկացում է լինելու»,- ասում է 36-ամյա Կարեն Աղաբեկյանը, որն աշխատում է օնլայն տաքսի ծառայությունում:

Նրա խոսքով, «Յանդեքս» ծառայությունում ավելացել են և՛ միջնորդավճարները, և՛ գանձվող գումարի շեմը, ու դրան զուգահեռ պետության կողմից սահմանվող հարկերը դժվար վիճակում են դնելու տաքսիստներին:

«Եկեք հաշվարկենք՝ ստարտ սակագինը մինիմալը 300 դրամ է, ժամանակին 16 տոկոս միջնորդավճար էինք վճարում «Յանդեքսին», հիմա՝ 18.4 տոկոս է սարքել, բացի էդ, գանձվող գումարի շեմն է բարձրացրել: Եթե էն ժամանակ, ասենք՝ կատարում էիր 10 հազար դրամի պատվեր, ինքը պահում էր 3000 դրամի տոկոսը, հիմա ինքը 3000-ը դարձրել է 5000 դրամ: Հիմա էսքանի հետ միասին մի հատ էլ հարկ է ավելանում: Դեռ մեքենայի մաշվածությունը չեմ ասում: Վարորդին ոչինչ չի մնում: Էդ նոր հարկի դեպքում հնարավոր չի, որ փոխադրման վարձը չթանկանա, հակառակը կլինի լոգիկայից դուրս»,- նշում է Կարենը:

Նախագիծը հանրային քննարկումն անցնելուց հետո կներկայացվի Կառավարության հաստատմանը, որից հետո կուղարկվի Ազգային ժողով:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am