Հոգեբան Անի Ապիտոնյանը վստահեցնում է՝ պատերազմը և դրան հաջորդող տագնապը, վախերը, խուճապն ու անհանգստությունը բացասական ազդեցություն են ունենում մարդկանց հոգեկան աշխարհի վրա:
«Հատկապես նախորդ պատերազմի փորձն ունենալով՝ մեր պատկերացումները հստակ են, թե ինչերի միջով կարող ենք անցնել»,- «Մեդիալաբին» ասում է հոգեբանը՝ խորհուրդ տալով հոգեբանորեն չհյուծվելու համար համապատասխան քայլեր անել: Նա խորհուրդ է տալիս լրահոսին ակտիվ չհետևել, հետևելու դեպքում էլ՝ նախապատվությունը տալ պաշտոնական լրատվությանը:
«Ցանկացած ինֆորմացիա, որ կարող է տագնապ, խուճապ առաջացնել, մարդը կարող է չլսել, սեղմ, հակիրճ հաղորդագրությունները կարդալ, իմանալ, թե ինչ է կատարվում, և անցնել իր բնականոն գործողություններին, աշխատանքին»,- ասում է Ապիտոնյանը։
Հոգեբանի խոսքով՝ 44-օրյա պատերազմի հետևանքով պաշտոնական տեղեկատվության նկատմամբ վստահություն չկա, եթե չեն ցանկանում հետևել՝ կարող են չհետևել, սակայն դրա փոխարեն հակառակորդի կողմից ներկայացվող տեղեկատվությանը հետևելն ավելի վնասակար կարող է լինել։
«Հակառակորդը նույնիսկ ճիշտ տեղեկություններ հաղորդելիս շատ լուրջ գործիքներ է օգտագործում՝ մեզ ճնշելու, խուճապ սերմանելու, ապատեղեկատվություն տարածելու, մեզ մեր պետության, մեր բանակի դեմ տրամադրելու, այդ իսկ պատճառով պետք է շատ զգույշ լինել տեղեկատվության հետ աշխատելիս»,- նշում է հոգեբանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետների ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած ելույթում նշել է առնվազն 49 զոհերի մասին: Հավելյալ տեղեկություններ մինչև այս պահը չեն հաղորդվել:
Պատերազմական իրավիճակում Ապիտոնյանը խորհուրդ է տալիս նաև պատրաստված լինել. օրինակ՝ տագնապի պայուսակ պատրաստել, ծրագրեր ունենալ այն դեպքում, երբ, օրինակ՝ կհայտարարվի ռազմական դրություն, իմանալ՝ ինչ պետք է անել երեխաների հետ, որտեղ կարող են պատսպարվել:
«Երբ մենք զգուշանում ենք և ունենում ենք ծրագրեր, տագնապը նվազում է, որովհետև մոտավորապես գիտես՝ ինչ կարող ես անել այդ դեպքում»,- նշում է Ապիտոնյանը։
Հոգեբանի խոսքով՝ շատ կարևոր է խառնաշփոթ չստեղծել և սպասել՝ երբ զորահավաք կհայտարարվի կամ կամավորական աշխատանքներում ընդգրկվելու հնարավորություն կստեղծվի:
«Շատ կարևոր է խառնաշփոթ չստեղծել, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ ընդհանուր խառնաշփոթ եղավ, որն էլ ինչ-որ չափով ազդեց մարդկանց և՛ տրամադրության, և՛ իրադարձությունների վրա, այսինքն՝ մեր ընդհանուր համակարգը ոչ այնքան կազմակերպված գործեց»։
Ըստ հոգեբանի՝ պետք է կատարել նշված քայլերը, հնարավորինս պահպանել հավասարակշռությունը, զգոնությունը, քանի որ եթե բնակչությունը խուճապի մատնվի, դա միանշանակ ազդելու է ողջ գործընթացի վրա։
«Խուճապի դեպքում մարդու ողջ օրգանիզմը և հոգեկան աշխարհը սկսում են միմյանց հետ չհամագործակցել, մարդը դադարում է նպատակաուղղված գործողություններ կատարել, վերլուծել, սթափ որոշումներ կայացնել՝ հաշվի առնելով տվյալ իրավիճակը, և կարող է լրիվ հակառակ արդյունք լինել»,- ասում է հոգեբանը։
Արփինե Արզումանյան
MediaLab.am