«Ես փրկվեցի, բայց, ցավոք, հորս փրկել չկարողացա»․ պատերազմում վիրավորված Էդգարը՝ պայքարի ու ծանր կորստի մասին

Պողոսյանների բնակարանի հյուրասենյակի աջ կողմում միանգամից աչքի է զարնում պատին փակցված նկարը. գրկախառնված հայր ու որդի Պողոսյաններն են՝ Վարուժանն ու Էդգարը։

Էդգարը 44-օրյա պատերազմի ժամանակ հրաշքով ողջ է մնացել, հայրը՝ Վարուժանը, զոհվել որդու աչքի առաջ։

«Ես փրկվեցի, բայց, ցավոք, հորս փրկել չկարողացա»,- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է Էդգարը, որի դեմքին, շուրթերին ու ձեռքին դաջված են պատերազմի հետքերը՝ սպիները:

Պատերազմի առաջին օրից Էդգար Պողոսյանը, լինելով Ջրականի ավտոծառայության պետ, առաջնագծում է եղել, 2 օր հետո հայրը ընտանիքի անդամներին Հադրութից Հայաստան տեղափոխելուց հետո միացել է մինուճար որդուն։ Էդգարն ասում է՝ չէր ցանկանում, որ հայրը ևս մասնակցեր պատերազմին, սակայն չի կարողացել նրան հետ պահել։

«Կապի մեջ էինք հորս հետ, ասում էր՝ գամ, ասում էի՝ դու տնեցիքի հետ էղի, մի ապահով տեղ պահի, ինձ հետ խնդիր չունես։ Սեպտեմբերի 29-ին վիրավորներ էի իջացրել հոսպիտալ, տեսա՝ հայրս, մեզ հարազատ մի տղա՝ Վարդանը ու հորեղբորս տղան կանգնած էին, ասեցին՝ տնեցիքին ուղարկել ենք, մենք պիտի մնանք ստեղ»։

Պատերազմի օրերին հայր ու որդի մարտական ընկերների հետ զինվորներին անհրաժեշտ ապահովումներ են հասցրել, տեխնիկա փոխանցել և հարկ եղած դեպքում թշնամու հետ ուղիղ կռվի մեջ մտել։

Վարուժան Պողոսյանը 90-ականներին ևս մասնակցել է պատերազմին, Երկրապահ կամավորականների միության անդամ էր, Երկրապահի վետերան, 2016-ից Արցախի ազատամարտիկների միության անդամ։ 2008 թ․-ից Հրազդանից տեղափոխվել էր Հադրութ՝ աշխատանքի և բնակության նպատակով։

Էդգարը պատերազմից մի դեպք է հիշում, երբ հայրը հայտնել էր, որ գնում է Հադրութի շրջանում գտնվող Դիզափայտ լեռ, սակայն չի ասել՝ ինչու։ 

6-7 ժամ կապի դուրս չգալուց հետո Էդգարն իմացել է, որ հայրը գնացել է շրջափակման մեջ գտնվող զորքին օգնելու և կարողացել էր մարտական ընկերոջ հետ խնդիրը կատարել, զորքը դուրս բերել շրջափակումից։

Էդգարն ասում է՝ ամենածանր օրը հոկտեմբերի 10-ն է եղել, երբ վաղ առավոտից արդեն Հադրութ քաղաքում կրակոցների ակտիվություն էր, այնքան մոտիկից, որ հասկանալի էր՝ թշնամին քաղաք է մտել։

«Թշնամին մեզնից մոտ 200 մետր հեռվում ձորակում կուտակված էր, որտեղ մենք էինք գտնվում, սկսեցին ռմբակոծել, արդեն իմացանք, որ մեր տեղը ֆիքսել են, սկսեցինք էդտեղից դուրս գալ։

Ես հայրիկիս ասեցի՝ իջնենք դպրոց, որ մեզ խփել են, էնտեղ էլ կխփեն, իսկ դպրոցում զինվորներ կային, իջնելուց մտածեցինք՝ վառելիք լցնենք մեքենան, բենզակալոնկի մոտ հասանք, լսեցինք ռմբակոծություն, մեքենան կանգնեցրինք էդտեղի տան մոտ։ 

Երեքով էինք՝ ես, հայրիկը ու Վարդանը։ Տեսա՝ սարի կողմից դիպուկահարը կրակեց, առաջինը Վարդանին խփեց, ես հրեցի Վարդանին, գնդակը եկավ, իրա ոտքի մոտով անցավ, չկպավ իրան»,- պատմում է Էդգարն ու հիշում՝ որոշեցին մեքենա նստել ու գնալ անտառում դիրքավորվել, այնտեղից թշնամու դեմ կռիվ տալ: 

«Սարի դեմը երեք դիպուկահար էր, ներքևից լիքը թուրքերի ձեներ էին։ Ասեցինք՝ դիրքավորվենք, դիպուկահարներին շարքից հանենք, մնացածը ավտոմատով են, հեշտ ա։ Մենք նստեցինք մեքենան, հենց ուզեցի մեքենան խոդ տամ, էդ ժամանակ դիպուկահարը ինձ խփեց, բերանովս, թևս տվեց, դուռը բացեցի, իջա, որ երկրորդ հարվածը չտա։ 

Հայրս, Վարդանը զենքերը վերցրին, սկսեցին դիպուկահարի ուղղությամբ կրակել, մի պահ կրակի դադար եղավ, որ հայրս տեսավ՝ արնաքամ եմ լինում, երակներս կտրվել էր, ասեց՝ Վարդան, էդգարին դիր մեքենան, շուտ հանենք ստեղից։ Հայրս մի մետր հետ շարժեց մեքենան, դիպուկահարը հայրիկիս խփեց։ Հայրս ասաց՝ վախ, ասեցի՝ ի՞նչ եղավ, պա՛պ, գլուխը մի փոքր հետ ֆռացրեց՝ Էդգար ջան, մի բան արա, փրկվի․․․»- ցավով դաժան պահերն է պատմում որդին։

Էդգարն ասում է՝ այդ ժամանակ Վարդանին ուղարկել է, որ շտապօգնություն կանչի, հորը դուրս հանեն, իսկ ինքը՝ վիրավոր, շարունակ ուշագնաց լինելով և նորից ուշքի գալով, զենքը վերցրել է և մենակ կռվել թշնամու դեմ։

«Ես մտածում էի՝ գուցե հայրս վիրավոր ա, բայց տեսա՝ ոչ խոսում ա, ոչ շնչում, ամեն ինչ մոռացա, ապրելն իմ համար ոչ մի բան դարձավ։

Մի կերպ մոտեցա մեքենային, հանեցի զենքերս, հազիվ գնացի պատի մոտ, դիրքավորվեցի, ասեցի՝ պիտի վրեժխնդիր լինեմ ու սկսել եմ կրակել դրանց, մեն- մենակ էի, ասի՝ անիմաստ ա իմ կյանքը ու սկսել եմ կրակել էնքան, մինչև ուշքս գնացել ա, ընկել եմ, բայց հաստատ հիշում եմ՝ ձորակի մեջ գոռում էին՝ վախ, վիրավորներ ու զոհեր հաստատ կլինեին»,- պատմում է Էդգարը ու հիշում՝ երբ շտապօգնության մեքենան մոտեցել է, թշնամին մեքենայի վարորդին ևս թիրախավորել է, և՛ վարորդը, և՛ նրանում եղող զինվորը զոհվել են։

Մեքենայով անցնելիս Էդգարին կիսաուշագնաց վիճակում նկատել է Հադրութի ռազմական ոստիկանության պետը և նրան գնդակների տարափի ներքո տեղափոխել Վայք, որտեղ Էդգարին առաջին գնություն են ցուցաբերել, վիրահատել, այնուհետև երեկոյան Երևան տեղափոխել՝ «Աստղիկ» ԲԿ։

Էդգարի մայրը՝ Սուսաննան, ասում է՝ հոկտեմբերի 10-ին վատ կանխազգացում է ունեցել, սիրտը արագ բաբախում էր, հատկապես, երբ լուրերով լսել է, որ Հադրութ դիվերսիա է մուտք գործել։ Ո՛չ ամուսնուց, ո՛չ որդուց լուր չուներ, զանգերին չէին պատասխանում։ 

Ավելի ուշ Սուսաննային տեղեկություն է հասել, որ որդին վիրավոր է, և տեղափոխում են Երևան, իսկ ամուսնուց լուր այդպես էլ չուներ։

«Ես մտածեցի՝ անհնար բան ա, Վարուժը կապ կհաստատեր, կասեր՝ էրեխուն ուղարկել եմ, ո՞նց ա, հասա՞վ։

Երբեք չէի մտածում, որ Վարուժին մի դեպք կպատահի։ Անընդհատ թեժ գիծ էի զանգում, հետո աղջկաս ամուսինն ասեց՝ զոքա՛նչ, մի՛ զանգի, աները չկա»,- ասում է ու հուզվում Սուսաննան։

Սուսաննան ասում է՝ այդ պահից սկսած կյանքը կանգ է առել, լուսավոր կետն այն էր, որ Էդգարը ողջ էր, ապաքինվում էր, բայց ամուսնու կորստի ցավը ոչնչով չի ամոքվում։

«Մի պահ եկավ, ես որոշեցի, ասեցի՝ զենք առնեմ, գնամ, վրեժ լուծեմ, էդ ժամանակ կռիվը գնում էր։ Հետո ասեցի՝ չէ, տղուս մոտ լինեմ, տղուս պետք եմ»,- արցունքները սրբելով ասում է Սուսաննան։

Ամուսնու մասին պատմելիս Սուսանան նշում է՝ Վարուժանը շատ հայրենասեր էր, այդ հայրենասիրությունն էլ փոխանցել էր ընտանիքի անդամներին, անգամ երեք դուստրերին: Կնոջը կրակել էլ սովորեցրել, որ թշնամու հարձակման դեպքում կարողանան իրենց պաշտպանել։ 

Որդին էլ փոքր հասակից լսելով ու հասկանալով, որ հայրը պատերազմի է մասնակցում և թշնամուն ոչնչացնում, ինքն էլ ընտրել էր ռազմական ուղին՝ սովորել Մոնթե Մելքոնյան վարժարանում, այնուհետև Ռուսաստանում կրթությունը շարունակել այդ մասնագիտությամբ և վերադարձել Ջրական ծառայելու:

Ընտանիքի անդամներն ասում են՝ Վարուժանը շատ նվիրված էր ընտանիքին, ընկերներին։ Սիրում էր բնությունը, ծաղիկներ էր աճեցնում, հողամաս մշակում, ուրախանում՝ ծառի վրա բերքը տեսնելով։

Վարուժանը խստապահանջ էր, սակայն մշտապես բոլորին կարեկցող և աջակցող՝ այսպես են պատմում հարազատները։

«Անգամ Հադրութում որ շինարարություն էր անում, տղերքը իրան Ստալին էին ասում։ Իրա չէ-ն չէ էր, հա-ն՝ հա, բայց սրտին բան չկար, թե բարկանար, ջղայնանար, ընդամենը 5 րոպե էր, ինքը կյանքը կտար ցանկացածի համար։ Ինքը ցավ էր ապրում, եթե մեկը հարազատության մեջ նեղության մեջ լիներ, ասում էր՝ իմ բերանը հաց չի գնա, քանի որ իմ հարազատը սոված ա քնում։ Միշտ ասում էր՝ էս հարևանին էս բաժինը տուր, էս մեկին էս բերքից տուր»։

Վարուժանի կինն ասում է՝ շատ ծանր փորձությունների հանդիպեցին, այդ ամենի միջով անցնելուց հետո անգամ տան դուռը բացող չկար, սակայն որոշ ժամանակ անց որոշել է ինքն իրեն հավաքել, ընտանիքը կարգավորել, որովհետև «ինչքան խեղճանաս, էնքան կոտրվելու ես»։ 

ՀՀ նախագահի հրամանագրով Վարուժան Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, այլ պետական մարմինների ծառայողները և անձինք` հայրենիքին մատուցած այլ նշանակալի ծառայությունների համար:

Վարուժան Պողոսյանը հուղարկավորված է ծննդավայրում՝ Հրազդանում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am