«Մենք իրանով էինք ապրում, ինքը մեր տան լույսն էր»․ Սերյոժա Խաչատրյանը պատերազմի առաջին զոհերից էր

44-օրյա պատերազմից 2 տարի անց Խաչատրյանների ընտանիքում ցավն ու հպարտությունը խառնվել են. մի կողմից հպարտ են մարտի դաշտում Սերյոժայի ցուցաբերած սխրանքներով, բայց մյուս կողմից ծանր վիշտը խեղդում է: 

«Հրամանատարները եկան մեր տուն, ասացին՝ հրետանու 3 հաշվարկ է ոչնչացրել և զգալի վնաս հասցրել հակառակորդին։ Իրենց հրետանին հանգիստ չի ունեցել, դրա համար էլ թշնամին թիրախավորել է մեր տղաներին»,- պատմում է Սերյոժա Խաչատրյանի քույրը՝ 22-ամյա Անահիտ Խաչատրյանը։

18-ամյա Սերյոժա Խաչատրյանը 8 ամսվա զինծառայող էր, երբ սկսվել է պատերազմը։ Ծառայել է Մարտունի 2-ում։ Սերյոժայի հետ հարազատները վերջին անգամ խոսել են մինչև պատերազմն սկսելը. պատերազմի առաջին օրն իսկ զանգերն արդեն անպատասխան են մնացել։

«Ինքը հենց սեպտեմբերի 27-ին է զոհվել։ Սնարյադները իջեցնելիս են եղել, հրետանու վրա են եղել, ԱԹՍ-ի հարվածից մեքենան տրաքել ա։ Սերյոժան վիրավորվել ա, իրան շատ ուշ են գտել, հասցրել են Մարտունու հիվանդանոց, բայց չի հաջողվել կյանքը փրկել, հարվածը գլխին է եղել»,- արցունքն աչքերին պատմում է Անահիտը:

Եղբոր մահվան մասին Խաչատրյանները տեղեկացել են դեպքից 10 օր հետո, մինչ այդ բոլոր ծանոթները հավատացրել են՝ Սերյոժան ողջ է, նրան տեսել են: 

Քույրն ասում է՝ մինչև վերջին պահը հույսով սպասել են, որ Սերյոժան ողջ-առողջ կհայտնվի։

«Սեպտեմբեր 27-ից սպասում էինք զանգի, զանգ չկար, մեր հարազատները գնացին Ղարաբաղ, բոլոր հիվանդանոցներում փնտրեցին, չկար։ Հոկտեմբերի 5-6-ն էր, գտան Արարատի մարզի մորգերից մեկում, ճանաչեցին․․․»- ասում է քույրը։

Հոկտեմբերի 6-ից հետո, քրոջ խոսքով, իրենց ընտանիքի անդամների համար կյանքը կանգ է առել, առանց Սերյոժայի ապրելը դարձել է կիսատ ու դատարկ․ «Մենք իրանով էինք ապրում, ինքը մեր տան լույսն էր»։

Սերյոժա Խաչատրյանին հուղարկավորել են ծննդավայրում՝ Կոտայքի մարզի Բուժական գյուղում։

Անահիտի խոսքով՝ Սերյոժային դեռ փոքր հասակից բոլորը շատ են սիրել, նրա ծնունդին ընտանիքի անդամները շատ են սպասել, միակ տղան էր՝ երեք աղջիկներից հետո․ «Մենք երեք քույր ենք, ինձնից հետո է ծնվել եղբայրս՝ մեր սպասված տղան: Նա բոլորից տարբերվում էր իր բարությամբ, խաղաղությամբ, հասնող էր, կամեցող, ընկերասեր»։

Պատերազմը անավարտ է թողել Սերյոժայի և նրա ընկերուհու սերը, նրանց միությանն ուղղված բոլոր ծրագրերը. «Արդեն երազում էինք՝ որ գա, ինչեր ենք անելու։ Շատ նպատակներ ուներ՝ մասնագիտություն ստանալ, ընտանիք կազմել… չհասցրեց»։

Սերյոժա Խաչատրյանը հետմահու արժանացել է Արիության մեդալի։

Արփինե Արզումանյան

MediaLab.am