«ԵՄ առաքելությունը շատ կարևոր է նրանով, որ այլ խաղացող մտավ տարածաշրջան. սա ռազմաքաղաքական փոփոխություն է». Ստեփան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը

 – Պարո՛ն Գրիգորյան, ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որը կտեղակայվի Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով, ի՞նչ է տալու Հայաստանին:

– Առաջինն ու գլխավորը, որը պետք է նկատի ունենալ հետևյալն է. 2020 թվականի պատերազմից հետո մենք ինչի՞ ականատես եղանք. տեսանք և՛ Ղարաբաղի, և՛ Հայաստանի դեմ ուղղված Ադրբեջանի ագրեսիաները, իսկ ո՞վ է միջնորդը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Ռուսաստանը: Այսինքն՝ մենք տեսանք Ադրբեջանի ագրեսիան և այն, որ Ռուսաստանի միջնորդությունը մեզ ոչ մի բանով չօգնեց, Ռուսաստանի միջնորդությունը բերեց նրան, որ մենք ունեցանք տարածքային կորուստներ և՛ Ղարաբաղում, և՛ Հայաստանում: Սա շատ կարևոր է ֆիքսել:

Հիմա, պարզ է, որ Հայաստանի Կառավարությունը հասկացավ, որ պետք է փորձել այլ միջնորդներ բերել: Եվրոպական նախաձեռնության գլխավոր միտքը սա է: Պարզ է, որ այդ դիտորդները բոլոր հարցերը չեն կարող լուծել, եկեք իրար չխաբենք, 40 դիտորդը շատ կարևոր է, բայց բավարար չէ ամբողջ սահմանը վերահսկելու համար, բայց այդ դիտորդական առաքելությունը շատ կարևոր է նրանով, որ այլ խաղացող մտավ տարածաշրջան, ու վաղն այդ այլ խաղացողը կասի՝ ով է խախտում հրադադարը, ով է հարձակվում ում տարածքի համար:

Սա մեզ համար շատ կարևոր է, որ աշխարհն իմանա՝ ինչ է կատարվում իրականում: Այդ առաքելությունը և՛ ողջունում եմ, և՛ դրա արդյունքը այսօր էլ նկատելի է. այն, որ Ադրբեջանը չի հարձակվում մեզ վրա, որ չի շարունակում դեպի Ջերմուկ գնալ, այլ ուղղություններով հարձակվել, հենց դրա շնորհիվ է: Բայց, կրկնում եմ, պետք չէ մեծ սպասելիքներ ունենալ, սպասելիքները պետք է համապատասխանեն քայլերին, իսկ քայլերը շատ կարևոր են, զսպում են Ադրբեջանի ախորժակը, բայց այս առաքելությունը բոլոր հարցերը չի կարող լուծել:

Այսինքն՝ դուք լիահույս եք, որ այս առաքելությունը կկաշկանդի՞ Ադրբեջանին:

 – Բայց ինչո՞ւ եք ապառնի ժամանակով խոսում, կաշկանդում է հենց հիմա, Ադրբեջանը հենց այսօր էլ կմտներ Ջերմուկ, Վարդենիս, ուղղակի իրենք հասկանում են, որ պատժամիջոցներ կսկսվեն իր դեմ, շատ խելք պետք չէ սա հասկանալու համար: Սա շատ կարևոր խոչընդոտ է Ադրբեջանի ախորժակի համար:

Պետք է նաև հասկանանք, թե ինչ ռազմաքաղաքական փոփոխություն է կատարվում. մեր տարածաշրջանում կար Ռուսաստանը, չէ՞, ռուս խաղաղապահները Ղարաբաղում են, իսկ ռուսական ռազմաբազան՝ Հայաստանում, այսինքն՝ հողի վրա միայն իրենք էին, հիմա հայտնվեցին Եվրոպայի երկրների դիտորդները, այո՛, դա քաղաքացիական առաքելություն է, բայց, այնուամենայնիվ, այլ աչքեր են: Սա լրջագույն փոփոխություն է մեր տարածաշրջանի համար:

ՀՀ Կառավարության հրավերով հոկտեմբերի 21-27-ը ԵԱՀԿ-ն Հայաստան է ուղարկելու կարիքների գնահատման խումբ, որը կայցելի սահմանամերձ գյուղեր: Այս խմբի այցելությունն ի՞նչ կտա:

– Սա կլինի կարճաժամկետ այց, բայց այս առաքելության դերն էլ նույնքան կարևոր է մեզ համար, որքան ԵՄ դիտորդական առաքելությանը, որովհետև այլ աչքեր են դիտելու հայ-ադրբեջանական սահմանը, ինչը միանշանակ ձեռնտու է, քանի որ միայն Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի միջնորդությունը բերում էր հայ ժողովրդի տարածքների կորստի:

Պարո՛ն Գրիգորյան, Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականությունն ինչպե՞ս եք գնահատում:

– Ցավով եմ ասում, որ շատ մեծ ուշացումով Կառավարությունն անցավ բազմավեկտոր քաղաքականության, դա պետք է արվեր անհապաղ՝ պատերազմից հետո, բայց ողջունում եմ:

Սա հնարավորություն է տալիս պահպանելու մեր տարածքային ամբողջականությունը ու ավելի հավասարակշռված քաղաքականություն վարելու, քանի որ միակողմանի արտաքին քաղաքականությունը ուղղակի աղետ էր բերում, հիմա մի փոքր ավելի բազմավեկտորի է նման մեր արտաքին քաղաքականությունը, ինչն անպայման, անվտանգային իմաստով, կլավացնի մեր վիճակը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am