«Սպասում ենք, որ բոլոր մեղավորներն անպայման պատիժ կրեն». Որդեկորույս մայրը պայքարում է հանուն ճշմարտության՝ արդարության հույսով

Որդու զոհվելուց հետո Մարինե Մուշեղյանն այժմ դատարաններում է անցկացնում՝ հուսալով, որ որդու և նրա զինակից ընկերների զոհվելու համար մեղավոր բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն։

«Մենք միշտ մասնակցում ենք դատերին, հետևում ենք ու սպասում, որ բոլոր մեղավորներն անպայման պատիժ կրեն»,- հուզմունքով ասում է 50-ամյա Մարինեն։

Մարինեի որդին՝ 18-ամյա Հայկ Անտոնյանը, ծառայել է Ստեփանակերտի Ցորի զորամասում, հրետանավոր է եղել։ Պատերազմը սկսվելուն պես Հայկը ակտիվ մասնակցել է մարտական գործողություններին, եղել է Վազգենաշենում, Հադրութում, Վարանդայում, Ջրականում, Արա լեռում: 

Պատերազմի ժամանակ Հայկը ոտքից վիրավորվել է, սակայն շարունակել է ծանր մարտեր վարել՝ մնալով զինակից ընկերների կողքին:

Ըստ Ցորի տղաների ծնողների հավաքած տեղեկատվության՝ հոկտեմբերի 12-ին 20 տղաներ, այդ թվում՝ Հայկ Անտոնյանը, Ջուվառլու կոչվող բնակավայրում մենակ են մնացել հակառակորդի հատուկջոկատայինների դեմ պայքարում, հրամանատարական կազմը նրանց լքել է՝ փախուստի դիմելով կրակային դիրքից։ Տղաները հակառակորդի դիվերսիոն խմբի դեմ առանց հրամանատարական կազմի պայքարել են և զոհվել։

Այս դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՊԲ հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանի նկատմամբ՝ հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար: 

Նա, ըստ մեղադրանքի, 2020 թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 6-ի սահմաններում, (Վարանդայի) Ֆիզուլիի շրջանում գտնվող Ջուվառլու կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում «ԳԱԶ» մակնիշի զինմեքենայով փախուստի է դիմել կրակային դիրքից, առանց ղեկավարման մնացած մարտկոցի անձնակազմը խուճապի է մատնվել՝ փորձելով հնարավոր միջոցներով պաշտպանվել: Ըստ այս որոշման՝ Գևորգյանի նման գործողությունները հասցրել են ծանր վնաս, զոհվել են մարտկոցի 20 պահեստազորայիններ, զինծառայողներ:

Գևորգ Գևորգյանը իր մեղադրանքը չի ընդունել։

Այս դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել նաև ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին: Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։ 

Մարինեն ասում է՝ վերջին անգամ որդու հետ կապ է հաստատել հոկտեմբերի 10-ին, որդին ասել է՝ տեղափոխվում են, հետո կզանգի․ «Ու վերջ, էդ ա եղել մեր վերջին խոսակցությունը»։ Մարինեն պատմում է՝ որդուց լուր չստանալով սկսել են ամենուր փնտրել նրան, սակայն որևէ տեղեկություն չեն ստացել։ Քանի որ որևէ լուր չի եղել, Մարինեն հույս է փայփայել, որ հրաշք կլինի, ու որդուն ողջ կգտնի։ 

Սակայն որդուն ողջ գտնելու ցանկությունը այդպես էլ երազանք է մնում մոր համար։ Պատերազմից մեկ տարի երկու ամիս անց՝ 2021 թ. նոյեմբերի 2-ին, երբ Հայկի և իր 10 ընկերների մարմինները ադրբեջանցիները փոխանցել են հայկական կողմին, Մարինեն իմացել է որդու հետ պատահած ողբերգական դեպքի մասին։

«Եղբայրներս ընկերուհիներիս հետ եկան մեր տուն, ասեցին։ Չեմ կարող նկարագրել, թե ինչ կատարվեց ինձ հետ. սկզբում չհավատացի, ասում էի՝ սխալ գիտեք… Շատ դաժան օր էր, անընդհատ վատանում էի, շտապօգնության մեքենաներն անընդհատ տան մոտ էին»,- հիշում է ու հուզվում որդեկորույս մայրը։

2021 թ. դեկտեմբերի 2-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում տեղի է ունեցել Հայկի և ընկերների հոգեհանգիստը։ Դեկտեմբերի 3-ին տղաների աճյուններն ամփոփվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: 

Մարինեն ասում է՝ այդ օրվանից կյանքն իր համար վերջացած է թվում, ամեն ինչ կորցրել է իր իմաստը․ «Արդեն ուրիշ ձևի եմ կյանքին նայում, ցանկություն չունեմ ոչ մի տեղ գնալու, հարազատների հետ չեմ կարողանում շփվեմ, շատ դժվար ա։ Աշխատանքի, տուն, Եռաբլուր, դատարան»։

Մարինեն որդու մասին պատմելիս հուզվում է, ասում է՝ որդին շատ ուրիշ էր՝ համեստ, զուսպ, որևէ ավելորդ խոսք չէր ասի, շատ ուշադիր էր, հոգատար։ 

«Երբեք չէր սիրում, որ ես հանկարծ նեղվեի: Ամուսինս 2015-ին է մահացել, շատ էի լացում, Հայկը կանգնում էր կողքիս՝ մա՛մ, չէր թողնում, որ լաց լինեի։ Կամ թեկուզ չէր սիրում ինչ-որ ճաշատեսակ, պատրաստում էի, ասում էի՝ հեսա բանակ ես գնում, գոնե կեր, ասում էր՝ մա՛մ, դե չեմ սիրում, ասում էի՝ լավ, չես ուզում, ոչինչ, մի՛ կեր: Անմիջապես, որ տեսնում էր նեղվել եմ՝ մա՛մ, չէ՛, տուր, կուտեմ, ինչ ա՝ չնեղվեի, կուտեր, էդպիսին էր Հայկը»,- հուզված ասում է մայրը։

Հայկի հետաքրքրություններից էր նկարելը, սիրել է նկարել հատկապես ծաղիկներով ծաղկամաններ, հաճախել է Հայորդյաց տան նկարչական խմբակ, մասնակցել մի շարք մրցույթների և արժանացել մրցանակների:

Սակայն որոշել է արվեստի գծով չշարունակել։ Լավ տիրապետել է մաթեմատիկային և դպրոցն ավարտելուց հետո ընդունվել Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ: Որոշել էր այնուհետև մասնագիտանալ ծրագրավորման ոլորտում։

Մարինեն ասում է՝ որդին որոշել էր բանակից վերադառնալուց հետո սովորել և միաժամանակ աշխատել։ Իր նպատակներից էր, որ եղբոր հետ անպայման օգնի մորը և տունը վերանորոգի։

«Որ հայրը մահացել էր, շատ էր ուզում, որ հնարավորինս շուտ սկսեր օգներ, ասում էր՝ հետո չեմ թողնելու, որ աշխատես»,- հիշում է որդու խոսքը ու հուզվում մայրը։

Հայկ Անտոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար։

Արփինե Արզումանյան

MediaLab.am