«Շատերը՝ վնասով, բայց ընդունել են զբոսաշրջիկ». դոլար-եվրո փոխարժեքի նվազումը վնաս է հասցրել զբոսաշրջության ոլորտին

Տվյալները դեռ չեն ամփոփվել, բայց Զբոսաշրջության ֆեդերացիայում հաշվարկում են՝ այս տարվա առաջին ինն ամիսներին Հայաստան է այցելել շուրջ 1.2 մլն մարդ:

«Շուտով՝ այս ամսվա վերջին, կհրապարակվեն առաջին ինն ամիսների տվյալները, այն ժամանակ փաստերով կխոսենք, բայց իմ կանխատեսումներով, իմ դիտարկումներով՝ առաջին ինն ամիսներին 1.2 միլիոնը պետք է որ գերազանցած լինենք: Սպասում եմ»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Հայաստանում զբոսաշրջության ոլորտը վերջին տարիներին շատ ցնցումներ ունեցավ. 2020-ին քովիդի համավարակն էր, հետո՝ Արցախյան պատերազմը, 2021-ին ոլորտը փորձեց ոտքի կանգնել Կառավարության աջակցությամբ: 2022-ին մասնագետների ակնկալիքները մեծ էին, հույս կար՝ 2019 թվականի ցուցանիշը՝ 1.9 մլն զբոսաշրջիկ, կապահովվի նաև այս տարի, սակայն որոշ խնդիրներ, այդուհանդերձ, ծագել են: 

«Զբոսաշրջության ոլորտը, չնայած շատ խնդիրների, անկոտրում է, կարողանում է դուրս գալ դրանց տակից»,- նշում է Ապրեսյանը:

Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված այս տարվա սկզբին հատուկ պասիվությունը, ըստ Ապրեսյանի, խախտվեց, ինչը դրական էր տնտեսության համար: 

«Երրորդ եռամսյակը Հայաստանի համար ամենաակտիվ սեզոնն է, եթե ռուսական զորահավաքը չլիներ ու դրանով պայմանավորված ավիատոմսերի բարձր գները, առնվազն այդքան ու ավելի շատ այցելություններ կունենայինք, որոնք կայցելեին ամբողջ Հայաստանով մեկ, կծախսեին գումարներ, ու փող կշրջանառվեր երկրում: Էլի գնում են, բայց սպասվածը չէ»,- նշում է Մեխակ Ապրեսյանը: 

Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ընթացքում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ այս ամռան վերջին երկու ամիսներին Հայաստանի հյուրանոցային կարողությունները զբաղված են եղել: «Նույնիսկ այլ երկրների զբոսաշրջային ընկերությունները մեզ ասել են, որ ստիպված են եղել մերժել Հայաստան այցելությունների հայտերը կամ Հայաստան տոմսեր վաճառել, որովհետև չեն կարողացել տեղավորել»,- նշել էր Քերոբյանը։

Մեխակ Ապրեսյանը սակայն հակադարձում է նախարարին՝ խնդիրը ոչ թե զբոսաշրջիկներին տեղավորելն է եղել, այլ արտարժույթի փոխարժեքի էական տատանումները:

«Էդպես չի կարող լինել, կներեք, համաձայն չեմ. 2019-ին մենք ընդունել ենք 1.9 մլն զբոսաշրջիկ, այս տարին դեռ չի ավարտվել, էդ ո՞նց եղավ՝ տեղ չունեցանք: Մերժումը պայմանավորված է փոխարժեքի տատանումներով, և երբ թանկանում է տուրիստական փաթեթը, հնարավոր է մերժեն, չգան: Պետք է ասեմ նաև, որ շատերին չենք մերժել, բայց վնաս կրելով ընդունել ենք, դոլար-եվրոյի նկատմամբ դրամի էական արժևորումը, ընդհանուր գնաճը հանգեցրել են նրան, որ առնվազն 30 տոկոսով մեր զբոսաշրջային արդյունքի գները բարձրացել են: Մեկ զբոսաշրջիկի հաշվարկով մենք մոտավորապես 50-150 դոլար տուժել ենք: Մեր շատ զբոսաշրջային ընկերություններ բարձր պահեցին իրենց ու երկրի պատիվը»,- ասում է ֆեդերացիայի նախագահը:

Կառավարության ծրագրերում կա, որ մինչև 2026 թվականը Հայաստան այցելի 2.5 մլն մարդ: Այս թիվը Ապրեսյանը քիչ է համարում: Նրա կարծիքով՝ Հայաստանն ավելին ապահովելու ներուժ ունի:

«2.5 մլն մարդն ի՞նչ է, որ չկարողանանք ապահովել: 2019-ին ենք 1.9 մլն զբոսաշրջիկ ընդունել, մինչև 2026 թիվն ի՞նչ է, որ 2.5 մլն մարդ չկարողանանք ապահովել: Մինչև 2026 թվական եթե 3 միլիոնը չանցնենք, ամոթ է: Բայց սա այն դեպքում, եթե ցնցումներ չլինեն, ու եթե աշխատենք: Գործ է պետք անել, պետություն-մասնավոր համատեղ համալիր միջոցառումներ պետք է իրականացնել»,- ընդգծում է նա:

Հասմիկ Համբարձումյան 

MediaLab.am