«Զանգեց հորը, ասեց՝ ես վիրավոր եմ, ինձ չսպասեք»․ որդեկորույս մայրն ասում է՝ երեխեքը դավաճանության զոհ են դարձել

Որդեկորույս մայրը համոզված է՝ որդին այսօր իր կողքին կլիներ, եթե մարտի դաշտում հրամանատարները զինվորներին մենակ չթողնեին հատուկջոկատայինների դեմ պայքարում։

«Հադրութում երեխեքը հայտնվել են շրջափակման մեջ, մեն-մենակ հատուկջոկատայինների հետ են կռիվ տվել։ Էս երեխեքը դավաճանության զոհ են դարձել։ Եթե երեխեքի գլխին հրամանատար լիներ, փախած չլինեին, երեխես կփրկվեր ու էլի շատ տղաներ»,- ասում է ժամկետային զինծառայող Դավիթ Ադոյանի մայրը՝ 52-ամյա Լիլյա Սարգսյանը։

Լիլյան որդու՝ Դավիթի հետ։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

Այս դեպքի հետ կապված հրամանատար, մայոր Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել, որի համաձայն 44-օրյա պատերազմում Իշխան Վահանյանը լքել է մարտադաշտը, ինչի հետևանքով հոկտեմբերի 10-ին եղել են զոհեր, վիրավորներ, գերեվարվածներ։

Իշխան Վահանյանը իրեն մեղավոր չի ճանաչում:

Փրկված տղաներից Լիլիային պատմել են, որ հոկտեմբերի 10-ին նռնակի պայթյունից Դավիթի ոտքը վիրավորվել է: 18 օր այդպես կարողացել է ապրել ու պայքարել։ Լիլյան ասում է՝ հետագայում տղաներից պատմել են, որ Դավիթի ոտքը այնքան էր վնասվել, որ չի կարողացել ինքնուրույն տեղաշարժվել։ 

Լիլիան հիշում է՝ որդին այդ ընթացքում զանգելիս թեպետ իրեն ոչինչ չի պատմել, միշտ ասել է՝ ամեն ինչ լավ է, սակայն հոկտեմբերի 13-ին արդեն հասկացել է, որ փրկվելու շանս չկա, թշնամու դեմ միայնակ կռիվ տալուց և օգնություն ակնկալելուց և չստանալուց հետո, հիասթափված, զանգել է հորն ու ասել․

«Ես վիրավոր եմ, ինձ չսպասեք։ Ասել է՝ պա՛պ ջան, պա լյուբոմու, գերի ընկնող չեմ»։ 

«Տղերքը ադյալով են տեղից տեղ տարել, մի դիրք ա եղել, որ ցավ չի զգացել, ընկերները փորձել են անընդհատ էդ դիրքով պահել, որ ցավ չզգա։ 18 օր էդպես մնալուց հետո հոկտեմբերի 28-ին Դավիթն ընկերներին ասել է՝ կամ ինձ խփեք, կամ դուրս եկեք, ես ինչքան կարող եմ՝ ձեր թիկունքը կպահեմ, մեկ ա, ես գերի չեմ ընկնի»։ 

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Դավիթ Ադոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և ՀՀ Արիության համար մեդալով։

Դավիթ Ադոյանը հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Դավիթի մայրն ասում է՝ ցավն ու տառապանքը շատ մեծ են, որդու զոհվելուց մեկ տարի անց, ցավին չդիմանալով, մահացել է նաև Դավիթի հայրը։

Լիլյան նշում է՝ իրար հաջորդող դժվարությունների ու ողբերգական իրադարձությունների միջով անցնելով՝ ինքն այլ տարբերակ չի ունեցել, քան պայքարը։ Ասում է՝ Դավիթին դուր չէր գա, որ մորը տեսներ ծնկի եկած, ընկճված։ 

«Ես հասկանում եմ, որ Դավիթը չէր ուզի իր մաման ծնկի գար, կոտրվեր, որ իր մաման լացեր ու խղճահարություն արթնացներ։ Ես որ մի քայլ եմ անում, մտածում եմ՝ արդյոք իմ Դավիթին դուր կգա՞ր։ Անընդհատ խոսում եմ իր հետ՝ իմ էս քայլը, Դա՛վ ջան, ոնց կընդունեիր»,- ասում է Լիլյան ու նշում՝ Դավիթով է ուժ գտնում։

Լիլյայի դեմքին ժպիտ է հայտնվում, երբ սկսում է որդու մասին պատմել։ Ասում է՝ որդին անսպառ հումոր ուներ, նրա չարաճճիությունները առանց ծիծաղի չի կարողանում հիշել։

«Էությամբ ուրախ էր, շրջապատում՝ «դուշա կամպանիի», լավ հումոր ուներ, բոլորս էինք ապշում, որ ինքը միանգամից կարողանում էր ամեն բան հումորի վերածեր»,- ասում է մայրը ու թեթև ժպտում։

Դավիթը ձգտող էր, աշխատասեր, չորս մտերիմ ընկերներով որոշել էին խոհարարական բիզնես ստեղծել, չորսով էլ ընդունվել ու սովորել են Երևանի թիվ 1 տարածաշրջանային քոլեջում՝ խոհարարական բաժնում։ «Չորս մտերիմ ընկեր էին, չորսն էլ մասնակցեցին պատերազմին, երկուսը զոհվեցին մարտի դաշտում»,- հուզմունքով հավելում է Լիլյան։

Դավիթի երազանքներից էր նաև գինեգործությամբ զբաղվել, մինչ բանակ գնալը ընդունվել էր Ագրարային համալսարանի գինեգործության ֆակուլտետը, իր ցանկությունն էր հետագայում գինու գործարան ստեղծել: 

«Ինձ ասում էր՝ մա՛մ, մեծն Դավիթի անունը շատ եք լսելու, հարցրեց՝ Davwine, թե՞ Adwine սիրուն կլինի գինու անունը, ուզում էր կամ անվան, կամ ազգանվան տառերով լիներ: Հիմա մեր տանը Davwine անունով գինի կա, իր ընկերուհիները այդ պիտակով սիմվոլիկ պատրաստել են ու մեզ նվիրել»,- ասում է մայրը ու ցավով նշում՝ որդու երազանքները կիսատ մնացին պատերազմի պատճառով։

Որդու հանդեպ կարոտը, Լիլյան ասում է՝ ոչնչով չի լցվում, ցավը չի ամոքվում, բայց ապրում է՝ հանուն Դավիթի ու մյուս երկու որդիների։

Իսկ Լիլյայի ներաշխարհում կատարվող ապրումները հաճախ են բանաստեղծությունների ձևով արտահայտվում։ Լիլյան ասում է՝ մտքերն ու հույզերը փոխանցում է թղթին, որդուն նվիրված տողեր գրում։ Մայրը հուզմունքով հավելում է՝ այդպես է փորձում որոշ թեթևություն զգալ։

Երկինքը քեզնով հարստացնելու օրդ էլ հստակ չգիտեմ, ձագս (ասում են՝ հոկտեմբերի 28)։ Վեց ամիս և հավերժ սպասում…

Հոգումս գարուն, բայց առանց ծաղիկ,

Սրտումս ցասում, բայց առանց վրեժ,

Կարոտ կարծրացած

Ու հավերժ սպասում…

Ցավից պոռթկացող

Հոգու անձայն ճիչ,

Որ չի չարանում։

Հալումաշ եղած, մղմղված մոր սիրտ,

Ուր լույսդ է ճեղքում,

Ուր ճեղքված տեղում քարի փոխարեն

Դու քո բարության սերմերն ես ցանում,

Իմ էության մեջ

Դու՝ իմ էություն…

Արփինե Արզումանյան

MediaLab.am