«Փաշինյանի անհապահ հրաժարականը միանգամից քաղաքական վակուում կառաջացնի, որը կլցվի քաղաքական աղբով. սա հաստատապես բերելու է քաոսի». Մեհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը

– Պարո՛ն Մեհրաբյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում հրապարակային աջակցություն հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Պուտինն ասաց, որ Փաշինյանից անձնական քաջություն էր պահանջվում Ղարաբաղի խնդրի մասին որոշում կայացնելիս։ «Մեր խնդիրն է, որ հիմա սատարենք և՛ անձամբ Հայաստանի վարչապետին, և՛ նրա թիմին»,- կոչ արեց նա։ Ի՞նչ ուղերձ է պարունակում Պուտինի այս հայտարարությունը։

– Սա ուղիղ խոսքով արտահայտված աջակցություն էր Փաշինյանին՝ կապված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման անհրաժեշտության հետ։ Եվ այս իմաստով նա փաստորեն դրվատանքի խոսք ասաց Փաշինյանին՝ իր կողմից ընդունած որոշման համար՝ կապված որոշման բարդության, քաջություն դրսևորելու հետ։ Նաև ուղիղ խոսքով կոչ արեց ՀԱՊԿ անդամներին սատարել Փաշինյանին ու իր թիմին։

Ի՞նչ է սա նշանակում։ Բնականաբար, մենք պետք է լավ հասկանանք, որ և՛ Փաշինյանը, և՛ Պուտինը ինչ-որ առումով բախտակիցներ են։

Հիմա մեղադրում են Փաշինյանին անհաջողության մեջ, և այս ֆոնին այնպես չէ, որ Պուտինի համար արդյունքները կարելի է որպես հաջողություն ընդունել։ Չմոռանանք, որ վերջին ավելի քան 200 տարվա ընթացքում տեղի ունեցավ աննախադեպ մի բան։

Դա այն է, որ, փաստորեն, Թուրքիայի ռազմական ներկայությունը Կովկասյան տարածաշրջանում օրինականացվեց Ռուսաստանի կողմից։ Սա հաստատապես չէր մտնում Ռուսաստանի պլանների մեջ, բայց Ռուսաստանը գնաց այդ քայլին, Պուտինի ասած խիզախությունը պահանջում էր Պուտինին գնալ այդ քայլին, քանի որ ավելի բան չէր կարող անել Պուտինը։

Եկեք ֆիքսենք մի բան, որ, այո՛, մենք խոսում ենք Հայաստանի պարտությունից, բայց սա նաև ռուսական զենքի, տեխնոլոգիայի պարտությունն էր։ Սա Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին միտված քաղաքականության պարտությունն էր։

Սա մի քանի պարտությունների շարք էր, որը միավորվում է մի բանի ներքո՝ սա, այո՛, նաև Ռուսաստանի պարտությունն էր։ Եվ դրա մասին այսօր խոսում են նաև բազմաթիվ ռուս վերլուծաբաններ, քաղաքագետներ, որոնց հետ դժվար է չհամաձայնել։

– Ռուսական կողմից արդեն մի քանի անգամ, այդ թվում՝ Պուտինը, հայտարարել են, որ չպետք է շեղվել Արցախի վերաբերյալ ստորագրված փաստաթղթի դրույթների կատարումից։ Սա արդյոք կարո՞ղ ենք որպես նախազգուշացում համարել, ի՞նչ վտանգ կա։

– Վտանգն այն է, որ իրավիճակը կարող է դառնալ անկառավարելի ու քաոսային, ինչը հաստատապես Ռուսաստանի ծրագրերի մեջ չի մտնում։ Այսօր Ռուսաստանը բոլոր առումներով այն վիճակում չէ, որ քաոս թույլ տա իր սահմաններին։

Եվ վատ խաղաղությունը ավելի գերադասելի է, քան լավ քաոսը։ Սա է իրողությունը։ Եվ Պուտինն իր մենախոսություններից մեկի ժամանակ դրան ևս անդրադարձել է և ասել է, որ եթե հայկական կողմը չպահպանի փաստաթղթի կատարումը, դա ինքնասպանություն կլինի։ Եվ սա ուղղակի այդ հայտարարությունների շարքից է։

Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ է ձևավորվում, այդ ֆոնին ՌԴ նախագահը հրապարակային աջակցություն է հայտնում Փաշինյանին։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Ռուսաստանի ուղերձն այն է, որ Փաշինյանը պետք է մնա։

– Այո՛, հակառակ դեպքում նման պարտավորեցնող հայտարարություն նա չէր անի։ Դա էլ է գալիս Հայաստանում առկա իրավիճակի իրատեսական գնահատականից։

– Ինչպիսի՞ն է այդ իրավիճակի գնահատականը։

– Այդ գնահատականը և դրանից հետևությունները հետևյալն են. այսօր Հայաստանն ունի բազմաթիվ խնդիրներ, Հայաստան պետության վրա ծանրագույն բեռ կա՝ կապված այս պատերազմի հետևանքների հետ։

Նաև կա վարչապետի անհապաղ հրաժարականի հարցը, որի մասին այսօր բղավում են ինչ-որ խմբակներ։ Նաև մեր հասարակության մեջ զգալի սեգմենտ կա, որը նույնպես հակված է, որպեսզի այս ռազմական պարտության բեռն արագ թոթափի։

Եվ ասում են, որ Փաշինյանը պարտության սիմվոլ է, այդ սիմվոլը պետք է հեռանա։ Բայց դրանում կա մեկ իրողություն՝ Փաշինյանի հիմա, անհապաղ հրաժարականը որևէ խնդիր չի լուծում, այլ կավելացնի նոր պրոբլեմներ, որոնք այս պահին անլուծելի են։ Նախևառաջ միանգամից քաղաքական վակուում կառաջանա, որը կլցվի քաղաքական աղբով։ Սա հաստատապես բերելու է քաոսի։

Քաղաքական մտածողությունից զուրկ այն հայտարարությունները, թե պետք է անհապաղ հրաժարական տա, և փոխարենը գա ինչ-որ արհեստավարժների, տիեզերական մակարդակի պրոֆեսիոնալների կառավարությունը, որը չգիտեմ ինչեր կանի, մի պարզ պատասխան ունի։

Իսկ այդպիսի կառավարությանը մանդատ որտեղի՞ց։ Պարզ է, որ դա դարձյալ պետք է անցնի որոշակի դեմոկրատական մեխանիզմներ։ Ի վերջո եկեք մեկընդմիշտ հիշենք՝ Հայաստան պետությունը կարող է գոյություն ունենալ կամ որպես դեմոկրատական պետություն, կամ եթե դեմոկրատական չէ, ապա պետություն չի կարող լինել ընդհանրապես։

Իսկ որպեսզի դեմոկրատական մեխանիզմներն սկսեն աշխատել, դրա համար անհրաժեշտ են որոշակի ժամանակ, որոշակի օրենսդրական աշխատանք, քաղաքական դաշտի մաքրում, որպեսզի ապագա արտահերթ ընտրություններն անցկացվեն։

Իսկ արտահերթ ընտրությունները նույնպես անհրաժեշտություն են, որովհետև Հայաստանը կարիք ունի իշխանության, որը ներկա իրողություններում տրված մանդատ կունենա։

Բայց որպեսզի մենք գանք ու հասնենք այդ իրավիճակին, այո՛, պետք է որոշակի օրենսդրական աշխատանք կատարվի, փակվի հեղաշրջման ճանապարհը։

Պետք է պատնեշ դրվի քաղաքական աղբի առաջ, կոռուպցիայի և կրիմինալի հետ կապված քաղաքական խմբակների առաջ։

Պետք է ձևավորվի ազգային միասնության մթնոլորտ։ Իսկ դա ես հասկանում եմ որպես միասնություն մինուս կոռուպցիա, միասնություն մինուս կրիմինալ։ 

Մենք հիմա տեսնում ենք, որ միասնության թեմայով կոկորդներն ամենաշատը ճղում են հենց կրիմինալի և կոռուպցիայի մեջ թաթախված խմբակները։ Օրախնդիր հարցերը լուծելուց հետո միայն մենք պետք է կարողանանք մտնել նախընտրական ինչ-որ խոսակցությունների փուլ։

Օրախնդիր հարցեր ասելով՝ ես նախևառաջ հասկանում եմ հաջողված պայքար համավարակի դեմ, առջևում ձմեռ է։ Տնտեսական համակարգում կան լրջագույն խնդիրներ։

Դրան գումարվում են մեր ռազմագերիների և անհայտ կորածների, փախստականների հարցը, Արցախում մարդկանց համար նորմալ պայմաններ ստեղծելը։

Մարդիկ որոշ ժամանակ հետո սգից դուրս կգան, ցավը մի քիչ կմեղմանա, որից հետո մենք կմտնենք ազնիվ խոսակցությունների մեջ, թե ի՞նչ ենք ուզում, նոր իշխանությունը գալիս է ինչի՞ համար։

Որպեսզի որոշենք, թե ով է գալու, նախևառաջ պետք է որոշենք՝ գալու են, որ ի՞նչ անեն։ Եվ ըստ այդմ պարզ կլինի, թե այդ անելիքը ով լավագույնս կանի։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am