Փաստացի Արցախի ժողովուրդը դառնում է միակ սուբյեկտը, որը կարող է սեփական շահերն առաջ մղել, այլընտրանք չկա. Արմեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը 

– Պարո՛ն Պետրոսյան, բրյուսելյան բանակցությունը արդյունավետ կարելի՞ է համարել։ 

– Այդ բանակցության արդյունավետությունը գնահատելու համար պետք է սկսենք այս ձևաչափի ընդհանուր նշանակությունը, հնարավորությունները գնահատելով, իսկ այդ ամենով այս ձևաչափը, բնականաբար, էականորեն զիջում է երկկողմ հարաբերությունների կարգավորման մյուս ձևաչափերին: Միանշանակ պետք է փաստել, որ բրյուսելյան ձևաչափի ազդեցությունը էականորեն նվազ է, ինչի մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը տևական ժամանակ չէր տալիս հենց այս ձևաչափով հանդիպման մասնակցելու իր համաձայնությունը։ 

Հիշեցնեմ, որ բրյուսելյան վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2022 թվականի օգոստոսի վերջին, ու դրանից երկու շաբաթ անց Ադրբեջանը ագրեսիա իրականացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Բրյուսելյան ձևաչափը, այսինքն՝ ԵՄ-ն, չունի երկկողմ հարաբերությունների կարգավորման, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի անզիջում դիրքորոշման վրա ազդելու որևէ էական լծակ։ 

Սրան զուգահեռ պետք է նշել նաև, որ բրյուսելյան հարթակում հանդիպելու համաձայնություն Հայաստանը տվեց այն դեպքում, երբ Ադրբեջանն էլ համաձայնել էր Քիշնևում մասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում վեցակողմ հանդիպմանը։ Այս համատեքստում ես՝ որպես փորձագետ, այս ձևաչափում արձանագրված որևէ պայմանավորվածության իրականացման հետ կապված լուրջ առաջընթաց չեմ կանխատեսում, հատկապես Ադրբեջանի կողմից, բացառապես հումանիտար խնդրի, այն է՝ որոշակի թվով հայ ռազմագերիների վերադարձը։ 

– Այսինքն՝ այս հարթակի գործունեությունը անարդյունավե՞տ եք համարում։

– Միայն ես չեմ անարդյունավետ գնահատում, նաև Հայաստանի իշխանություններն են այդպես գնահատում՝ մինչև այժմ մերժելով այդ ձևաչափում հանդիպման հնարավորությունը, որովհետև սա Ադրբեջանի համար հնարավորինս մանևրելու լավագույն հարթակն է։ 

Հենց այս հարթակում է, որ Շառլ Միշելը Հայաստանին տալիս է տարբեր խոստումներ և իրականում չի կարողանում հասնել դրանց կենսագործմանը, փոխարենը Հայաստանին մղում է որոշակի առաջանցիկ քայլերի, որոնցից մեկն էլ երկու երկրների տարածքների թվային ամրագրումն է, որը նորություն էր՝ ի տարբերություն նախորդ հանդիպումների։

– Ի՞նչ առումով էր նորություն։

– Որովհետև մինչև հիմա, երբ խոսվում էր երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչման ամբողջականության մասին, հստակ թվեր չէին նշվում, ու դա գոնե վերլուծական մակարդակում մանևրելու տեղ էր թողնում, օրինակ՝ հղում անելու Աստանայի ձևաչափի հետ կապված հայկական կողմի վերապահմանը, բայց հիմա, փաստացի, դժվար է այդ հղումն իրականացնել, որովհետև այն տարածքը, որը ֆիքսվում է Ադրբեջանի պարագայում, իր մեջ ենթադրում է Արցախի տարածքը։ 

Բայց զուգահեռաբար մեկ այլ հնարավորություն է ստեղծվում ու ավելի ամրապնդվում այն․ խոսքն Արցախի ու նրա ժողովրդի սուբյեկտայնության ընդգծման մասին է։ Փաստացի Արցախի ժողովուրդը դառնում է միակ սուբյեկտը, որը կարող է սեփական շահերն առաջ մղել, այսինքն՝ Արցախն է ընդունողը բոլոր այն պայմանների, որոնք իրեն առաջարկվում կամ պարտադրվում են, ու դրա համար որևէ երրորդ երկրի համաձայնությունը կամ Արցախի փոխարեն դիրքորոշում հայտնելու իրավասությունը բացառվում է: Արցախը դառնում է սեփական խնդիրների ու նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների հետ կարգավորման հարցում լիարժեք սուբյեկտ: Այլ բան է, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է չեղարկել հենց այս հնարավորությունը։ 

– Պարո՛ն Պետրոսյան, իսկ այս պարագայում որքանո՞վ է իրատեսական, որ Արցախի ձայնը լսելի կդառնա, երբ ասում եք, թե սա նաև դրական է, քանի որ Արցախը սուբյեկտ է դառնում։

– Այլընտրանք փաստացի չկա, մենք դա պետք է հաշվի առնենք, որովհետև Հայաստանը պատերազմից հետո հիմնականում հանդես էր գալիս որպես արցախահայության իրավունքների և անվտանգության հետ կապված խնդիրները միջազգայնորեն բարձրաձայնող սուբյեկտ, ոչ ավելին։ Բայց թե որքանո՞վ է Արցախը պատրաստ դրան, առաջին հերթին Արցախի ղեկավարությունը պետք է գիտակցի նոր իրավիճակի և՛ հնարավորությունները, և՛ ռիսկերը ու համապատասխան մոտեցում ցուցաբերի։ 

Խնդիրը բարդ է, բայց պարունակում է նաև հնարավորություններ, որոնցից կարելի է օգտվել։ Այսօր Ադրբեջանի ձեռքին միակ արդյունավետ եղանակն Արցախի դեմ ռազմական ագրեսիան է, բայց ռուս խաղաղապահների ներկայությունը որոշակի սահմանափակում է մտցնում այդ հարցում, իսկ դա էլ Արցախի համար տալիս է որոշակի հնարավորություններ՝ ավելի արդյունավետ մեխանիզմներ ու քայլեր մշակելու և իրականացնելու համար։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am