«Աստված շատ համարեց, խլեց, իմ արևն էլ տարավ»․ որդեկորույս մայր՝ «գժված, խելագարված ապրում ենք»

Պատերազմում որդուն կորցրած 45-ամյա Նաիրա Գաբոյանը հուզմունքով պատմում է՝ որդուն կորցնելու կանխազգացում քանիցս ունեցել է մինչև ողբերգական դեպքը։ 

Ասում է՝ 2020-ի հունվարին, երբ ընտանիքով մեկնել էին Մատաղիս մասնակցելու որդու զինվորական երդման արարողությանը, տուն վերադառնալիս ամբողջ ճանապարհին արտասվել է: «Հենց էդ օրը ես զգացի, գիտեի՝ թողնում եմ ու տուն գնում»,- ասում է 45-ամյա կինը։

Մայրը պատմում է, որ որդին՝ Արմանը, պատերազմի առաջին օրից առաջնագծում է եղել, սեպտեմբերի 31-ին ոտքի բեկորային վիրավորում է ստացել, սակայն ընտանիքի անդամներին այդ մասին ոչինչ չի ասել, Խոջալուի հոսպիտալում 3 օր մնալուց հետո կրկին վերադարձել է մարտի դաշտ։

Աթաբեկյանները Բի Բի Սիի պատրաստած տեսանյութի միջոցով հետագայում տեղեկացել են, որ որդին իր հրամանատարի և ընկերների հետ միասին մարտի են բռնվել 200 հոգանոց ադրբեջանական խմբի դեմ և թշնամուն մեծ կորուստներ պատճառել։

Նաիրան ասում է՝ դա միակ գործողությունն է, որի մասին իրենք տեղյակ են, իսկ որդին բացարձակապես ոչինչ չի պատմել իր կատարած սխրանքների մասին։

Արման Աթաբեկյանը թշնամու դեմ պայքարել է Մատաղիսի անտառներում։ Հոկտեմբերի 22-ին բեկորային վիրավորում ստանալով՝ զոհվել է։

Նաիրան հիշում է՝ այդ օրը ինքնազգացողությունը վատ է եղել և կանխազգացել է, որ որդուն ինչ-որ բան է պատահել։

«Անընդհատ քթիս տակ մռմռում էի՝ «13 արծիվներ միացան պատմության զորավոր էջերին», անընդհատ էդ երգի բառերն էին գալիս, ասում էի՝ ինչի՛։

Ամուսինս, աղջիկս պառկել էին, բայց չէինք քնում, միշտ զանգի էինք սպասում, ես էլ գլուխս դրեցի բարձին ու վեր թռա, ասեցի՝ երեխեն չկա»։

Հաջորդ օրն արդեն Աթաբեկյանները գյուղապետարանից զանգ են ստացել, որ պետք է մոտենան դիահերձարան որդուն ճանաչելու համար։

Որդեկորույս մայրն ասում է՝ այդ պահին կյանքը կանգնեց, ու մինչև հիմա էլ իրենց համար 2020 թիվն է, կյանքն առաջ չի շարժվել։

«Մենք նույն տեղում ենք մնացել։ Ես պատերազմից առաջ միշտ գոհացել եմ, երբեք նախանձ չեմ եղել, միշտ Աստծուն խնդրել եմ՝ կարևորը երեխեքս ողջ-առողջ լինեն, էն էլ էդ էլ շատ համարեց, էդ էլ խլեց, իմ արևն էլ տարավ»,- արտասուքի միջից ասում է Նաիրան։

Արման Աթաբեկյանը հուղարկավորված է ծննդավայրում՝ Տավուշի մարզի Բերդավան գյուղի զինվորական պանթեոնում։ Հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության և «6-րդ ՊՇ անձնուրաց պաշտպան» մեդալներով։

Մայրն ասում է՝ որդին մի ուրիշ աշխարհ էր, չափից ավելի ուշադիր, հոգատար, կամեցող և՛ հարազատների, և՛ ընկերների, և՛ անծանոթների համար։

Նաիրան ասում է՝ որդին սիրում էր անակնկալներ անել, ուրախություն պարգևել ընտանիքի անդամներին։

Մայրը հիշում է՝ որդին 2019-ի վերջին, երբ պետք է զորակոչվեր բանակ, քանի որ չէր կարող մասնակցել քրոջ ծնունդին, որովհետև մի քանի օրից մեկնելու էր, նախապես նվեր էր գնել ու անակնկալ ձևով նվիրել։

«Թաքուն մի սիրուն ժամացույց էր առել, մեզ նստացրեց մեքենան, ասեց՝ գնանք գյուղամեջ, եղևնի են բերել, զարդարել են, տարավ լույսերի, զարդարանքի տակ, քույրիկին անակնկալ արեց»։

Արմանը մինչ բանակ գնալը սովորել է Նոյեմբերյանի քոլեջում՝ մեքենաշինություն բաժնում, մայրն ասում է՝ բանակից պետք է վերադառնար, հորն օգներ, որը նույնպես այդ գործով էր զբաղվում։ «Երազանքներ ուներ, նպատակներ, բայց չհասցրեց»,- ցավով ասում է մայրը։

Նաիրան հուզմունքով է պատմում, որ որդին սիրում էր իրենց հողամասում ծառ տնկել, մշակել։ Ասում է՝ վերջերս էլ փորձել են որդու տնկած ծառերի բերքը։

«Իրանից հետո նուռը քաղեցինք, բերեցինք։ Էդ աշնանը իմ երազին եկավ, ասեց՝ մամ, նուռ եմ ուզում, նուռը մաքրելով բերեցի, որ տամ իրեն, չհասցրեցի, երազս ավարտվեց․․․»

Աթաբեկյանների օրը լցված է որդու մասին հուշերով, հիշողություններով։ Ասում են՝ կարոտը խեղդում է, կսկիծը որևէ կերպ չի ամոքվում։ 

«Անընդհատ իրա հետ ենք, առանց տղայիս ենք ապրում, բայց իրանով։ Մի քիչ գժված, մի քիչ խելագարված ապրում ենք»,- ասում է որդեկորույս մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am