«Ես կողմ եմ վեթինգին որպես ֆիլտրման, գնահատման գործիքակազմի, այլ խնդիր է, որ կարող ենք լավ գործիքակազմով ունենալ վատ արդյունք». Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Նորայր Նորիկյանը:

– Պարո՛ն Նորիկյան, ձեր կարծիքով, ի վերջո, ո՞վ է Սահմանադրական դատարանի դատավոր, ով՝ ՍԴ անդամ։ Այս խնդրին ի՞նչ լուծում եք տեսնում, արդյոք ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պե՞տք է հրաժարական տա, և վերջակետ դնենք խնդրին։

– Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակն իսկապես ճգնաժամային է, միաժամանակ ունի երկու երես. մի կողմը իրավաբանություն է, մաքուր իրավական հարթության վրա քննության առնվող հարց, մյուս կողմից՝ մենք չենք կարող խուսափել քաղաքական բաղադրիչի առկայությունից։ Որքան էլ դա անթույլատրելի է, բայց մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ կոնկրետ այս խնդիրը հանգուցալուծելու համար անհրաժեշտ է քաղաքական կամքի առկայություն։

Երբ մենք խոսում ենք իրավական հարթության վրա խնդիրը լուծելուց, այդ խնդիրը տառացիորեն լուծված է ՀՀ գործող Սահմանադրության 213-րդ հոդվածով, և դրանով հարցը սպառված է՝ անկախ նրանից, թե մենք այդ հոդվածի նկատմամբ ինչ դիրքորոշում կամ կարծիք կունենանք։

Ինչ վերաբերում է քաղաքական բաղադրիչին, ես կարծում եմ, որ մենք պետք է մինչև վերջ ազնիվ լինենք հանրության հետ և արձանագրենք, որ Սահմանադրական դատարանի շուրջ այս ճգնաժամը հասունացավ ոչ միայն Վահե Գրիգորյանի որպես ՍԴ դատավոր ընտրվելով, այլ նաև այս խնդիրը մեծ մասամբ կապված է Ռոբերտ Քոչարյանի կամ այսպես ասած «Մարտի 1»-ի գործի հետ։

Առկա է ողջամիտ մտահոգություն, որ ՍԴ մուտք եղած և վարույթ ընդունված Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կամ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի կողմից ներկայացված դիմումները կարող են որոշակի հետևանքներ առաջացնել «Մարտի 1»-ի քրեական գործի հետագա ընթացքի վերաբերյալ, եթե չասեմ՝ վճռել գործի հետագա ելքը՝ փաստի առջև կանգնեցնելով ամբողջ «Մարտի 1»-ի գործով իրականացվող քրեական վարույթը։

Այս առումով հասկանալի է նաև իշխանության վարքագիծը՝ ամեն ինչ անել փրկելու համար «Մարտի 1»-ի գործով իրականացվող քրեական վարույթի ընթացքը։ Ուստի ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը ես պայմանավորում եմ նաև այդ հանգամանքով։ 

– Այդ դեպքում խնդիրն ինչպե՞ս պետք է հանգուցալուծվի։

– Ես կարծում եմ, որ եթե մենք իսկապես ցանկանում ենք այդ խնդիրը լուծել, քաղաքական կամքի առկայության դեպքում Հրայր Թովմասյանը նույնպես պետք է մտածելու բան ունենա, որ արդյոք ինքն ընդհանրապես անելիք ունի՞ այդ Սահմանադրական դատարանում, թե՞ ոչ։

Ես կարծում եմ, որ առհասարակ Հրայր Թովմասյանն այս Սահմանադրական դատարանում անելիք չունի, առավել ևս այն իրողությունների պայմաններում, որ այս ամբողջ խառնաշփոթի ստեղծման պրոցեսում անգնահատելի է։ Այն խառնաշփոթը, որ ստեղծվել է, կարծում եմ՝ նրա համառ ու տքնաջան ջանքերի արդյունքում է եղել։

Եթե քաղաքական հարցերի համատեքստում և նոր իրողությունների պայմաններում քննարկում ենք այս խնդիրը, ընդհանրապես ի՛նչ գործ ունեն Հրայր Թովմասյանը և բոլոր այն կադրերը, որոնք Սերժ Սարգսյանի ժամանակ հլու կամակատարի նման ծառայել են Սերժ Սարգսյանի քաղաքական ռեժիմին և անձամբ Սերժ Սարգսյանին։ Ի՞նչ գործ ունեն այդ մարդիկ նոր Հայաստանի կամ նոր իրողությունների պայմաններում։

– Շատերն ասում են, որ վեթինգ իրականացնելու համար պետք է ձևավորել հանձնաժողով, որը կարճաժամկետ կլինի։ Սա ձեզ համար որքանո՞վ է ընդունելի։

– Վեթինգը չպետք է նույնացնել անցումային արդարադատության հետ։ Վեթինգը փաստական պրակտիկ միջոց է, որն ամենօրյա շփում ունի դատական համակարգի հետ։ Ես ամբողջությամբ կողմ եմ վեթինգի իրականացմանը որպես ֆիլտրման, գնահատման գործիքակազմի։

Այլ խնդիր է, որ մենք կարող ենք շատ լավ գործիքակազմ օգտագործել, բայց ունենալ վատ արդյունք։ Շատ կարևոր է, թե ինչպես կօգտագործենք այդ գործիքը, ում կողմից կօգտագործվի այդ գործիքը, ովքեր են իրականացնելու վեթինգը։ Մենք պետք է շատ զգույշ ու նրբանկատորեն մոտենանք այդ խնդրին՝ միաժամանակ անխուսափելի համարելով վեթինգի փիլիսոփայությունը որպես այդպիսին։ Իսկ անցումային արդարադատության մասին իմ կարծիքը հայտնի է, ես վաղուց հայտնել եմ դրա հետ կապված իմ վերապահումների մասին։

Որպես ՀՀ քաղաքացի և որպես փաստաբան՝ ես պետք է արձանագրեմ հետևյալը, որ Պլատոնը ընկերս է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։ Հայաստանում օրինականությունը չպետք է վերականգնվի անօրինական մեթոդներով ու գործիքներով, որովհետև այս ժողովուրդը դուրս եկավ փողոց՝ չհանդուրժելով անօրինական վարչակարգը, անօրինական քաղաքական ռեժիմը և այդ ռեժիմի կողմից իրականացվող անօրինական գործողությունները։

Ժողովուրդը դուրս եկավ փողոց և հայտարարեց, որ այլևս չի հանդուրժելու որևէ հակաօրինական գործընթաց։ Ես կարծում եմ, որ օրինականությունը Հայաստանում բոլորի համար պետք է դառնա կենսակերպ։ Իրավական պետության փիլիսոփայությունը, սահմանադրական գերակայության ինստիտուտը պետք է գործեն, բայց ժողովուրդը չի ասել մի անօրինականությունը փոխենք մեկ այլ անօրինականությամբ։

Ես կարծում եմ, որ առավել ևս այսպիսի գլոբալ ու կարևոր խնդիրներին մենք պետք է չափից դուրս լուրջ մոտենանք։ Մենք պետք է առաջնորդվենք ելակետով, որ ոչ թե մեզնից հետո ինչ կլինի՝ կլինի։ Ես կարծում եմ, որ քաղաքական մեծամասնությունն ինքը պետք է նախանձախնդիր լինի թույլ չտալու որևէ շահարկում օրենքի ու օրինականության տեսանկյունից։

Իշխանությունն ինքը պետք է շահախնդիր լինի, որ թույլ չտա որևէ մեկի կողմից որևէ նորմի երկիմաստ մեկնաբանություն։ Եթե մենք իսկապես պետք է գնանք օրինականության վերականգնման ճանապարհով, դրա ընթացքում որևէ մեկը չպետք է իրեն իրավունք վերապահի դուրս գալու օրինականության սահմաններից ու շրջանակներից։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am