«ՌԴ նախագահի խոսքով, մոտ 60 տոկոս քվեն շատ լավ արդյունք է». Մոսկվայում կայացել է Սարգսյան-Պուտին հանդիպումը

«ՌԴ նախագահի խոսքով, մոտ 60 տոկոս քվեն շատ լավ արդյունք է». Մոսկվայում կայացել է Սարգսյան-Պուտին հանդիպումը
«ՌԴ նախագահի խոսքով, մոտ 60 տոկոս քվեն շատ լավ արդյունք է». Մոսկվայում կայացել է Սարգսյան-Պուտին հանդիպումը

Այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին ստորեւ ներկայացված պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացնում է ՀՀ նախագահականը:
«Այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Նախագահները քննարկել են ռազմավարական գործընկեր և դաշնակից երկու պետությունների միջև քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցության ներկա վիճակին, երկկողմ հարաբերությունների առավել խորացմանն ու փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման սկզբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին՝ այցի համար և նկատի առնելով, որ ՀՀ նախագահի ընտրություններից հետո սա Նախագահ Սերժ Սարգսյանի առաջին արտերկրյա այցն է, ևս մեկ անգամ շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ այդ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

ՌԴ նախագահի խոսքով, մոտ 60 տոկոս քվեն շատ լավ արդյունք է, որը վկայում է ժողովրդի վստահության մասին և հնարավորություն է տալիս իրականացնել բոլոր ծրագրերը, որոնք ՀՀ նախագահն իր առջև դրել է՝ սկսելով նախընտրական քարոզարշավը:

«Հայաստանի հետ մենք առանձնահատուկ հարաբերություններ ունենք: Ե՛վ Հայաստանում, և՛ Ռուսաստանում դա լավ գիտեն: Պետք է ասել, որ ընդհանուր առմամբ, դրանք հաջողությամբ են զարգանում՝ չնայած համաշխարհային տնտեսության որոշակի դժվարություններին: Անցյալ տարի մենք ավելի քան 20 տոկոս ապրանքաշրջանառության աճ ենք ունեցել: Եվ ինձ համար շատ հաճելի է նշել, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանի հետ առևտրատնտեսական շրջանառության մեջ վստահորեն պահպանել առաջին տեղը:

Պետք է նշել, որ մենք առաջին տեղն ենք զբաղեցնում նաև Հայաստանում օտարերկրյա ներդրումների առումով՝ ավելի քան 3 մլրդ դոլար, և այս գործընթացը շարունակվում է: Մենք ունենք մեծ, հեռանկարային, լավ ներդրումային համատեղ ծրագրեր: Հույս ունեմ, որ մենք այսօր հնարավորություն կունենանք այս ամբողջի մասին խոսել: Պակաս ակտիվորեն չեն զարգանում մեր կապերը քաղաքական ոլորտում:

Մենք փոխգործակցություն ենք իրականացնում գրեթե բոլոր ոլորտներում ու բոլոր ուղղություններով՝ և՛ խորհրդարանների, և՛ կառավարությունների, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների գծով: Այդ ամենը շատ լավ նախադրյալներ է ստեղծում մեր հարաբերությունների ամրապնդման համար, առաջին հերթին, մարդկանց միջև, հումանիտար ոլորտում: Այստեղ կարևոր դեր են խաղում Ռուսաստանի

Դաշնությունում ապրող հայկական սփյուռքի միավորումները: Մեզ մոտ հայեր շատ կան, Դուք գիտեք: Նրանք մեր երկրի օրինավոր և արդյունավետ աշխատող քաղաքացիներ են և շարունակում են շատ սերտ կապեր պահպանել իրենց պատմական հայրենիքի հետ: Դա, իհարկե, մեզ միավորող լրացուցիչ մարդկային ներուժ է: Ես շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Բարով եք եկել»,-ՀՀ նախագահի հետ հանդիպման սկզբում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ հրավերի, շնորհավորանքի և ջերմ խոսքերի համար: Նա միանգամայն օրինաչափ է համարել ընտրություններից հետո իր առաջին արտերկրյա այցը Ռուսաստանի Դաշնություն՝ ընդգծելով, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը և դրանով, սկզբունքորեն, ամեն ինչ ասված է:

«Անցած տարին մեզ համար հոբելյանական էր. մենք նշում էինք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Այդ ժամանակահատվածում մենք անցել ենք շատ լավ ճանապարհ և հասել ենք բացառիկ արդյունքների բոլոր ոլորտներում՝ քաղաքականության, տնտեսության մեջ, ռազմական ոլորտում, հումանիտար և ինտեգրացիոն գործընթացներում: Դրա համար էլ մենք համարում ենք. լավ է, որ կուտակել ենք՝ պետք է զարգացնել:

Վլադիմիր Վլադիմիրի, ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր վերջին հանդիպումից հետո ռազմական ոլորտում լավ առաջընթացի համար: Մեզ մոտ այցերով եղել են ՌԴ պաշտպանության նախարարը և գլխավոր շտաբի պետը: Հայ հասարակությունը շատ բարձր գնահատեց այն փաստը, որ ՌԴ պաշտպանության նախարարը Հայաստան այցելեց Հայկական բանակի օրը: Ես համաձայն եմ Ձեզ հետ, որ առաջընթաց կա նաև տնտեսության մեջ: Իհարկե, այստեղ հարցեր կան, բայց մենք ակնկալում ենք Ռուսաստանի օգնությունն ու աջակցությունը»,-ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ վերահաստատելով ՌԴ նախագահին ուղղված Հայաստան պետական այցի իր հրավերը»:

© Medialab.am