«Վերաինտեգրացիայի» մասին որևէ խոսք չի կարող լինել, դա պարզապես Արցախի չլինելու մասին խոսակցություն է. Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, պաշտոնական Բաքվից հնչում են ոչ այնքան հուսադրող հայտարարություններ ու առաջարկություններ, փորձագիտական և ոչ միայն փարձագիտական դաշտն էլ պնդում է, որ Ադրբեջանը հստակ նախապատրաստվում է նոր ռազմական էսկալացիայի։ Էսկալացիայի վտանգը տեսանելի՞ է ձեզ համար, և ի՞նչ ռեսուրսներ ունի հայկական կողմը դրան դիմակայելու համար։

– Ժամանակակից աշխարհում երևի թե չկա պետություն, որը չի պատրաստվում պատերազմի, և սա պայմանավորված է նրանով, որ փլուզվող աշխարհակարգում ենք, այդ փլուզումը տեղի է ունենում պատերազմների գործիքակազմի կիրառումով՝ անգամ խոշոր խաղացողների միջև, ու նաև նոր ճարտարապետության ձևավորումը ենթադրելու է այդ գործիքակազմի կիրառում, իսկ այս տեսանկյունից, գործնականում բոլորն են պատրաստվում որևէ պատերազմի։ 

Այսինքն՝ սա ինքնին դիտարկել որպես հարձակման տրամադրվածության նախանշան, իմ կարծիքով, այդպես չէ, սա բոլորովին չի նշանակում, թե Ադրբեջանը հնարավորության դեպքում չի փորձի ռազմական ճանապարհով որևէ խնդիր լուծել, բայց այս հանգամանքը պայմանավորված է բազմաթիվ այլ գործոնների դասավորությամբ, ու եթե խոսում ենք մեծ պատերազմի մասին, ապա դրա լինել-չլինելու հարցն ամենևին Ադրբեջանի որոշելու տիրույթում չէ, դրանք որոշվում են խոշոր խաղացողների միջև փոխհարաբերության տիրույթում։ 

Այս տեսանկյունից, ես կարծում եմ, որ այսօր գոնե տարածաշրջանի անմիջական խոշոր դերակատարները՝ Ռուսաստանը, Իրանը ու Թուրքիան, չունեն մեծ պատերազմի շահագրգռություն այստեղ, միևնույն ժամանակ, իհարկե կան նման խաղացողներ, որոնք նման շահագրգռություն ունեն՝ հենց առաջին հերթին Ռուսաստանի, Իրանի դեմ ճնշում գործադրելու նկատառումով։ 

Այդուհանդերձ, Ադրբեջանին ամենևին շահեկան չէ այդ մեծ պատերազմը, այսինքն՝ Ադրբեջանն ինքնակամ չի մտնի այդ մեծ պատերազմի մեջ, որովհետև սա ենթադրելու է անկանխատեսելի հետևանքներ, ենթադրելու է ամբողջ տարածաշրջանը վերածել զինավարժարանի, որտեղ հաղթողն ու պարտվողը շատ հարաբերական հասկացություն են դառնալու այլևս։ 

Այս տեսանկյունից, եթե անգամ Ադրբեջանը ներքաշվի նման արկածախնդրության մեջ, ապա, կարծում եմ, որ դա լինելու է ավելի շատ անելանելիությամբ պայմանավորված, իսկ սրանք ենթադրում են այլ խնդիրներ ու գործոններ, որոնք անմիջականորեն քիչ կապ ունեն Ադրբեջանի այն դիրքորոշումների հետ, որ արտահայտվում է արցախյան հարցի ու հայ-ադրբեջանական խնդրի վերաբերյալ։ 

Ադրբեջանի դիրքորոշումները նոր չեն, ու արձանագրելով այս քաոտիկ համաշխարհային իրողությունները, փորձում է պարզապես իր համար սահմանել քաղաքական դիրքավորման առավելագույն նշաձողեր, եթե կստացվի դրանք սպասարկել հետագայում, ապա կհայտնվի շահեկան դիրքում, եթե չի ստացվի՝ գոնե այս անկանխատեսելի միջավայրը Ադրբեջանին կստիպի առայժմ չկանգնել ինչ-որ առերեսումների առաջ ու գնալ նշաձողերը բարձրացնելու ճանապարհով։

– Հայաստանն ի՞նչ է անում ու այդ ամենին դիմագրավելու ռեսուրսներ ունի՞։

– Հայաստանն իր հերթին փորձում է այս անկանխատեսելի միջավայրում շարժվել՝ գոնե առավելագույնը պահպանելու տրամաբանությամբ, այսինքն՝ 2020-ից հետո ձևավորված ստատուս քվոն գոնե այս ծավալներով ու տրամաբանությամբ պահպանել ու հնարավորության դեպքում արդեն Հայաստանի ու Արցախի համար կարևոր խնդիրները զգուշորեն բարձրաձայնելու տրամաբանությամբ: 

Այդ զգուշավորությունը, իհարկե, պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք ուժերի բալանսի տեսանկյունից, մեղմ ասած, ամենալավ վիճակում չենք, բավական թույլ ենք, ու սա որևէ մեկի համար գաղտնիք չէ, բայց նաև հենց ժամանակի ու տարածության կայունության որոշակի հատվածը մեզ պետք է ուժերը վերականգնելու համար։ 

Հայաստանն այս ուղղությամբ, իհարկե, քայլեր կատարում է, դրանց արդյունավետությունը կարող է տարբեր գնահատականների արժանանալ, բայց չունենալով մեծ ռեսուրսներ՝ ռազմական, դիվանագիտական, տնտեսական, այդուհանդերձ, Հայաստանը փորձում է այդ նեղացող մանևրի ճանապարհով առավելագույնս բալանսավորված քաղաքականություն վարել միմյանց դեմ փաստացի պատերազմող Արևմուտքի ու Ռուսաստանի միջև ու չեզոքացնել դրանից բխող ռիսկերը, չեզոքացնել նաև Թուրքիայից ու Ադրբեջանից բխող ռիսկերը։ Կարծում եմ՝ սա է Հայաստանի քաղաքականության տրամաբանությունը։ 

– Պարո՛ն Բադալյան, Ադրբեջանի իշխանությունները նախատեսում են Բաքվում առաջիկա օրերին երկրորդ հանդիպումն անցկացնել «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների» հետ։ Բաքվի այս առաջարկն ի՞նչ նպատակ է հետապնդում, Արցախի գործողությունները որո՞նք պետք է լինեն։

– Այդ առաջարկը Ադրբեջանի, արդեն ասածս՝ քաղաքականության տրամաբանության մեջ է։ Նրանք նաև խոսել էին «վերաինտեգրացիայի» վերաբերյալ քննարկումների մասին, իսկ Արցախն այս առումով իր դիրքորոշումն արտահայտել է, որևէ խոսք չի կարող լինել այդ մասին, դա պարզապես Արցախի չլինելու մասին խոսակցություն է։ 

Հասկանում ենք նաև, որ հայկական կողմի համար այդ բարակող միջանցքներում հնարավորինս կայուն ու անվտանգ մանևրելու խնդիր կա, բայց կարևոր է այդ խնդիրը լուծել՝ չտրվելով ադրբեջանական նշաձողերին, ու չանել քայլեր, որոնք կլեգիտիմացնեն դրանք, որովհետև մենք չգիտենք, թե ինչ իրավիճակ է լինելու աշխարհում հետո։ 

Պետք է մի կողմից իսկապես ճկուն քաղաքականություն վարել, իսկ մյուս կողմից էլ՝ թույլ չտալ, որ ադրբեջանական սահմանվող նարատիվները հաստատվեն ու լեգիտիմությունը ստանան միջազգային առումով։

Արցախը պետք է շատ հստակ սահմանի իր նշաձողերը իրավական ու անվտանգային փաստարկների դաշտում, առավելևս, որ Ադրբեջանն այս տարիներին ու այսօր իր քաղաքականությամբ Արցախին լիուլի տվել է այդ նշաձողերը փաստարկելու հնարավորություն, այն է՝ որ Արցախը չի կարող Ադրբեջանի հետ վերաինտեգրացում քննարկել ու այդպիսով լուծել իր համար անվտանգության հարց։ 

Արցախը ունի նաև իրավական բոլոր հիմքերը՝ քննարկել իր ինքնորոշման իրավունքը ու ամրագրել այն։ Սա պետք է լինի հայկական կողմի արձագանքը, հայկական կողմը չի մերժում որևէ հանդիպում ու քննարկում Ադրբեջանի հետ, բայց դա չպետք է լինի իրավունքների ու անվտանգության հաշվին։ Պետք է փորձել այդ փաստարկային բազայի ամրապնդման ճանապարհով շարժվել առաջ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am