Անզեն աչքով էլ տեսանելի է, որ անցյալ տարվա համեմատ իրանցիների հոսքն այս տարի ավելի քիչ է. Մեխակ Ապրեսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը 

– Պարո՛ն Ապրեսյան, Հայաստան իրանցի զբոսաշրջիկների հոսքն ավելի շատ մշտապես եղել է Նովրուզի տոնին, այս տարի որքա՞ն է կազմել իրանցի զբոսաշրջիկների թիվը։ Այդ ցուցանիշները նախորդ տարիների համեմատ աճմա՞ն, թե՞ նվազման միտում ունեն։

– Թե ինչքան են այցելել Նովրուզի ընթացքում, այս պահին հստակ թվային տվյալներ չկան, մի քիչ ավելի ուշ կլինեն վիճակագրական տվյալները, կկարողանանք արդեն հստակ ու կոնկրետ խոսել ու նաև համեմատել նախորդ տարիների հետ, բայց դատելով ուսումնասիրություններից, մեր գործընկերներին, հյուրանոցներին ուղղված հարցումներից, անզեն աչքով էլ տեսանելի է, որ անցյալ տարվա համեմատ ավելի նվազ է եղել հոսքն այս տարի։ 

Վիճակագրական տվյալների տարեկան արդյունքով՝ անցյալ տարի բավականին շատ է եղել հոսքը, ու նախորդ տարվա համեմատ նույնիսկ աճ ունենք։ 2021 թվականին էլ սակայն վատ ցուցանիշ չենք ունեցել՝ շուրջ 92 հազար զբոսաշրջային այցելություն ենք ունեցել Իրանից, 2022-ին ավելի քան 27%-ով ավելացել է այցելությունների թիվը 2021-ի համեմատ։ 

Ուզում եմ հատուկ շեշտել, որ չնայած հատուկ իրավիճակներին, տարածաշրջանում ոչ այնքան կայուն իրավիճակներին, նաև անցյալ տարի մեր ներգնա տուրիզմի համար ոչ բարենպաստ գործոն ի հայտ եկավ՝ ի թիվս եղածների, սեպտեմբերին նորից պատերազմ։ Կորոնավիրուսից, 44-օրյա պատերազմից հետո դեռևս չվերականգնված՝ մեկ նոր արհավիրք եղավ, որը դարձյալ չի նպաստում ներգնա տուրիզմին, դոլարի ու եվրոյի նկատմամբ մեր հայկական դրամի խիստ արժևորումը՝ շուրջ 25%, ինչը մեր զբոսաշրջային արդյունքը զգալիորեն թանկացրեց դոլարով ու եվրոյով։ Այս տարի դա արդեն ավելի շատ է զգալ տալիս, և Իրանից այցելությունների մի փոքր ավելի նվազ հոսքը ես պայմանավորում եմ նաև դրանով, իհարկե դրան գումարած տարածաշրջանում լարված իրավիճակը։ 

– Այսինքն՝ հիմնական պատճառը, կարծում եք, արտարժույթի փոխարժեքի տատանումնե՞րն են։

– Այո՛, դա իր նշանակությունը ունենում է, որովհետև իրանցիների համար Հայաստանն իր հետաքրքրությունը չի կորցրել, նրանք իրենց միշտ շատ ընդունված են զգացել ու իրենց համար շատ հետաքրքիր է Հայաստանում, պարզապես այս գործոնը, այսինքն՝ նախ տարածաշրջանում իրավիճակն ու մեզ մոտ դրամի խիստ արժևորումը, նաև Իրանում ինֆլյացիան, բացասական ազդեցություն են ունենում Իրանից Հայաստան զբոսաշրջային այցելությունների ակտիվության վրա։ 

– Իրանցիները ո՞ր թվականից են սկսել Հայաստանը դիտարկել որպես հանգստի համար նախընտրելի վայր։

– 2006-2007 թվականներից սկսվեց հետաքրքրությունը, Հայաստանում իրանական օրեր էին, նրանք եկել էին, իրենց մշակույթը, արտադրանքն էին ներկայացնում։ Այդ օրերին լրագրողների հետ էլ հանդիպեցի ու իրենց մոտ բավականին հեղինակավոր ամսագրի հարցազրույց տվեցի, ու լավ հոդված էին պատրաստել՝ Հայաստանի նկարներով նաև։ Աստիճանաբար սկսեցինք իրանական շուկայի ուղղությամբ աշխատել, ու այդ ժամանակներից էլ սկսվեց հոսքը, ու շատ դինամիկ զարգացում ունեցավ՝ ձնագնդիի էֆեկտով ավելանում էին իրանական այցելությունները, հասնելով 90 հազարի, հետո 100 հազարի սահմանն անցավ։ 

Հետաքրքիր է այն, որ 2022-ին Իրանից այցելությունների մասով արդեն գերազանցեցինք 2019-ի ցուցանիշը։ 2019-ին ամենաբարձր ցուցանիշներն ենք ունեցել դեպի Հայաստան ընդհանուր այցելությունների մասով՝ 1.894.000, բայց Իրանից այցելությունները 2019-ին ամենաշատը չէին, դրանից առաջ ավելի լավ ցուցանիշներ ենք ունեցել։ 

Բայց այս տարի Նովրուզի օրերին, իհարկե ասացի, որ թվերն ավելի ուշ կունենանք, բայց ակնհայտ է, որ նվազման միտում կա: Իհարկե այնպես չէ, որ չեն եկել, բավականին այցելուներ ենք ունեցել, բայց այս տարի անցյած ու նախանցյալ տարիների ակտիվությունը չկար։ 

Իրանի մասով ասեմ նաև, որ վերջերս Կապանում տեղի ունեցավ իրանցի մեր բարեկամների մի շատ լավ միջոցառում՝ Արևելյան Ադրբեջանի մշակույթի ներկայացում, իսկ Երևանում երկուշաբթի օրը՝ ժամը 11։00-ին, Կապույտ մզկիթի տարածքում նորից տեղի է ունենալու նմանատիպ ցուցադրություն։

– Իրանցի զբոսաշրջիկները Հայաստանի ո՞ր ուղղություններն են հիմնականում նախընտրում։

– Գնալով ընդլայնվում են այդ ուղղությունները, գնալով ավելի շատ են բացահայտում Հայաստանը, ու բոլոր ուղղություններն էլ նրանց հետաքրքրում են։ Ե՛վ պատմամշակութային վայրեր են այցելում, և՛ պարզապես քաղաքում են զբոսնում, խոհանոցն է նրանց շատ հետաքրքրում, մշակույթը ընդհանրապես։

– Պարո՛ն Ապրեսյան, մտավախություն կա՞, որ այս տարի զբոսաշրջության սեզոնին ևս նվազման միտում կլինի, քանի որ արտարժույթի փոխարժեքի տատանումները, ինչպես նաև տարածաշրջանի անկայուն վիճակը պահպանվում են։

– Չեմ կարծում, որ արտարժույթի մասով այս տարի կունենանք հակառակ գործընթացը, մեզ մոտ կլինի ինֆլյացիա, ու արտարժույթի փոխարժեքը կգա նախորդ տարիների մակարդակին: Մենք արդեն պետք է կարողանանք սովորել այսօրվա պայմաններով շատ լավ մարքեթինգային քաղաքականություն վարել, բարձրակարգ ծառայություններ մատուցել, որպեսզի կարողանանք այս որակ-գին հարաբերակցությամբ այսօրվա պայմաններում գրավիչ լինել համաշխարհային շուկայի համար ու ներգրավել զբոսաշրջիկների։ 

Տարածաշրջանում իրավիճակը, ընդհանրապես աշխարհում իրավիճակը զբոսաշրջության վրա ազդող գործոններ են, ու հուսանք, որ ամեն բան կկայունանա։ Բայց մենք մեր մասով պետք է անենք այն, որ գոնե ավելի իրական տեղեկատվություն կարողանանք հասցնել մեր պոտենցիալ զբոսաշրջիկներին, որովհետև շատերի մոտ պատկերացումներն ու տեղեկատվությունը չափազանցված են։ 

– Նոր հարթակ է գործարկվել, որի օգնությամբ զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ Լոռու, Տավուշի և Շիրակի զբոսաշրջային հնարավորություններին։ Կխնդրեմ մի փոքր մանրամասնեք հարթակի ստեղծման նպատակների մասին։

– Armenia Journey Guide կայքն է, որը երեկ առաջին անգամ ներկայացրեցինք ոլորտի ներկայացուցիչներին, մասնագետներին՝ ակնկալելով նրանցից քննադատություններ, առաջարկություններ այն կատարելագործելու ու վերջնական տեսքի բերելու համար։ Մեր ակնկալիքներն արդարացան, այո՛, ունեցանք և՛քննադատություններ, և՛ առաջարկություններ, ու մենք այդ ուղղությամբ կաշխատենք։ 

Ըստ էության, կայքն առնվազն կարող է ծառայել որպես առայժմ այդ երեք մարզի զբոսաշրջային ռեսուրսների շտեմարան ու տեղեկատվական բազա, որը հասանելի կլինի բոլոր շահագրգիռ կողմերին՝ և՛ զբոսաշրջիկներին, և՛ բիզնեսներին, և՛ տուր օպերատորներին, որոնք կարող են այդ տվյալների բազայից օգտվել ու ավելի դիվերսիֆիկացնել իրենց փաթեթները։ Որպես արդյունք՝ կարևորվեց, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ կայքն էլ գործի մեր գործող օրենսդրությանը համապատասխան ու հնարավորինս ապահովի այնտեղ ներառված տեղեկատվության հավաստիությունը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am