Խոզի գրիպ. չնայած իրավիճակի «վերահսկողությանը»`խուճապը շարունակվում է

Խոզի գրիպ. չնայած իրավիճակի «վերահսկողությանը»`խուճապը շարունակվում է
Խոզի գրիպ. չնայած իրավիճակի «վերահսկողությանը»`խուճապը շարունակվում է

Նոյեմբերի առաջին կեսին` Հայաստանում արձանագրված առաջին խոզի գրիպի դեպքից ավելի քան մեկ ամիս անց, չնայած առողջապահության պատասխանատուների` հանգստություն պահպանելու բազմաթիվ հորդորներին և իրավիճակը հսկողության տակ լինելու հավաստիացումներին, խուճապային իրավիճակը չի հանդարտվում:
Հասարակական տրանսպորտում պաշտպանիչ դիմակով մի երիտասարդ կին դժկամությամբ ասում է, թե չի հավատում իշխանությունների պնդումների, իբր իրավիճակը վերահսկելի է:
«Պիտի շատ լավատես լինել` դրան հավատալու համար,- «Մեդիալաբին» ասում է նա: – Ի՞նչ իմանամ` ինչ կլինի մեզ հետ վաղը:
Գոնե այդ դիմակով մի քիչ վստահություն ունեմ, որ օդում վարակ չեմ որսա: Ամեն օր ծանոթներիս մահվան նոր դեպքերի մասին եմ լսում»:

Չնայած շրջանառվող բազմաթիվ դեպքերին` երկուշաբթի` դեկտեմբերի 21-ի պաշտոնական տվյալների համաձայն` խոզի գրիպից մահվան դեպքերի թիվը 2-ն է, ներառյալ 16 շաբաթական հղի մի կին Հրազդան քաղաքից: Առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանի հավաստմամբ` Հայաստանում արձանագրվել է խոզի գրիպի վիրուսային վարակի լաբորատոր հաստատված 104 դեպք:

Սեզոնային և խոզի գրիպի տարածումը կանխելու նպատակով դեկտեմբերի 8-ից մինչև տարեվերջ ԿԳ նախարարությունը փակել է հանրապետության հանրակրթական դպրոցներն ու մանկապարտեզները:

«Եթե ձեռքերս ծալած նստենք, կունենանք այլ արդյունք: Ցանկանում ենք իրավիճակը կայունացնել, որպեսզի կարողանանք կանխարգելել վարակի տարածումը»,- ասում է ԱՆ բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ Վահան Պողոսյանը: «Դա մասնագիտական խելամիտ որոշում էր»,- դպրոցների և մանկապարտեզների վաղաժամ փակումը բացատրում է հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: – Եթե նման որոշում չընդունեինք, իրավիճակն անհամեմատ վատ կլիներ»:

Երկու երեխաների մայր, Երևանի բնակչուհի Մարիամ Նշանյանն ասում է, որ առանց որոշման էլ ինքն իր երկու երեխաներին դպրոց չէր ուղարկում: «Երբ անընդհատ սրտումդ վախ կա, երբ դրսում փռշտում են, դպրոցում հիվանդների թիվը մեծ է, ինչպե՞ս կարող էի երեխաներիս դպրոց ուղարկել,-«Մեդիալաբին» ասում է Նշանյանը: – Ավելի լավ է նստենք տանը, տնից դուրս չգանք ու դիմենք գոնե ժողովրդական միջոցների օգնությանը ու մենք մեր գլխի ճարը տեսնենք»:

Մեկ այլ ծնող նշում է, որ դպրոցները բացվելուց հետո էլ երեխաներին չի ուղարկելու դպրոց: «Ես վախենում եմ»,- ասում է նա, որը տանը մի քանի կիլոգրամ սխտոր, օղի և հաղարջի և հոնի մուրաբա է «պահեստավորել»` ավանդական մեթոդներով գրիպի դեմ պայքարելու համար: Երևանի մթերքի խանութներում և շուկաներում, գրիպի սեզոնին զուգահեռ, աճել են «կանխարգելիչ» սխտորի գները առնվազն երկու անգամ, սակայն նույնիսկ նման բարձր գների դեպքում էլ վաճառքում եղածը հիմնականում Իրանից ներմուծված սխտորն է:

«Հայկական սխտորն ավելի թանկ արժե, որովհետև ավելի ուժեղ հատկություններ ունի, բայց մենք այլևս չունենք, ամբողջը գնել են, մնացել է իրանականը»,- «Մեդիալաբին» ասում է Երևանի սուպերմարքեթներից մեկի վաճառողուհի Աիդա Մելիքսեթյանը: «Մուրաբայով, թեյով, սխտորով կարելի է գրիպի դեմ պայքարել, եթե բարդություններ չկան, հակառակ դեպքում անհապաղ պետք է բժշկի դիմել»,-նշում է Արա Ասոյանը:

Նա ավելացնում է, որ գերակշիռ դեպքում նույնիսկ խոզի գրիպի հիվանդացության դեպքում ընթացքը թեթև է լինում: Իսկ մահվան ելքերը, ըստ գլխավոր ինֆեկցիոնիստի` «բժիշկների միջամտությանն ուշ դիմելու հետևանք է»:

Առողջապահության ոլորտի պատասխանատուները շեշտում են, որ երկրում դեղորայքով ապահովվածության իրավիճակը «նորմալ է»:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը դեկտեմբերի սկզբին հայտարարել է, թե երկրում «պանդեմիա չկա»` միևնույն ժամանակ հավելելով, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն` հունվարի վերջին Հայաստանը A/H1N1 գրիպի դեմ 300 հազար չափաբաժին պատվաստանյութ կստանա: «Սա մեզ համար բավարար քանակ է»,- ասել է Քուշկյանը։

Սակայն մինչ պատվաստանյութերի` Հայաստան ներմուծվելը, Հայաստանում արդեն գրեթե մեկ ամիս է` դեղատներից «վերացել» է խոզի գրիպի դեմ արդյունավետ համարվող Տամիֆլու դեղամիջոցը, որը հիմա հնարավոր է ձեռք բերել միայն հատուկ անհրաժեշտության դեպքում` պոլիկլինիկաներից և բուժմասնագիտական հաստատություններից: Երևանի տարբեր դեղատներում «Մեդիալաբին» տեղեկացնում են, որ աշխատում են «ծանրաբեռնված»:

Առավել մեծ պահանջարկ ունեցող կանխարգելիչ դեղորայքը, վիտամինները և պաշտպանիչ դիմակները սպառվում են մեծ արագությամբ:

«Մարդիկ իսկապես վախեցած են»,- ասում է Երևանի արվարձաններից մեկի դեղատան աշխատակից Ալլա Ավագյանը: Մինչ հասարակության շրջանում, ինչպես նաև տեղական մամուլում շրջանառվում են խոզի գրիպից կայծակնային մահվան տասնյակ դեպքերի մասին` արագ ընթացող թոքաբորբի տեսքով, որոնց մասին, ըստ աղբյուրների, իշխանությունները լռում են, առողջապահության նախարարությունն այդ լուրերն «անհեթեթ» է որակում:

«Այսօր մենք ունենք խոզի գրիպից մահվան ընդամենը երկու դեպք,-«Մեդիալաբին» ասում է Արա Ասոյանը,- աշխատում ենք բավական արդյունավետ և թափանցիկ, թե չէ այդ դեպքերի մասին էլ կլռեինք»:

© Medialab.am