Մեզ ֆունդամենտալ կրթություն է անհրաժեշտ, վերապատրաստումը  չի օգնում, կարճատև է ու անարդյունավետ. Սերոբ Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, խորհրդարանի գլխադասային հանձնաժողովն առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու փաթեթին, որը հեղինակել է ԿԳՄՍ նախարարությունը։ Առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ ձեր գնահատականն ու դիտարկումներն եմ խնդրում։ 

– Դրական տեղաշարժն այն է, որ այս ոլորտը վերջապես սկսում է ուշադրության արժանանալ: Իրոք, նախադպրոցական կրթությունը տարիներ շարունակ անուշադրության էր մատնված, որովհետև այդ հաստատությունների կառավարումը հանձնվել էր համայնքներին, ու համակարգը մի տեսակ մնացել էր տեսադաշտից դուրս, մինչդեռ դա կոպտագույն սխալ էր: Ես հատուկ ուզում եմ շեշտել, որ նախադպրոցական կրթությունը կրթության ամենակարևոր օղակն է: 

Հիմա դրական շարժն այն է, որ նախարարությունը վերջապես նկատել է այդ ոլորտը ու սկսել այդտեղ որոշակի օրենսդրական կարգավորումներ անել, ուշադրություն դարձնել այդ համակարգին։ 

Այստեղ մի զարգացում էլ կար․ այս տարիների ընթացքում այդ ոլորտում բավական մասնավոր նախաձեռնություններ են եղել՝ զարգացման կենտրոններ և այլն, և այլն, կարգավորումներ են արվել, որոնց մեծ մասն ընդունելի է ինձ համար, ուղղակի այստեղ ևս մեր հիմնական խնդիրը նույնն է, որ մենք ինչ-որ փոփոխություններ անելիս պետք է համակարգային մտածենք և միշտ հաշվարկենք հնարավոր ռիսկերը։ 

Օրինակ՝ հիմա բավական խստացումներ են արվում՝ տնօրենների, դաստիարակների համար հարցաշարեր, քննություններ, բայց ամբողջ խնդիրն այն է, որ մենք չունենք կադրային համապատասխան այդ բազան, ու երբ խստացնում ենք աշխատանքի ընդունվելու պայմանները, կարող ենք բախվել խնդրի, որ բազմաթիվ տեղերում մրցույթները չկայանան, տեղերը թափուր մնան, ոչ մեկը չանցնի: Այսինքն՝ և՛ ուսուցիչների, և՛ նախադպրոցականի պարագայում նախարարության քաղաքականությունն ունի ռիսկ, որ այդ զարգացումների պատճառով մարդիկ գուցե չուզենան ուսուցիչ, դաստիարակ աշխատել։ 

Այս փոփոխությունները պետք է շատ զգույշ ու աստիճանական արվեին, որովհետև եթե մարդիկ չուզենան ոլորտում աշխատել, ավելի վատ կլինի, քան նախկին վիճակը։ Այս օրենսդրական փոփոխությամբ՝ մանկապարտեզի տնօրենի հավաստագրման համար վերապատրաստումն այլևս պարտադիր չէ:

Հիմա այս նույն խնդիրը դրվեց նաև դպրոցների տնօրենների համար, այստեղ ռիսկն այն է, որ մենք շատ մեծ պահանջներ ենք դնում այդ մարդկանց առաջ, զարգացման ծրագիր և այլն, բայց եթե վերապատրաստումը պարտադիր չէ, եթե մենք չունենք կրթության կառավարման համար նորմալ կրթություն, այդ մարդիկ ո՞նց են գրելու այդ զարգացման ծրագրերը՝ առանց լավ բարձրագույն կրթության ու վերապատրաստման։ Սա լրջագույն խնդիր է։ 

Ես ուզում եմ, որ մենք ունենանք շատ լավ կրթական մոդուլներ և՛ նախադպրոցականի, և՛ դպրոցականի, որտեղ մարդը, օրինակ՝ մեկ տարի կպատրաստվի՝ դառնալու դպրոցի կամ մանկապարտեզի տնօրեն, մագիստրոսական մեկ տարվա ծրագիր, որը լինի շատ լուրջ ծրագիր ու նախարարության քաղաքականության հետ սերտաճած, որովհետև հիմա էլ կան այդպիսի ծրագրեր, բայց դրանք ոչ միշտ են համահունչ նախարարության քաղաքականությանը։ 

Մյուսը՝ մենք ինչպես դպրոցական, այնպես էլ նախադպրոցական համակարգում երկխոսության, քննարկումների, թափանցիկության խնդիր ունենք, օրինակ՝ հիմա Հայաստանի 60 մանկապարտեզում այդ նոր ծրագիր-չափորոշիչները փորձարկվում են, բայց պարզ չէ, թե ինչպե՛ս են ընթանում, ի՛նչ խնդիրներ են առաջանում։ Հիմա կամ դա արվում է խիստ փակ շրջանակներում, ինչը շատ վատ է, որովհետև եթե դու փորձարկում ես ինչ-որ կարևոր փաստաթուղթ, ռազմավարություն, չափորոշիչ, պետք է պարբերաբար ներկայացնես արդյունքները, ընդ որում՝ թափանցիկ ձևով, որ մենք սա՛ ենք փորձարկում, ունենք ա՛յս խնդիրները: 

Սա չկա, հաշվետվողականություն չկա, գուցե նեղ խմբերով քննարկում են, բայց դա ճիշտ չէ, պետք է բոլորը՝ նախադպրոցական կառույցի ներկայացուցիչներից մինչև համալսարանների, մասնակցեն այդ գործընթացներին, որովհետև սա իրենց վերաբերող խնդիր է։ 

Լիցենզավորման մասով նաև կետ կա, ինչն իհարկե կարևոր է, որովհետև նախադպրոցական կրթությունը պետք է անպայման հսկվի, որովհետև գործ ունենք փոքր երեխաների հետ, ու պետք է այնպես արվի, որ բարձիթողի վիճակ չլինի: Այդ իմաստով լավ է, բայց այստեղ էլ պետք է սահմանը ճիշտ դրվի, որ չստացվի այնպես, որ մարդկանց նախաձեռնողականությունը շատ սահմանափակենք: 

Այդ ոսկե միջինը պետք է գտնել, որ չստացվի այնպես, որ լինեն լավ հաստատություններ, բայց ստիպված լինեն փակման գնալու։ Լիցենզավորման իմաստով համաձայն եմ նախարարության քաղաքականությանը, ուղղակի դա պետք է շատ զգույշ արվի, որովհետև հնարավոր է՝ ինչ-ինչ քայլերի հետևանքով ինչ-ինչ հաստատություններ կորցնենք։

– Պարո՛ն Խաչատրյան, ղեկավարման իրավունքի հավաստագրի մասով ասացիք, որ խնդիր կա, սա նաև ռիսկային չէ՞ այն առումով, որ, օրինակ՝ նախարարությունը կարող է իր համար ցանկալի մեկին, որը չունի բավարար գիտելիքներ, նշանակել այս կամ այն հաստատության ղեկավար։

– Իրականում այդպես էլ լինելու է։ Ես դեմ չեմ, թող նշանակվեն, բայց մեխանիզմներն այնպիսիք լինեն, որ նշանակվեն լավերը, իմ մտահոգությունը սա է: Մենք տեսանք, որ այդ ընտրությունների մեխանիզմը չարդարացրեց, շատ անհաջող էին ընթանում այդ պրոցեսները։ Կողմ եմ, թող նշանակովի լինի, բայց պայմանով, որ լավ մասնագետներ նշանակվեն։

 – Իսկ վերապատրաստումն օգնո՞ւմ էր, որ լավ մասնագետները զբաղեցնեին այդ պաշտոնը։

– Չէի ասի, մեզ ավելի շատ ֆունդամենտալ կրթություն է անհրաժեշտ, քան վերապատրաստում, դա չի օգնում, այն շատ կարճատև է ու անարդյունավետ։

– Առաջարկվող օրենսդրական փոփոխությամբ կետ կա նաև ներառական կրթության մասով։ Նախ կխնդրեմ ասեք, թե դպրոցական կրթության մեջ ներառականությունը որքանո՞վ է հաջողել և ինչպե՞ս է այն կազմակերպվելու նախադպրոցականի պարագայում։

– Չի արդարացնի, որովհետև ինչպես դպրոցականի, այնպես էլ նախադպրոցականի պարագայում նորմալ ֆինանսավորում չի տրվելու, և էլի շատ խնդիրներ չեն կարողանալու լուծվել։ Ե՛վ ֆինանսավորման հարց է, և՛ մասնագետների։ Պետք են մարդիկ, որոնք կկարողանան այդ երեխաների հետ աշխատել, իսկ մենք չունենք այդ մասնագետները։ 

Տեսեք՝ նախարարությունը խստացնում է, չէ՞, պահանջները, բայց լավ կլիներ, որ մինչ դա բարելավեին նախադպրոցական կրթության ոլորտի մասնագետների պատրաստումը, այսինքն՝ բուհական կրթությունը, մենք բուհական կրթությունը չենք զարգացնում, բայց պահանջները խստացնում ենք։ 

Եթե դու չունես լավ կադրեր, պահանջների խստացումը բերելու է նրան, որ այդ ոլորտն ամայանալու է, այսինքն՝ մարդ չի մնալու, ինչը մենք տեսնում ենք՝ գնալով դիմորդների թիվն ավելի է նվազում, կրթության որակը շատ ցածր է։ Այսինքն՝ նախարարությունը հաստատություններից պահանջելուց առաջ կամ դրան զուգահեռ պետք է նաև մտածի իր մատուցած ծառայությունների որակը բարձրացնելու մասին։ Եթե ինձ կանոնավոր բարձրագույն կրթություն չեք տվել, ինչպե՛ս եք ինձնից պահանջում, ի՛նչ հիմքով։

– Այսինքն՝ ստացվելու է, որ փոփոխությունները թղթի վրա նորմալ շարադրված են, բայց գործնականում հնարավոր չէ՞ կիրառել։

– Այո՛, այո՛, մենք հիմա շատ լավ քարտեզներ ենք գծում, բայց դրանք տեղանքին չեն համապատասխանում, իսկ եթե քարտեզը տեղանքին չի համապատասխանում, անպետք է։

– Իրավասու մարմինները դա չե՞ն նկատում։

– Գիտակցում են իհարկե, բայց տեղանքի խնդիրը շատ ավելի աշխատատար ու բարդ է, իսկ օրենքներ, փաստաթղթեր գրելը՝ հեշտ, բայց շատ դժվար է դրանք կյանքի կոչել, դրա համար քեզ ռեսուրսներ են պետք, այդ թվում՝ մարդկային, որ չկան։

– Իսկ իմաստը ո՞րն է՝ գրել մի թուղթ, որը գործնականում չես կարող կյանքի կոչել, պարո՛ն Խաչատրյան։

– Դե, մեր 30 տարվա խնդիրն է դա, դրա համար էլ ես մեր կրթությունը կոչում եմ թղթե կրթություն, այսինքն՝ թղթերով ամեն բան ճիշտ է ու լավ, բայց փաստացի ոչինչ չի փոխվում, որովհետև ի վիճակի չենք դրանք կյանքի կոչելու։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am