Հայաստանի այսօրվա իշխանությունները այն իշխանությունները չեն, որոնք պետք է զբաղեցնեն այդ պաշտոնները. Հակոբ Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը

– Պարո՛ն Հակոբյան, Արցախի Հանրապետության խորհրդարանը կոչով դիմել է Հայաստանին, որպեսզի վերջինս դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Արցախում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու խնդրանքով։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք։

– Ակնկալիքներ՝ որպես այդպիսիք, գրեթե չունեմ, բայց Արցախի Հանրապետության գործադիր ու օրենսդիր մարմիններն ամեն հնարավորություն պետք է օգտագործեն, որպեսզի կարողանան այս իրավիճակից դուրս գալ, բայց, կրկնում եմ՝ որևէ ակնկալիք չունեմ։ 

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, մենք բազմիցս ենք հայտարարել, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ամենաառաջինը պետք է դատապարտեին հենց Հայաստանի իշխանությունների վարքագիծը, որը կարծես թե, ինչպես ցույց տվեց այսօրվա խորհրդարանի արտահերթ նստաշրջանը, որոշակի դրսևորում ստանում է։

– Երբ ասում եք՝ ակնկալիքներ չունեք, նկատի ունեք, որ Հայաստանը չի՞ դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։

– Երբ Հայաստանի իշխանությունները ճանաչում են Արցախն Ադրբեջանի մաս, դրանով իսկ իրենք իրենց դուրս են դնում այս գործընթացներից ու որքան էլ խոսեն Արցախում ապրող հայ բնակչության իրավունքներից ու դրա պաշտպանությունից, դա արդեն դառնում է երկրորդական, քանզի 30 տարի շարունակ արցախյան հակամարտության իմաստն այն է եղել, որ չի կարող Արցախում ապրող հայ բնակչության իրավունքները պաշտպանվել, եթե չլինի կարգավիճակ։ 

Այսինքն՝ մենք 30 տարի շարունակ խոսել ենք կարգավիճակի մասին, որից պետք է բխի անվտանգությունը, իսկ 2018-ից սկսած այս իշխանությունները փոխեցին ամենը, երբ խոսեցին անվտանգությունից ու իրավունքներից բխող կարգավիճակի մասին։ Այս ամենից պարզ է, որ Հայաստանի իշխանությունն այսօր չի կարող, ես կասեի՝ չի ուզում անել, որովհետև նրանք արդեն իրենց համար փակել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության էջը։

– Այդ դեպքում Հայաստանի իշխանություններին ուղերձով դիմելու, կոպիտ ասած՝ իմաստը ո՞րն է, երբ ասում եք, որ իրենք իրենց դուրս են դրել այս հարցից ու իրենց համար փակել արցախյան հակամարտության էջը, պարո՛ն Հակոբյան։

– Կարծում եմ, որ Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է շարունակեն դիմել բոլորին, անկախ նրանից՝ արձագանքո՞ւմ են, թե՞ չէ, անկախ նրանից, թե ի՞նչ վարքագիծ են որդեգրել։ Այո՛, նաև պետք է դիմել Հայաստանի իշխանություններին, որ ողջ հայ ժողովուրդը տեսնի Հայաստանի իշխանությունների անգործությունը, տկարությունը, ու դա բերի նրան, որ հայ ժողովուրդն ի վերջո հասկանա, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները այն իշխանությունները չեն, որոնք պետք է զբաղեցնեն այդ պաշտոնները, ու կարողանան Հայաստանում ձևավորել ազգային նպատակներին միտված վարքագիծ ունեցող իշխանություններ։

– Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն առաջարկում է առաջ շարժվել հետևյալ օրակարգով. «Ստեփանակերտ-Բաքու երկխոսությամբ ստեղծել փոխվստահության մթնոլորտ, դիմել ՄԱԿ-ին՝ Արցախում ապահովելու միջազգայնորեն երաշխավորված խաղաղապահ մանդատ, դիմել ՄԱԿ-ին՝ վերանայելու Ադրբեջանի անդամակցությունը այն տարածքով, որով ընդունվել է ՄԱԿ, դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդի հանգուցալուծելու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը»։ Նրա առաջարկն ինչպե՞ս եք գնահատում։

– Հայտարարության մանրամասներին տեղյակ չեմ, ու, կարծում եմ՝ Սամվել Բաբայանն ու «Միասնական հայրենիք» քաղաքական ուժն իրենք պետք է այդ մեկնաբանությունները տան։

– Բայց Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանն այս պայմաններում դուք ինչպե՞ս եք վերաբերվում։

– Մենք միշտ ասել ենք, որ բանակցությունները, երկխոսությունը քաղաքական հարթակում անհրաժեշտություն են, սակայն դրա ձևաչափն ու բովանդակությունը պետք է լինեն հստակ, դրանք պետք է տեղի ունենան այլ երկրների միջնորդությամբ, ու դա պետք է լինի Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման շուրջ, այսինքն՝ գնալ նստել Բաքվում և խոսել հումանիտար այս կամ այն հարցի շուրջ մեզ համար անընդունելի է։ 

– Եթե այս ուղերձի արձագանքները չլինեն այնպիսին, ինչպիսին ակնկալում է Արցախը, հետագա քայլեր՝ որպես այդպիսին կա՞ն, նույն Արայիկ Հարությունյանի ասած կտրուկ գործողությունների մասին տեղյա՞կ եք, որի մասին խոսում էր նա իր ուղերձում։

– Ցավոք սրտի, իշխանությունները չեն բացահայտում իրենց հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը։ Մեծ ցանկություն կա հուսալ ու հավատալ, որ այս իշխանությունն ունի հետագա գործողությունների ինչ-որ պլան, բայց դատելով նրանց գործողություններից ու վարքագծից, երբ Արցախի Հանրապետության նախագահը նստացույց է անում, կարծում եմ, որ սա անզորության ինչ-որ էլեմենտներ է պարունակում, որովհետև երկրի նախագահը ունի բավարար գործիքակազմ, որպեսզի կարողանա երկիրը և՛ արտաքին, և՛ ներքին որոշակի ուղիով տանել։ Եթե իշխանությունը չունի նման քայլերի հերթականություն, նրանց ոչինչ չի մնում, քան հրաժարական ներկայացնել ու երկրի ղեկավարումը հանձնել ավելի կարող ուժերի։

– Արցախում կա՞ն այդպիսի կարող ուժեր։

– Կարծում եմ, որ 120 հազար բնակչություն ունեցող Արցախում կգտնվեն կարող ուժեր, որոնք կկարողանան երկիրն այս վիճակից դուրս բերել։

– Իհարկե, գիտենք՝ ինչ ծանր վիճակ է Արցախում, բայց կխնդրեմ ևս մեկ անգամ ներկայացնեք, թե այս օրերին ի՞նչ է կատարվում Արցախի Հանրապետությունում, պարո՛ն Հակոբյան։

– Ծայրահեղ ծանր վիճակ է. Արցախում չի գործում հասարակական տրանսպորտը, խանութները դատարկ են, ամեն ինչի սուր պակաս է այսօր Արցախում, բայց դեռևս կարողանում ենք ինչ-որ ձևով շնչել: Հատկանշական է, որ ընդհանուր հանրության շրջանում չկան ո՛չ ընկճվածություն, ո՛չ էլ իր նպատակներից ու մտադրություններից հրաժարում, ամենակարևորը սա է։ 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հօգուտ Ադրբեջանի պատմաիրավական տեսանկյունից բացառվում է, Ադրբեջանն այդ խնդիրը չկարողացավ լուծել 30 տարվա ընթացքում, չկարողացավ լուծել նաև 2020 թվականի պատերազմի միջոցով: Այս խնդիրը կարող է հօգուտ Ադրբեջանի լուծվել միայն այն դեպքում, երբ արցախցին ինքը տա իր համաձայնությունը: Իսկ արցախցին, չնայած այսօրվա ծայրահեղ ծանր վիճակին, պատրաստ չէ ենթարկվելու Ադրբեջանի նկրտումներին ու հրաժարվել իր նպատակներից։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am