Կողմ-դեմ. Հայաստանում վաղաժամ մեկնարկել է նախընտրական գործընթա՞ցը

Թեև խորհրդարանական ընտրություններին դեռ ավելի քան մեկուկես տարի է մնացել, Հայաստանի քաղաքական և հասարակական ուժերը սկսել են խոսել ընտրությունների հավանական արդյունքներից` խոստումներ շռայլել և «բարեգործական» նախաձեռնություններով հանդես գալ:
«Այն, ինչ անում են քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, բնորոշ է ընտրական պրոցեսներին»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:
Ի հավաստումն արդեն իսկ վաղ սկսված նախընտրական գործընթացի` քաղաքական ուժերն սկսել են բարձրաձայնել առաջիկա ընտրություններում իրենց կուսակցությունների հնարավորությունների մասին:

Իշխանական կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Խաչիկ Հարությունյանը նոյեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «Օրինաց երկիրը», որը ներկայիս խորհրդարանում ութ մանդատ ունի, 2012-ի ընտրություններից հետո խորհրդարանում ծանրակշիռ տեղ է ունենալու:

«Մենք այդ ծանրակշիռ մասնակցությունն ապահովելու համար ունենք բավարար ռեսուրսներ, բավարար պոտենցիալ: «Օրինաց երկիր» կուսակցությունն ունի կուռ շարքեր, և շատերն են այսօր անդամակցում մեր կուսակցությանը»,- ասել է Խաչիկ Հարությունյանը:

Հայաստանի հաջորդ գումարման խորհրդարանում մեծամասնություն կազմելու մտադրության մասին է հայտարարել նաև իշխանական կոալիցիայի անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Հայաստանի խորհրդարանի 131 տեղերից 26-ը զբաղեցնող ԲՀԿ առաջնորդն ասել է, թե ԲՀԿ-ն ցանկանում է ունենալ 50+1 տոկոս:

Ծառուկյանի խոսքն արդեն վերահաստատել են նրա մամլո խոսնակն ու ԲՀԿ խմբակցության անդամ պատգամավորները:

«Մեր կուսակցությունը, այո, պայքարում է 50+1 տոկոսի համար»,- հայտարարել Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը:

Իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ վստահություն է հայտնել, թե առաջիկա ընտրությունների արդյունքում հենց ՀՀԿ-ն է մեծամասնություն կազմելու:

«Բարգավաճ Հայաստանն» էլ կարող է զգալի թվով ներկայանալ, իսկ ընդդիմությունը` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, տեղեր կունենա ԱԺ-ում, եթե լավ աշխատի»,- հայտարարել է Սահակյանը:

Նոյեմբերի 10-ին` կառավարության վերջին նիստից ընդամենը օրեր անց, վարչապետ Տիգրան Սարգսյանի` որոշ նախարարությունների աշխատանքի սուր քննադատությունից հետո, աշխատանքից ազատվել են առողջապահության փոխնախարարներ Թաթուլ Հակոբյանն ու Աբրահամ Մանուկյանը:

«Կոռուպցիան այդ ոլորտներում խորացել է»,- ասել է վարչապետը:

Տարիներ շարունակ մեզանում կոռուպցիայի դեմ ծավալվող «բուռն» պայքարում սակայն, այս տարի ևս, ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության զեկույցի, Հայաստանը կրկին փոփոխություն չի արձանագրել` մնալով այն երկրների շարքում, ուր կոռուպցիան լուրջ մարտահրավեր է:

Սակայն ենթադրվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կրկին առանցքային դերակատարում կունենա` ընտրողների ձայները շահելու համար:

Փորձագետները պնդում են, որ հենց այս համատեքստում պետք է դիտարկել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի «կտրուկ» քայլերը և կոռուպցիայի դեմ սկսած պայքարը:

Ապագա խորհրդարանում ուժերի դասավորությունը, չնայած վաղաժամությանը, արդեն իսկ դարձել է ընտրական գործընթացներում մեծ ակտիվություն ցուցաբերող սոցիոլոգ, «Սոցիոմետր» կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանի քննարկման թեման: Ադիբեկյանը հայտարարել է, թե խորհրդարանում կհայտնվեն երեք իշխանական ուժեր` ՀՀԿ-ը, ԲՀԿ-ը, ՕԵԿ-ը և երեք ընդդիմադիր ուժեր` ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը:

Ահարոն Ադիբեկյանն ասել է, թե 5 տոկոսի շեմն անցնելու հնարավորություն ունի նաև Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ը, որը ներկայացված է եղել նախորդ գումարման խորհրդարանում:

Ահարոն Ադիբեկյանն ասել է նաև, թե չի հավատում, որ «Բարգավաճ Հայաստանը» կհավաքի 50 և ավելի տոկոս քվե:

Քաղաքական ուժերի գործողությունները, սակայն, միայն հայտարարություններով չեն սահմանափակվում: Եթե վերջին նախագահական ընտրություններից հետո հանրապետությունում զանգվածային ակցիաներ կազմակերպում էր միայն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, ապա վերջին շրջանում զանգվածային միջոցառումներ են անցկացնում նաև իշխանական կոալիցիայի ներկայիս և նախկին անդամ կուսակցությունները:

Վերջերս իշխող Հանրապետական կուսակցությունը Երևանի փողոցներում նշել է իր հիմնադրման 20-ամյակը` փոքրիկ հավաքներ կազմակերպելով, որոնց մասնակցել են բազմաթիվ ուսանողներ:

ՀՀԿ-ն նաև վերսկսել է մարզերում տարբեր սոցիալական ակցիաները անվճար բուժօգնության և նման միջոցառումների տեսքով:

ՀՀԿ-ի հետ գրեթե միաժամանակ Սպիտակ քաղաքում հավաք է անցկացրել ԲՀԿ-ն. հոկտեմբերի 31-ին ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանը հանդիպում էր կազմակերպել սպիտակցիների հետ, որին մասնակցել են նաև Ուկրաինայից Հայաստան ժամանած հյուրեր:

Զուգահեռաբար շարունակում է հանրահավաքներ և զանգվածային այլ ակցիաներ անցկացնել նաև ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը. նոյեմբերի 9-ին կայացել է ընդդիմադիր այդ քաղաքական ուժի պիկետը` նվիրված Երևանում կազմակերպված ԵՄ մարդու իրավունքների թեմայով ֆորումին, որի ժամանակ ընդդիմադիր չորս ակտիվիստներ ձերբակալվել են և ազատ են արձակվել ավելի քան ութ ժամ ոստիկանությունում պահվելուց հետո:

Հենց այս ամենն էլ փորձագետներին հիմք է տվել հայտարարելու, որ Հայաստանում արդեն ընտրական գործընթացներ են մեկնարկել:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը «Մեդիալաբին» ասում է, որ նախընտրական պայքարն արդեն սկսված է: Նա նաև նշում է, որ երկու տարբեր և զուգահեռ գործընթացներ են տեղի ունենում:

«Մի կողմից` կառավարությունը վարչապետի խոսքով հայտարարում է հսկայական չափերի հասնող կոռուպցիայի մասին, ընդ որում, բոլոր այն պաշտոնյաները, ում նա մեղադրում է կոռուպցիայի մեջ, կոալիցիայի անդամ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են: Տպավորություն է, թե վարչապետն ասում է` սրանք են մեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, սրանց չընտրենք»,- ասում է տիկին Բախշյանը:

Մյուս կողմից` կոալիցիայի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք, ըստ Անահիտ Բախշյանի, «մետաստազի պես քայքայել են երկիրը` իրենց թալանով, հայտարարում են, թե ցանկանում են մեծամասնություն լինել»:

«Երբ այս ամենն ի մի ես բերում, պետք է նշենք, որ այդ քաղաքական ուժերը սերտաճել են կոռուպցիայի հետ: Ուրեմն, նրանք պատրաստվում են կեղծել ընտրությունները լցոնումներով և այլ միջոցներով, որպեսզի վերարտադրվեն, քանի որ ժողովուրդն իր կամքով չի ընտրի նրանց»,- ասում է Անահիտ Բախշյանը:

Ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանի խոսքով, սակայն, նախընտրական ցանկացած քայլ նորմալ է, քանի որ ընդունված է համարել, որ ցանկացած երկրում ընտրությունների ավարտի հաջորդ օրվանից արդեն իսկ քաղաքական ուժերը սկսում են նախընտրական պայքարը` պատրաստվելով հաջորդ ընտրություններին:

«Ամբողջ խնդիրը այն է, սակայն, որ մեր քաղաքական ուժերն արդեն ընտրական պայքար են սկսել: Կարծում եմ, դա գալիս է նրանից, որ այդ կուսակցությունները մասնագիտորեն ճիշտ չեն կառուցում իրենց մարտավարությունը և նախընտրական պրոցեսները շփոթում են ընտրական պրոցեսների հետ»,- ասում է Արմեն Բադալյանը:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am