Արդյոք արաբական հուզումների ալիքը կհասնի՞ նաև Հայաստան. փորձագետները տարակարծիք են

Արաբական աշխարհում, մասնավորապես Թունիսում և Եգիպտոսում ծայր առած սոցիալական խռովությունները, որոնք մի դեպքում դարձել են Թունիսի նախագահի փախուստի, մյուս դեպքում` Եգիպտոսի կառավարության հրաժարականի պատճառ, լայն քննարկումների առարկա են դարձել նաև Հայաստանում:
Հայաստանցի փորձագետներն ու քաղաքական ուժերի ներկայացուցիչները ևս զուգահեռներ են անցկացնում արաբական աշխարհում սկսված սոցիալական խռովության ալիքի և ներհայաստանյան զարգացումների միջև այն համատեքստում, թե արդյոք այդ ալիքն ու փոփոխությունների հասնելու ոգևորությունը կարո՞ղ են հասնել նաև Հայաստան:
Երկուշաբթի` հունվարի 31-ին, հրավիրված ասուլիսում իշխող հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովն արդեն իսկ հայտարարել է, որ ինքը Հայաստանում նման բունտի հնարավորություն չի տեսնում, և որ եգիպտական զարգացումները չեն կարող նախադեպ լինել Հայաստանի համար:

«Հայաստանում կա դժգոհություն, բայց չկա նախապայման սոցիալական բունտի համար: Հայաստանի իշխանությունները վճռական են իրականացնել բարեփոխումներ հետճգնաժամային հետևանքների բարելավման համար: …Եթե որոշ մարդկանց անհրաժեշտ են ուժեղ ցնցումներ, մեզ անհրաժեշտ է ուժեղ Հայաստան»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ևս այն կարծիքին է, որ եգիպտական ալիքը չի կարող հասնել Հայաստան, սակայն նրա հիմնավորումները տարբերվում են հանրապետական պատգամավորի հիմնավորումներից. վերլուծաբանը նման իրադարձությունները բացատրում է ռեգիոնալ տրամաբանության համատեքստում:

Ըստ քաղաքագետի` եթե նման զարգացումներ լինեին Վրաստանում կամ Ուկրաինայում, ապա դրանց ազդեցությունը Հայաստանի վրա ավելի բարձր կլիներ, քան այն զարգացումները, որոնք կատարվում են արաբական աշխարհում: Մինչդեռ, ըստ Բոզոյանի, ըմբոստությունը Հայաստանում սկսվեց «այն ժամանակ, երբ Վրաստանում Վարդերի հեղափոխությունն արդեն ճգնաժամ էր ապրում»:

«Ասել, թե արաբական աշխարհում սկսված այս պոցեսներն ուղղակի ազդեցություն կունենան մեր երկրի վրա, ես նման գնահատական չէի տա, թեև անուղղակի ազդեցություն միշտ էլ կարող է լինել»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետը:

Նրա կարծիքով` այն, ինչ կատարվում է Թունիսում, Եգիպտոսում, օբյեկտիվ պրոցեսներ են, քանի որ արաբական աշխարհի իշխող վարչակարգերն արդեն 20-30 տարի է` ինչ շարունակվում են, և «այդ ռեժիմներն այնքան են փտել, որ մի փոքր կայծն առաջ է բերել նման զարգացումներ»:

Քաղաքագետը նաև չի բացառում, որ այդ ալիքը կշարունակվի արաբական այլ երկրներում ևս` Սիրիայում, Հորդանանում, Սուդանում:

Մինչդեռ սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը վստահ է, որ արաբական երկրներում կատարվող ներքաղաքական իրադարձությունները սպառնում են նաև Հայաստանին:

Հունվարի 31-ին հրավիրված ասուլիսի ժամանակ սոցիոլոգը հայտարարել է, թե 21-րդ դարում շատ կլինեն այնպիսի դեպքեր, երբ որոշ երկրներ չեն կարողանա ճիշտ քաղաքականություն վարել և կլուծարվեն մեծ տերությունների կողմից, ինչպես լինում է փոքր և մեծ բանկերի պարագայում:

Սոցիոլոգը նշել է, որ այդ միտումը սպառնում է նաև Հայաստանին, քանի որ հայաստանյան կառավարման միտումները բացասական են:

«Մենք ամեն օր պետք է մոմ վառենք, որ Հայաստանը հանկարծ չգնա ինքնալուծարման ճանապարհով»,- ասել է Պողոսյանը:

Ընդդիմադիր ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, սակայն, «Մեդիալաբին» ասում է, որ արաբական զարգացումները չեն կարող ոգևորության պատճառ դառնալ հայաստանյան ընդդիմության համար:

Կարապետյանն ասում է, որ, ըստ էության, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները տեղի են ունեցել շուրջ 20 տարի առաջ: Եվ այսօր, ըստ նրա, ընդդիմությունը փորձում է նորից ներդնել ժողովրդավարությունը Հայաստանում:

«Կոնգրեսն անում է հնարավորինս, որպեսզի մոտեցնի արմատական փոփոխությունները, որպեսզի Հայաստանում զարգացումը նորմալ, բնականոն հուն դնի: Եվ դա անում է ոչ թե աշխարհի այս կամ այն անկյունում տեղի ունեցող զարգացումներից ոգևորված, այլ իր հույսը դնում է սեփական ժողովրդի գիտակցականության և ուժի վրա»,- ասում է Վլադիմիր Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը նորից հայտարարել է հանրահավաքների շարք սկսելու մասին, որոնցից առաջինը պետք է տեղի ունենա փետրվարի 18-ին Ազատության հրապարակում:

Երևանի քաղաքապետարանը, սակայն, արդեն իսկ հանրահավաքներին «ընդառաջ» հայտարարել է, որ փետրվարի 15-ից մինչև մարտի 10-ը «սպորտային և մշակութային միջոցառումներ է անցկացնելու Ազատության հրապարակում»:

Ու թեև Կոնգրեսը փետրվարի 18-ի իրազեկման մեջ որպես հանրահավաք անցկացնելու վայր էր նշել Ազատության հրապարակը, այս պահին դեռ հայտնի չէ` արդյոք ընդդիմությունն այդ օրը կմտնի՞ Ազատության հրապարակ, թե՞ ոչ:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am