Այսօրվա հիմնը խեղճ ու կրակ, իսկապես թշվառ երկրի հիմն է, միշտ կողմ եմ եղել Արամ Խաչատրյանի հիմնին, բառերը փոխելով, անշուշտ. Արքեպիսկոպոս 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը

– Սրբազա՛ն, խորհրդարանի նախագահը կարծում է, որ Հայաստանի օրհներգը և զինանշանը պետք է փոխվեն, որովհետև «այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան»։ Մեր օրհներգը կապ չունի՞ մեր պետության հետ։

– Ձեզ պետք է հիասթափեցնեմ, սա միակ հարցն է, որ համաձայն եմ իրենց հետ։

– Դո՞ւք էլ եք կարծում, որ օրհներգն օտարածին է։

– Այո՛, ես դա ասել եմ 1991 թվականից, այն ժամանակ, բայց մեր սիրելի Լորիս Ճգնավորյանը, սիմֆոնիկի գլուխ կանգնելով, պրոպագանդեց այդ հիմնը՝ իբրև ավանդական, Առաջին հանրապետության հիմն, ու այդպես մտցվեց ու մնաց։ Օրհներգը և՛ երաժշտական, և՛ բառային առումով տկար, թույլ է։  Իրապես, երևի միակ հարցն է հարյուրավոր հարցերի մեջ, որ կարող եմ իրենց հետ համակարծիք լինել։ Օրինակ՝ Արամ Խաչատրյանի Սովետական Հայաստանի հիմնը տասնապատիկ հզոր ու տասնապատիկ գեղեցիկ, արժեքավոր ստեղծագործություն է։ Մենք այդ հիմնով ենք մեծացել, ու դրա հետ համեմատած՝ այսօրվա հիմնը խեղճ ու կրակ, իսկապես թշվառ երկրի հիմն է։

– Այդ խեղճ ու կրակությո՞ւնն է, որ համարում եք ոչ համարժեք օրհներգը, սրբազա՛ն։

– Այո՛, և բառամթերքը՝ «թշվառ, անտեր»-ը փոխել են «ազատ, անկախ»-ով, որ ընդհանրապես չի համընկնում, երաժշտությունը խեղճ ու կրակ, այո՛, իտալական ծագման, այնպես որ։ 

– Գործող իշխանությունը այս թեման օրակարգ բերեց նաև 2019-ին…

– Սա երեսուն տարի առաջ էլ է եղել, 1991-92 թվականներին սա լուրջ թեմա է եղել, բայց, ի վերջո, դարձյալ ասում եմ, Ճգնավորյանի թեթև ձեռքով, որ սկսեց ամեն օր պրոպագանդել այդ հիմնը, ի վերջո, սա մնաց։ 

– Իսկ կկարողանա՞նք ոչ թշվառ հիմն ստեղծել։

– Որպեսզի աջ ու ձախ չգնանք, ես միշտ կողմ եմ եղել Արամ Խաչատրյանի հիմնին, բառերը փոխելով, անշուշտ, այնտեղ «Սովետական ազատ աշխարհ Հայաստան» էր, հիմա «սովետական»-ը չկա, դրա փոխարեն մեկ ուրիշ բառ պետք է գտնեն, ինչ իմանամ, բայց ես միշտ այդ հիմնի կողմնակիցն եմ եղել և հպարտ եմ զգացել միշտ այդ Սովետական Հայաստանի տարիներին, ոչ թե որ Հայաստանը սովետական է, այլ որ այդ տարիներին Սովետական Հայաստանն ունեցել է այդպես հզոր հիմն։ Դա ինձ հոգեհարազատ է, ես այդ հիմնով եմ մեծացել ու այդ հիմնի հնչելու ժամանակ ինձ լավ եմ զգացել, այս հիմնի հնչելու ժամանակ երբեք ինձ լավ չեմ զգացել։

– Ալեն Սիմոնյանը կարծում է, որ զինանշանի փոփոխությունը ևս պետք է քննարկման հարց դառնա: «Առնվազն չի կարող Հայաստանը լինել ջրի տակ, ինչը պատիժ էր մարդկության համար, չի կարող առյուծը լինել ֆեյսբուքյան սմայլիկի նման, չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված»,- կարծում է Սիմոնյանը։ Այս փոփոխությա՞նն էլ եք կողմ։

– Դե, զինանշանը փոփոխված է, կա Կոջոյանի տարբերակ, կա Թամանյանի տարբերակ։ Ինքը իր հիմնական գծերի մեջ նույնն է՝ արծիվն ու առյուծը ներկա են, որոշ տեղեր բերանները բաց են, որոշ տեղ բերանները փակ են, սուրը շղթայված չէ, շղթան պոկած է։ Մանր-մունր սրբագրումներին ես դեմ չեմ, բայց ինքն ընդունելի է՝ իր վահանով, նախկին թագավորությունների զինանշաններով, այո՛, Նոյյան տապանով, այո՛, Արարատ լեռով, ինքը հիմնականում ընդունելի է։ Դիզայնի իմաստով, այո՛, կարելի է որոշ մանր սրբագրումներ կատարել, դարձնել ավելի ընկալունակ ու դիտողունակ։ 

– Սրբազա՛ն, այդ փոփոխությունները մեզ ի՞նչ կտան։

– Ոչինչ էլ չեն տա, եթե ներքուստ մեր մեջ փոփոխություն չլինի, ուղղակի պետք է մտածես, որ զինանշանը նաև դիմացինի համար պետք է լինի ընկալելի, ընդունելի, այն իմաստով, որ պետք է ամոթ չզգաս այդ զինանշանով ներկայանալիս կամ այդ օրհներգով ներկայանալով՝ հաչս օտարների։ Թե չէ դա ոչ թե քեզ ինչ-որ բան է տալու, հասակդ չի բարձրանալու, քաշդ չի ավելանալու, բայց պետք է օտարների մոտ քեզ լավ զգաս քո դրոշով, քո օրհներգով, զինանշանով, դրանք ավելի օտարների համար են, որպեսզի օտարները տեսնեն, հասկանան, երկնչեն, պատկառեն։

– Ստեղծված իրավիճակում որքանո՞վ է ճիշտ պահ ընտրված այս փոփոխություններն առաջարկելու համար։

– Պահը բնավ էլ հարմար չէ, նույնիսկ կարող եմ ասել, որ պահն էլ չէ, հիմա ավելի լուրջ հարցեր կան, քան դա։ Սա խոսում է իրենց օրակարգի մասին, որ իրենք փորձում են հանրությանը զբաղեցնել երկրորդական հարցերով, որպեսզի գլխավոր հարցերը կարողանան սուսուփուս լուծել։

– Գլխավոր հարցերը, որո՞նք են, Սրբազա՛ն։

– Արցախի վերջնական հանձնումն է, «անկլավների» հանձնումը կլինի վաղը մյուս օր, վաղը մյուս օրը տարածքային հավակնություններից հրաժարումը կլինի, խաղաղության պայմանագիրը կլինի, «Խաղաղության խաչմերուկը» կլինի։

– Իսկ Սահմանադրության փոփոխությանը համաձա՞յն եք։

– Ես Սահմանադրության փոփոխությանը կողմ եմ, բայց լրիվ հակառակ ուղղությամբ, որ պետք է ավելի ազգային իղձերն ու նպատակները ֆիքսող Սահմանադրություն լինի։ Այս ապազգային Սահմանադրությունից պետք է հրաժարվել, հիմա իրենք ասում են՝ Սահմանադրությունը փոփոխել, դարձնել ավելի ապազգային։ Ես էլ եմ փոփոխության կողմ, բայց ոչ թե իրենց ճանապարհով, այլ լրիվ հակառակ։

– Ինչո՞ւ եք գործող Սահմանադրությունը ապազգային համարում։

– Որոշ իմաստով, անշուշտ, ապազգային է, որովհետև Հայաստանի ապագայի տեսլականը չի արտահայտում, երկրորդ՝ ես սուբյեկտիվ մոտեցում ունեմ, Հայ Եկեղեցին որքան էլ որ ֆիքսված է Սահմանադրությամբ, բավարար չէ։ Ու այսօր այդ Սահմանադրության թերությունների պատճառով է նաև, որ այսօրվա իշխանություններն ուզում են մեզ դիտել իբրև սովորական կրոնական կազմակերպություն, որը պարզապես ավելի շատ հետևորդներ ունի, քան մյուսները։ 

– Այսինքն՝ ուզում եք, որ նոր Սահմանադրությամբ Եկեղեցու դերն ըստ արժանվույն գնահատվի ու ֆիքսվի՞, Սրբազա՛ն։

– Այո՛, դա պետք է ֆիքսվի՝ իբրև ազգային ու պետական եկեղեցի։ 

Քրիստինե Աղաբեկյան 

MediaLab.am