Որտե՞ղ է ավելի լավ. նախկին դատապարտյալները անլուծելի դժվարությունների են բախվում ազատության մեջ

Որտե՞ղ է ավելի լավ. նախկին դատապարտյալները անլուծելի դժվարությունների են բախվում ազատության մեջ
Որտե՞ղ է ավելի լավ. նախկին դատապարտյալները անլուծելի դժվարությունների են բախվում ազատության մեջ

Կառավարությունն ու փորձագետներն անհանգստանում են մայիսին ԱԺ հայտարարած համաներմամբ ազատ արձակված ավելի քան 400 դատապարտյալների ճակատագրով ու նրանց առջև ծառացող խնդիրներով:
Ոչ պետական, ոչ հասարակական տիրույթում նախկին դատապարտյալների խնդիրները չեն ուսումնասիրվում, ու դրանց որևէ լուծում չի տրվում: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը դատապարտյալների ազատ արձակումից հետո ծագող խնդիրների վերաբերյալ ևս վիճակագրություն չի վարում:

Նախարարությունից «Մեդիալաբին» տեղեկացրել են, որ Հայաստանում նախկին դատապարտյալների խնդիրների լուծման ծրագիր չկա: Հարցն անտեսված է նաև հասարակական սեկտորում:

Մինչդեռ խնդիրը լուրջ է, և այդ մասին իր մտահոգություններն է հայտնել նաև արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հունիսի 7-ին «Սիվիլիթաս» հիմնադրամում կազմակերպված քննարկման ժամանակ: Նախարարի մեկնաբանությամբ` մի քանի տարի քրեակատարողական հիմնարկում անցկացրած անձը մի շարք խնդիրների է բախվում ազատության մեջ:

«Մենք այսօր նաև հանցագործ ենք արտադրում, նախարարը չպիտի նման խոսքեր ասի, բայց ես ձեզ վստահեցնում եմ` երեք-հինգ տարի ՔԿՀ-ներում գտնվող անձը, որը չունի զբաղվածություն, չունի դրանից հետո հասարակությանն ինտեգրման համակարգեր, որպես կանոն` կորցրել է իր մասնագիտական ունակությունները, դուրս է գալիս, որոշակիորեն չասեմ` քայքայված, բայց խնդիրներ ընտանիքի հետ, հասարակությունը նրան չի ընդունում, որովհետև անձնագրի վրա գրված է, որ «նստած-հելած» է, աշխատանք չի գտնում»,- նշել է Թովմասյանը` ընդգծելով, որ դա իր համար ամենամեծ խնդիրն է:

ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ևս հաստատում է արդարադատության նախարարի մտահոգությունները. «Այդ ոլորտում կան խնդիրներ, որոնք համակարգային մոտեցում են պահանջում` արմատական և երկարաժամկետ մոտեցումներ»:

Իրավապաշտպանն ընդգծում է, որ Հայաստանում անհրաժեշտ է վիճակագրություն մշակել կրկնահանցագործությունների վերաբերյալ` դրանից բխող համապատասխան քաղաքականություն իրականացնելու համար: Նրա խոսքով` դատապարտյալները շատ լուրջ խնդիրների առաջ են կանգնում ազատ արձակվելուց հետո, քանի որ ազատազրկման ժամանակահատվածում կրթության և մասնագիտական զարգացումների հնարավորությունից զրկված են.

«ԽՍՀՄ տարիներին նրանց օգտագործում էին որպես էժան աշխատուժ, իսկ այսօր այդ հարցում ընդհանրապես որևէ համակարգային մոտեցում չկա: Այդ մարդկանց պետք է աջակցեն, որովհետև, ի վերջո, այդ հիմնարկները նաև ուղղիչ հիմնարկներ են, հետևաբար պետք է աջակցեն, որպեսզի այդ մարդիկ ուղղվեն, օգնեն որոշակի հմտություններ ձեռք բերեն»:

Դատապարտյալների` ազատազրկման վայրերում ունեցած խնդիրների լուծմամբ է զբաղվում 10 տարի առաջ կառավարության որոշմամբ ստեղծված «Դատապարտյալների հիմնադրամը»:

Հիմնադրամի տնօրեն, արդարադատության գեներալ Կառլեն Թորոսյանը «Մեդիալաբին» ասել է, որ իրենք զբաղվում են դատապարտյալների զբաղվածության հարցերով` դրանք լուծելով սոցիալական և մշակութային ծրագրերի շրջանակներում:

Գեներալի գնահատմամբ` «նստած-հելած» լինելու հանգամանքը չի խանգարում նախկին դատապարտյալներին աշխատանք գտնելու հարցում. «Չեմ կարծում, թե խանգարում է: Կարևորն այն է, թե ով է նրանց համար միջնորդում: Մենք հո ամեն մարդու համար չենք միջնորդում»:

Ըստ Թորոսյանի` դատապարտյալների աշխատանքի տեղավորման գործում կարևոր է նրանց մասնագիտությունը. «Եթե դատապարտյալները տիրապետում են արհեստների` ասենք` խոհարարություն, կոշկակարություն, կահույքագործություն, ապա նրանց ավելի հեշտ է աշխատանքի տեղավորել»:

Թորոսյանի տեղեկացմամբ` դատապարտյալներին խոհարարի կամ այլ արհեստների որակավորումներով ապահովելու համար հիմնադրամը պարբերաբար տարբեր դասընթացներ է անցկացնում ՔԿՀ-ներում` վերջում դատապարտյալներին հատուկ վկայականներ տրամադրելով. «Հունիսի 30-ին «Վանաձոր» ՔԿՀ-ում հանձնեցինք վկայականներ, մեկ ամիս առաջ նման դասընթացներ ենք կազմակերպել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, «Էրեբունի» ՔԿՀ-ում, սեպտեմբերից` «Աբովյան» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում»:

«Տանիք» իրավապաշտպան կազմակերպության փոխնախագահ Արմեն Խաչատրյանը «Մեդիալաբին» ասել է, որ ազատ արձակվելուց հետո դատապարտյալներն իրոք լուրջ հոգեբանական և սոցիալական խնդիրների են բախվում:

Ըստ Խաչատրյանի` նախևառաջ հենց հոգեբանական խնդիրների պատճառով են շատերը նորից վերադառնում հանցագործ աշխարհ.

«Դա հիմնականում աշխատանքի տեղավորման խնդիրն է, երբ անվստահություն կա նախկին դատապարտյալի նկատմամբ, ու նաև հասարակական վերաբերմունքը կա: Սովետական շրջանում առաջացավ քրեականների կամ գողականների նկատմամբ հասարակական վերաբերմունքը, որովհետև ցանկացած պարագայում, երբ մարդը լինում է ճաղերի հետևում, հետո դուրս է գալիս, այդ խարանը, որ ինքը քրեական աշխարհի ներկայացուցիչ է, շատ երկար մնում է մարդկանց մեջ»:

Իսկ վերականգնողական որևէ գործողության մասին պետության հայտարարությունները Խաչատրյանը սին է համարում:

«Չի արվել որևէ քայլ, որն իրականում կնպաստի վերականգնմանը կամ հասարակական կյանքին դատապարտյալների ներգրավվելուն` սկսած աշխատանքի իրավունքից, հանգստի, բուժման և այլ իրավունքներից: Այսինքն` այդ մարդկանց համար այդ իրավունքները, կարծես թե, մշտապես ոտնահարված են եղել: Միանշանակ նաև դա է ստիպում, որ շատ մարդիկ կրկնահանցագործ դառնան»:

Պետական մոտեցման վառ օրինակ է Զբաղվածության պետական գործակալությունը, որի աշխատակիցներն անգամ տեղեկություն չունեն` արդյոք գործակալությունը նախկին դատապարտյալների աշխատանքի տեղավորման հարցերով զբաղվո՞ւմ է, թե՞ ոչ: Նրանց միակ պատասխանը` «ամենայն հավանականությամբ նման ծրագիր չունենք»-ն էր:

Արդարադատության նախարարության տվյալներով` Հայաստանում գործում են 12 քրեակատարողական հիմնարկներ, որտեղ իրենց պատիժն են կրում 3479 դատապարտյալներ:

Նախկին դատապարտյալ Գարեգին Սերոբյանը (անուն-ազգանունը փոփոխված են) «Մեդիալաբին» պատմեց, որ բանտում անգամ կարճ ժամանակ անցկացրած մարդկանց համար առաջին խնդիրը ադապտացվելն է.

«Որովհետև ընդեղ համակերպվում ես էդ համակարգին` էդ գողական համակարգին, իսկ դրանից հետո դժվար ա լինում վերադառնալ սովորական, քաղաքացիական կյանք: Դուրս գալուց հետո կալանավորին թվում ա, թե ինքը ոչ լիարժեք մարդ ա: Էդ կարծիքը ձևավորում ա հասարակությունը, որովհետև վերապահումներով ա մոտենում նախկին կալանավորներին»:

«Ամեն դեպքում ինչ աստիճանի հանցագործություն էլ որ կատարած լինեմ, մենք` կալանավորներս, դրա պատիժը կրել ենք, ու պատիժը կրելուց հետո պետք ա բոլորը համարեն, որ նախկին կալանավորը պետության ու հասարակության առաջ էլ պարտք չունի»,- ասում է Սերոբյանը:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am