ԶԼՄ-ների մեծ մասն անկախ է իշխանությունից, բայց կախված է այն քաղաքական ուժից, որը հովանավորում է այդ լրատվամիջոցին. Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է, և այս համատեքստում կխնդրեմ ձեր գնահատականը: Ազա՞տ է հայաստանյան մամուլը։ «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կառույցի զեկույցի համաձայն՝ մամուլի ազատության ցուցանիշով աշխարհի 180 պետությունների շարքում Հայաստանը 43-րդ հորիզոնականում է։

– Այդ ազատությունը տարբեր մակարդակներ ունի, ու այդ մակարդակը գնահատելիս պետք է հաշվի առնել, թե ինչն է դրական, ինչը բացասական եղել վերջին ժամանակահատվածում։ «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կառույցի զեկույցում առաջընթաց է արձանագրված, ու Հայաստանը 49-րդ տեղից տեղափոխվել է 43-րդ տեղը, այս պարագայում նախևառաջ պետք է հարց տանք ինքներս մեզ՝ ի՞նչն է բարելավվել։ 

Ես կնշեի երեք գործոն, որը կարող է դրական ընկալվել միջազգային փորձագետների կողմից։ Առաջինը, չնայած սա այս օրերին կարող է զավեշտալի հնչել, որովհետև մենք նկատում ենք լրագրողների նկատմամբ բռնության դեպքեր, այդուհանդերձ, եթե մենք նայենք, օրինակ՝ մեր կազմակերպության առաջին եռամսյակային զեկույցը, ֆիզիկական բռնությունները զրո են: Նույնը կարելի է ասել անցած տարվա առաջին, երկրորդ եռամսյակների մասին, ու, ընդհանուր առմամբ, իհարկե, լրագրողների նկատմամբ բռնությունները նկատելիորեն պակասել են։ 

Երկրորդը՝ որպես դրական փաստ կարելի է արձանագրել այն, որ անցած տարվա ընթացքում ու դրանից առաջ լրագրողական կազմակերպություններին, իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին հաջողվեց հասնել նրան, որ իշխանությունները հրաժարվեն իրենց այն գաղափարից, որ ծանր վիրավորանքն անհրաժեշտ է քրեականացնել: 

Հիշում ենք, որ այդպիսի օրենք ընդունվեց, որ ծանր վիրավորանքը, մասնավորապես, հայհոյախոսությունը քաղաքացիական պատասխանատվության ոլորտից տեղափոխեցին քրեական պատասխանատվության ոլորտ, բայց այդ օրենքն աշխատեց ընդամենը մեկ տարի ու նոր Քրեական օրենսգրքում այդ օրենքը բացառվեց, դա լրագրողական հանրության ակտիվ քննադատության ու հիմնավորումների արդյունք էր։ 

Բացի այդ՝ հետ կանչվեց «Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրենքը, որը մենք գնահատում էինք որպես հետընթաց գործող՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համեմատ: Այսպես կարելի է մի քանի օրինակներ բերել, ու, կարծում եմ, որ միջազգային փորձագետների աչքից չի վրիպել այդ հանգամանքը, որ լրագրողական հանրությունը կարողանում է ներազդել իշխանությունների վրա, որպեսզի հետադիմական օրենսդրական նախաձեռնությունները կանխվեն։ 

Երրորդ դրական գործընթացն այն էր, որ իշխանությունները տասը լրագրողական կազմակերպությունների հետ համատեղ ձեռնամուխ եղան օրենսդրական փոփոխությունների ու համատեղ աշխատելով մշակեցին «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որի նպատակը որակյալ լրագրության խրախուսումն է՝ ինքնակարգավորման համակարգի միջոցով, որը գործելու է լրագրողական էթիկայի նորմերի հիման վրա: 

Սա բավական հետաքրքիր օրենսդրական փոփոխություն է, և սրա արժանիքներից մեկն այն է, որ այդ օրենքի նախագիծն ամբողջությամբ մշակվել է իշխանության ու լրագրողական կազմակերպությունների համագործակցությամբ և ոչ թե նախորդ փորձի հիման վրա, երբ, կարծես թե, իշխանությունները պարտադրում էին այդ փոփոխությունները։ 

Երևի թե սրանք են այդ դրական միտումները, որ մեզ թույլ են տալիս բարելավել մեր դիրքերը միջազգային վարկանիշում, բայց դրա հետ մեկտեղ, մենք շատ մեծ անելիքներ ունենք, ու նույն «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում մատնանշված են այն լուրջ խնդիրները, որոնց մենք բախվում ենք, ու որոնք, ի դեպ, նկարագրված են մեր՝ «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի զեկույցներում։ 

Ամենալուրջ խնդիրը մեզանում ԶԼՄ-ների բևեռացված լինելն է, լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը բաժանված է ըստ քաղաքական ճամբարների ու սպասարկում է այդ ճամբարների շահերն ավելի, քան հանրային շահը։ Սա, իհարկե, շատ լուրջ խնդիր է, որը չի հաջողվում հաղթահարել, ու հաղթահարմանն ուղղված շոշափելի քայլեր առայժմ չեն նկատվում։ 

Հաջորդ կարևոր խնդիրն այն է, որ մենք չենք հասել նրան, որ լրագրողների իրավունքների խախտումներն անհետևանք ու անպատիժ չմնան, դրանք, որպես կանոն, անպատիժ են մնում ու ծնում նմանատիպ այլ իրավախախտումներ։ Ցավոք, մեզանում առհասարակ լրագրողական աշխատանքն արժեզրկված է, ու շատ հաճախ լրագրողները ենթարկվում են անվայելուչ վերաբերմունքի, անարգանքի, սպառնալիքների, հայհոյախոսության։ 

Մի խոսքով՝ բավականին շատ են խնդիրները, որոնց ամփոփումից հետո հասկանում ենք, որ, այո՛, Հայաստանում գոյություն ունի խոսքի ազատություն, այո՛, մեր լրատվամիջոցները շատ բազմազան են, բայց դրա հետ մեկտեղ լրատվամիջոցների քաղաքականացվածությունն ազդում է նրանց անկախության վրա, որովհետև դա չի նշանակում միայն իշխանությունից անկախ լինել։ Այո՛, մեր լրատվամիջոցների մեծ մասն անկախ է իշխանությունից, բայց կախված է այն քաղաքական ուժից, որը հովանավորում է այդ լրատվամիջոցին, սա բավական լուրջ խնդիր է։ 

– Իսկ օրենսդրական կարգավորումներով հնարավո՞ր է այդ բևեռացվածությունը հաղթահարել։

– Միայն օրենսդրական կարգավորումներով հնարավոր չէ, իհարկե, կարգավորումը շատ կարևոր է, ու համապատասխան դաշտ պետք է ստեղծվի հավասարության, ազատ արտահայտման ու այլնի համար։ Շատ կարևոր է, որ իրենք՝ լրատվամիջոցները, պատրաստ լինեն հետևելու լրագրողական էթիկայի նորմերին, պատրաստ լինեն թափանցիկ աշխատելու, այսինքն՝ իրենց լսարանին ներկայացնել իրական սեփականատիրոջն ու ֆինանսավորողին, որպեսզի լսարանն իսկապես կարողանա վստահել իրենց, ու պրակտիկ գործունեությունում առաջին հերթին հաշվի առնվի հանրային շահը։ Ցավոք, այս ամենը մենք դեռ չենք նկատում, ու այդ ազատությանը հասնելու համար երկկողմանի գործընթաց պետք է գնա պետության ու ԶԼՄ-ների կողմից։ 

– Պարո՛ն Մելիքյան, զեկույցում նշված է, որ «Հայաստանում լրագրությունն անարգված մասնագիտություն է», որպեսզի լրագրությունն այդպիսին չհամարվի, միայն ոլորտի ներկայացուցիչների ջանքերը բավարար կլինե՞ն, թե՞ այլ գործոններ ևս անհրաժեշտ են դրա համար։

– Ես նախորդ պատասխանում հակիրճ անդրադարձա դրան, դա կախված է և՛ իշխանությունից, և՛ ընդդիմադիր ուժերից, և՛ հասարակությունից, և՛ հենց լրատվամիջոցներից։ Այդ ուղղությամբ բոլորը պետք է աշխատեն, քայլերն ուղղեն նրան, որ մի կողմից՝ համապատասխան դաշտ ստեղծվի ազատ գործելու համար, իսկ լրատվամիջոցները պետք է կատարեն իրենց պարտականությունները ոչ թե ինչ-որ մի անձի կամ կուսակցության շահերը սպասարկելու համար, այլ՝ հանրային շահը։ Դրա համար անհրաժեշտ է հետևել այն սկզբունքներին ու նորմերին, որոնք նախատեսում է լրագրողական էթիկան։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am