Baby boom. Լեռնային Ղարաբաղում ծնելիությունը շարունակում է աճել

Baby boom. Լեռնային Ղարաբաղում ծնելիությունը շարունակում է աճել

Ստեփանակերտում օրեցօր ավելացող ծնունդների թիվը իշխանություններին ստիպում է մտածել նոր ծննդատուն կառուցելու մասին: Հունիսի 24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքի ծննդատանը 14 երեխա էր ծնվել:
Ինչպես ԼՂՀ առողջապահության նախարար Սերգեյ Մովսիսյանը «Մեդիալաբին» ասաց, նման մեծաթիվ ծնունդներն իրենց համար սովորական են դարձել.

«Ստեփանակերտում հանրապետական նշանակության հիվանդանոց է կառուցվում, որը կլինի ոչ միայն ծննդատուն, այլ նաև մանկական վերականգնողական կենտրոն: Անհրաժեշտություն կա, որ առավել արդիական բուժտեխնիկայով հագեցած հիվանդանոց լինի, ուստի կառուցման աշխատանքները նախատեսվում են ավարտել առաջիկա երկու տարիներին»:

ԼՂՀ-ում ծնունդների աճին նպաստեց հատկապես 2008-ի հոկտեմբերին անցկացված Մեծ հարսանիքը, որի ընթացքում գրեթե 600 նոր ընտանիք կազմվեց ու միաժամանակ պսակադրվեց:

Այսօր արդեն Արցախում «քաղում» են զանգվածային այս հարսանիքի պտուղները. ԼՂՀ սոցապ նախարարության տվյալներով` 2011-ի հունիսին 3 տարի առաջ ամուսնացած զույգերից 565-ն ունեցել են 687 երեխա: Ստեփանակերտում, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շահումյանի շրջաններում անգամ երկվորյակներ են ծնվել:

Իսկ Ասկերանի շրջանից Արտակ և Անի Հակոբյան զույգը 3 տարում 4 երեխա է ունեցել: 21-ամյա մայրիկը մեկ տարի առաջ` 2010-ի հունիսի 15-ին, եռվորյակ աղջիկներ է ծննդաբերել` լրացնելով իրենց առաջնեկ աղջկա քույրերի պակասը:

Մեծ դուստրը` Լիլիթը, արդեն արտասանում է երեք քույրերի համար, երգում, որ քնեն, երբեմն էլ խանդում է, որ ծնողները չորս ձեռքով երեք քույրերին են ավելի շատ գրկում:

«Լիլիթը, Լիզան, Լինան և Լիան մեր սիրո ամենավառ ապացույցն են, մենք չէինք էլ սպասում, որ այդքան մեծ է մեր սերը, սակայն այսքանով դեռ երեխաներ ունենալու հարցը փակված չեմ համարում»,- ասում է չորս աղջիկների հայրը` ԼՂՀ պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող Արտակ Հակոբյանը:

Իսկ կինը` Անի Հակոբյանը, մի փոքր տրտնջում է, թե դժվար է չորս երեխա մեծացնելը, չորսն էլ միասին են հիվանդանում, սակայն նաև ուրախանում է, որ միասին էլ առողջանում ու մանկան ճիչով են լցնում տունը.

«Դե, որքան էլ բողոքեմ, դժվար լինի, բայց միևնույն է, հպարտ ենք, որ 2008-ին Մեծ հարսանիքով ամունացանք ու մեծ ընտանիք դարձանք երկու տարվա ընթացքում: Ամուսինս` որպես զինծառայող, միշտ ասում է` մի հատ էլ տղաների եռվորյակ պետք է ունենանք: Դե տեսնենք, ինչպես Աստված կամենա»:

Զույգն այժմ բնակվում է ԼՂՀ Այգեստան գյուղում: Նրանք սիրում են գյուղի կյանքն ու անգամ չեն շտապում տեղափոխվել այն բնակարանը, որն այս տարվա սեպտեմբերի 2-ին` ԼՂՀ անկախության հռչակման տարեդարձին, իրենց կնվիրաբերի մոսկվայաբնակ մի հայ բարերար:

«Դեռ չենք տեղափոխվի քաղաք, բնակարան է, թող մնա, երեխաներն ուսանող կդառնան, պետք կգա, թե չէ մեր գյուղն էլ ոնց որ քաղաք լինի, ժամը մեկ ավտոբուսներ են աշխատում»,- ասում է տիկին Հակոբյանը:

Արցախյան Մեծ հարսանիքից հետո ծնված երեխաների 50 տոկոսից ավելին` 348-ը տղաներ են:

ԼՂՀ սոցապ նախարարության տվյալներով` ամենամեծ թվով երեխաներ ծնվել են Մարտունիում` 124 երեխա, այնուհետ գալիս է Ասկերանը` 99 երեխա, Մարտակերտը` 80 երեխա, մյուս շրջաններում թիվը նվազում է, քանի որ այնտեղ ամուսնական զույգեր ավելի քիչ են եղել:

«Հաճելի է, որ նորածինների շրջանում գերակշռում են հայկական ծագումով անձնանունները: Կան հետաքրքիր անվանակոչումներ, այսպես, օրինակ` Արգիշտի, Մենուա, Թաթուլ, Արեգ, Նանե»,- ասում է նախարարության ժողովրդագրական քաղաքականության բաժնի պետ Զարուհի Նասիբյանը:

Անի Հակոբյանը` եռյակի հետՊաշտոնական տվյալներով` ԼՂՀ բնակչությունը հետպատերազմյան տարիներից ի վեր աճում է, անցյալ տարվա հունվարի համեմատությամբ` այս տարի բնակչության թիվն աճել է 1,5 տոկոսով` հասնելով ավելի քան 143.000 մարդու:

«2010 թվականին 1000 բնակչի հաշվով գրանցվել է 18,8 ծնունդ, 2010 թվականին ծնվածների թիվը կրկնակի գերազանցել է մահացության դեպքերը: Ընդհանրապես վիճակագրությունը ցույց է տալիս, որ նորածինների թվաքանակը մեծ թափով է ավելանում, և դա խիստ դրական է մեր հանրապետության համար»,- տեղեկացնում է Նասիբյանը:

Մանկաբույժ Վարդգես Օսիպովի մեկնաբանությամբ` ծնունդների թվաքանակի ավելացմանը նպաստում են պետության կողմից իրականացվող ծրագրերը. «Եվ բնական է, որ նման պայմաններում նոր ծննդատուն էլ կկառուցենք, մի քանի տարի անց էլ կմտածենք հաջորդ ծննդատան վայրն ընտրելու մասին»:

ԼՂՀ-ում նորաստեղծ ընտանիքների թվի աճը խրախուսելու համար գործում են մի շարք ծրագրեր. նորաստեղծ ընտանիքներին տրամադրվում է ամուսնության միանվագ նպաստ` 300.000 դրամի չափով, ծնված յուրաքանչյուր երեխայի համար տրամադրվում է միանվագ նպաստ` առաջին երեխայի համար` 100.000 դրամ, երկրորդ երեխայի համար` 200.000, երրորդ երեխայի համար` 500.000 դրամ, չորրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար` 700.000 դրամ:

Բացի այդ, երրորդ երեխայի անունով բացվում է ավանդ 500.000 դրամի չափով, չորրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի անունով` 700.000 դրամի չափով, որոնք երեխան ինքը կարող է տնօրինել չափահաս դառնալուց հետո:

Աշխատող կանանց մինչև երեխայի երկու տարեկան լրանալը տրամադրվում է երեխայի խնամքի նպաստ` ամսական 15.000 դրամի չափով, չաշխատող կանանց տրամադրվում է հղիության նպաստ 149.500 դրամի չափով:

Չորս անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների յուրաքանչյուր երեխային տրամադրվում է պետական նպաստ 7800 դրամ, հինգ երեխաների դեպքում` 9000 դրամ, վեց և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին հատկացվում է բնակելի տուն:

Հակոբյանների նորաստեղծ, բայց բազմանդամ ընտանիքում, սակայն, համոզված են, որ եթե անգամ չլինեին նման ծրագրեր, հատկապես գյուղաբնակ երիտասարդները ոչ պակաս, քան չորս երեխա կունենան:

«Դա պատվի հարց է: Ով հանկարծ երկու երեխա է ունենում, և մի քանի տարի շարունակ երրորդը չի ծնվում, գյուղերում այդ ընտանիքին թարս աչքով են նայում, «զարգացած քաղաքացի» պիտակը կպցնում և ստիպում գոնե երրորդ երեխային էլ ունենալ»,- ասում է բազմանդամ ընտանիքի հայրը:

Փառանձեմ Հովհաննիսյան

Լուսանկարները` Անաստասիա Թեյլոր-Լինդի

© Medialab.am